images/news/1433140732nvention.jpg images/news/1433140732nvention.jpg
Բաժինը՝ Ի՞նչ է ասում օրենքը

ՄԱԿ-ի Երեխաների Իրավունքների Մասին Կոնվենցիա (Հոդված 36-54)


 

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա 

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ* 

(20 նոյեմբերի 1989 թ.)

Հ ո դ վ ա ծ  36 

Մասնակից պետությունները երեխային պաշտպանում են նրա բարեկեցությանը որևէ տեսանկյունից վնասող շահագործման բոլոր այլ ձևերից:

 

Հ ո դ վ ա ծ  37 

Մասնակից պետություններն ապահովում են, որ.

(ա) ոչ մի երեխա չենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ոչ մահապատիժ, ոչ ցմահ բանտարկություն, որն ազատման հնարավորություն չի նախատեսում, չի սահմանվում տասնութ տարին չլրացած անձանց կողմից կատարված հանցագործությունների համար,

(բ) ոչ մի երեխա չզրկվի ազատությունից անօրինական կամ կամայական կերպով: Երեխայի ձերբակալությունը, կալանքը կամ ազատազրկումն իրականացվում են համաձայն օրենքի և գործադրվում են միայն որպես ծայրահեղ միջոց և որքան հնարավոր է՝ կարճ ժամանակամիջոցով,

(գ) ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա օգտվի մարդասիրական վերաբերմունքից և մարդկային անօտարելի արժանապատվության նկատմամբ հարգանքից՝ հաշվի առնելով նրա տարիքի անձանց պահանջմունքները: Մասնավորապես, ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա պետք է առանձնացվի մեծահասակներից, եթե միայն չի համարվում, որ երեխայի լավագույն շահերից ելնելով, հարկավոր չէ այդ անել և պետք է իրավունք ունենա կապ պահպանել իր ընտանիքի հետ՝ նամակագրության և տեսակցությունների միջոցով, բացառությամբ հատուկ հանգամանքների,

(դ) ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա պետք է իրավունք ունենա անհապաղ օգտվելու համապատասխան իրավական և այլ օգնությունից, ինչպես նաև դատարանի կամ այլ իրավասու, անկախ և անկողմնակալ մարմնի առաջ վիճարկելու իրեն ազատությունից զրկելու օրինականությունը և անհապաղ որոշում ակնկալելու նման ցանկացած գործողության կապակցությամբ: 

Հ ո դ վ ա ծ  38 

1. Մասնակից պետությունները պարտավորվում են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, որոնք կիրառվում են զինված ընդհարումների դեպքում և առնչվում են երեխաներին, և ապահովել դրանց նկատմամբ հարգանքը:

2. Մասնակից պետությունները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու, որպեսզի տասնհինգ տարին չլրացած անձինք ուղղակի մասնակցություն չունենան մարտական գործողություններին:

3. Մասնակից պետությունները ձեռնպահ են մնում տասնհինգ տարին չլրացած ցանկացած անձի՝ իրենց զինված ուժերում ծառայության զորակոչելուց: Տասնհինգ տարին լրացած, բայց դեռ տասնութ տարին չլրացած անձանց թվից զորակոչելիս՝ մասնակից պետությունները ձգտում են նախապատվություն տալ ավելի բարձր տարիք ունեցողներին:

4. Զինված ընդհարումների ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության առթիվ միջազգային մարդասիրական իրավունքով, իրենց ստանձնած պարտավորությունների համաձայն, մասնակից պետությունները պարտավորվում են ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ զինված ընդհարումից տուժող երեխաների պաշտպանությունն ու խնամքն ապահովելու նպատակով: 

Հ ո դ վ ա ծ  39 

Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ նպաստելու համար դաժան վերաբերմունքի, շահագործման կամ չարաշահման ցանկացած ձևի, խոշտանգումների կամ ցանկացած այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, զինված ընդհարումների զոհ դարձած երեխայի ֆիզիկական կամ հոգեբանական վերականգնմանը և սոցիալական վերաինտեգրացմանը: Նման վերականգնումը և վերաինտեգրացումն իրականացվում են երեխայի առողջությունը, ինքնահարգանքը և արժանապատվությունն ապահովող պայմաններում: 

Հ ո դ վ ա ծ  40 

1. Մասնակից պետությունները ճանաչում են մեղադրվող կամ քրեական օրենսդրությունը խախտած համարվող յուրաքանչյուր երեխայի իրավունքը՝ արժանանալու այնպիսի վերաբերմունքի, որը նպաստում է նրա արժանապատվության և նշանակալիության զգացումի զարգացմանը, երեխայի մեջ ամրապնդում է հարգանքը մարդու իրավունքների և ուրիշների հիմնարար ազատությունների նկատմամբ, և որի դեպքում հաշվի է առնվում երեխայի տարիքը և հասարակության մեջ նրա վերաինտեգրացման և հետագա դրական դեր խաղալուն նպաստելու ցանկալիությունը:

2. Այդ նպատակով և ուշադրության առնելով համապատասխան միջազգային փաստաթղթերի դրույթները՝ մասնակից պետությունները, մասնավորապես, ապահովում են, որ.

(ա) ոչ մի երեխա չմեղադրվի կամ չճանաչվի որպես քրեական օրենսդրությունը խախտող այն գործողությունների կամ անգործության պատճառով, որոնք դրանք կատարելու պահին արգելված չեն եղել ներպետական կամ միջազգային իրավունքով,

(բ) մեղադրվող կամ քրեական օրենսդրությունը խախտած համարվող յուրաքանչյուր երեխա ունենա առնվազն հետևյալ երաշխիքները.

(i) համարվի անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել համաձայն օրենքի,

(ii) անհապաղ և անմիջականորեն կամ, անհրաժեշտության դեպքում, ծնողների կամ օրինական խնամակալների միջոցով տեղեկացվի իր դեմ ներկայացված մեղադրանքների մասին և ստանա իրավաբանական կամ այլ համապատասխան օգնություն՝ իր պաշտպանությունը նախապատրաստելիս և իրականացնելիս,

(iii) իր գործի կապակցությամբ որոշում կայացվի իրավասու, անկախ և անկողմնակալ մարմնի կամ դատարանի կողմից արդար քննության ընթացքում օրենքի համաձայն փաստաբանի կամ համապատասխան այլ անձի և, եթե դա չի հակասում երեխայի լավագույն շահերին, մասնավորապես, հաշվի առնելով նրա տարիքը կամ վիճակը, ծնողների կամ օրինական խնամակալների ներկայությամբ,

(iv) չհարկադրվի վկայություն տալու կամ մեղքը խոստովանելու, ինքնուրույն կամ այլ անձանց օգնությամբ հարցաքննելու մեղադրող կողմի վկաներին և հավասարության պայմաններում ապահովելու պաշտպանության կողմի վկաների մասնակցությունը և նրանց հարցաքննումը,

(v) քրեական օրենսդրությունը խախտած համարվելու դեպքում հնարավորություն ունենա այդ որոշման և դրա արդյունքում կիրառված ցանկացած միջոցի վերանայման՝ վերադաս իրավասու, անկախ և անկողմնակալ մարմնի կամ դատարանի կողմից՝ օրենքի համաձայն,

(vi) ստանալու թարգմանչի անվճար օգնություն, եթե երեխան չի հասկանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով,

(vii) լիովին հարգվի նրա անձնական կյանքի անձեռնմխելիությունը քննության բոլոր փուլերում:

3. Մասնակից պետությունները ձգտում են նպաստել մեղադրվող կամ քրեական օրենսդրությունը խախտած համարվող երեխաների նկատմամբ հատկապես կիրառելի օրենքների, ընթացակարգերի, մարմինների և հաստատությունների ստեղծմանը, մասնավորապես.

(ա) այն նվազագույն տարիքի սահմանմանը, որից ցածր երեխաները համարվում են անընդունակ խախտելու քրեական օրենսդրությունը,

(բ) անհրաժեշտության և ցանկալիության դեպքում նման երեխաների նկատմամբ միջոցներ ձեռնարկել՝ առանց դատաքննության դիմելու, մարդու իրավունքների լիակատար պաշտպանության և իրավական երաշխիքների պահպանման պայմանով:

4. Անհրաժեշտ է այնպիսի բազմազան միջոցառումների առկայությունը, ինչպիսիք են խնամքի, խնամակալության և հսկողության մասին հրամանները, խորհրդատվական ծառայությունները, փորձաշրջանի նշանակումը, դաստիարակությունը, կրթական և մասնագիտական պատրաստության ծրագրերը և առանձին հաստատություններում խնամքի այլընտրանքային այլ ձևեր, որոնք ապահովում են երեխայի նկատմամբ նրա բարեկեցությանը, ինչպես նաև դրությանն ու հանցագործության բնույթին համապատասխանող վերաբերմունք: 

Հ ո դ վ ա ծ  41 

Սույն Կոնվենցիայում ոչինչ չի կարող անդրադառնալ որևէ դրույթի վրա, որն առավել մեծ չափով է նպաստում երեխայի իրավունքների իրագործմանը և պարունակվում է.

ա) մասնակից պետության օրենքում, կամ

բ) տվյալ պետության համար գործող միջազգային իրավունքի այլ նորմերում: 

Մ ա ս  2 

Հ ո դ վ ա ծ  42 

Մասնակից պետությունները պարտավորվում են պատշաճ և գործուն միջոցների գործադրմամբ Կոնվենցիայի սկզբունքների և դրույթների մասին լայնորեն տեղեկացնել ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին: 

Հ ո դ վ ա ծ  43 

1. Սույն Կոնվենցիայով մասնակից պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման գործում ձեռք բերված առաջընթացն ուսումնասիրելու նպատակով հիմնվում է Երեխայի իրավունքների կոմիտե, որը կատարում է ստորև նախատեսվող գործառույթները:

2. Կոմիտեն բաղկացած է բարոյական բարձր հատկանիշներ ունեցող և սույն Կոնվենցիայի ընդգրկած բնագավառում ճանաչված տասը փորձագետներից: Կոմիտեի անդամներն ընտրվում են մասնակից պետությունների կողմից՝ իրենց քաղաքացիների թվից և հանդես են գալիս անձնապես, ընդ որում, հաշվի է առնվում արդարացի աշխարհագրական բաշխումը, ինչպես նաև հիմնական իրավական համակարգերի ներկայացուցչությունը:

3. Կոմիտեի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ մասնակից պետությունների առաջադրած թեկնածուների ցուցակից: Յուրաքանչյուր մասնակից պետություն իր քաղաքացիներից կարող է առաջադրել մեկ անձի:

4. Կոմիտեի կազմի առաջին ընտրություններն անց են կացվում ոչ ուշ, քան սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում, իսկ հետագայում՝ երկու տարին մեկ: Յուրաքանչյուր ընտրության օրվանից առնվազն չորս ամիս առաջ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը նամակով դիմում է մասնակից պետություններին՝ առաջարկելով երկու ամսվա ընթացքում ներկայացնել իրենց թեկնածուներին: Այնուհետև, Գլխավոր քարտուղարն այբբենական կարգով կազմում է նման ձևով առաջադրված անձանց ցուցակը՝ նշելով առաջադրող մասնակից պետությունները, և այդ ցուցակը ներկայացնում սույն Կոնվենցիայի մասնակից պետություններին:

5. Ընտրություններն անց են կացվում մասնակից պետությունների նիստերում, որոնք հրավիրում է Գլխավոր քարտուղարը՝ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում: Այդ նիստերում, որտեղ քվորում է կազմում մասնակից պետությունների երկու երրորդը, ընտրված են համարվում այն թեկնածուները, ովքեր ստացել են ամենաշատ ձայները և ներկա գտնված և քվեարկությանը մասնակցած պետությունների ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծամասնությունը:

6. Կոմիտեի անդամներն ընտրվում են չորս տարի ժամանակով: Իրենց թեկնածության կրկնակի առաջադրման դեպքում նրանք ունեն վերընտրվելու իրավունք: Առաջին ընտրությունների ժամանակ ընտրված հինգ անդամների լիազորությունների ժամկետը լրանում է երկամյա ժամանակահատվածի ավարտին. այդ հինգ անդամների անուններն առաջին ընտրություններից անմիջապես հետո վիճակահանությամբ որոշվում են նիստը նախագահողի կողմից:

7. Կոմիտեի որևէ անդամի մահվան կամ պաշտոնաթողության դեպքում, կամ եթե նա որևէ այլ պատճառով այլևս չի կարող կատարել Կոմիտեի անդամի պարտականությունները, Կոմիտեի անդամին առաջադրած մասնակից պետությունն իր քաղաքացիների թվից մնացած ժամանակի համար, Կոմիտեի հավանությամբ, նշանակում է այլ փորձագետ:

8. Կոմիտեն սահմանում է իր ընթացակարգի կանոնները:

9. Կոմիտեն ընտրում է իր պաշտոնատար անձանց երկու տարի ժամանակով:

10. Կոմիտեի նիստերը սովորաբար գումարվում են Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում կամ Կոմիտեի որոշած ցանկացած այլ հարմար վայրում: Կոմիտեի նիստերը սովորաբար գումարվում են ամեն տարի: Կոմիտեի նիստերի տևողությունը որոշվում և անհրաժեշտության դեպքում վերանայվում է սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների նիստում՝ Գլխավոր ասամբլեայի հաստատմամբ:

11. Սույն Կոնվենցիայի համաձայն իր գործառույթներն արդյունավետ կատարելու համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Կոմիտեին տրամադրում է անհրաժեշտ աշխատակազմ և նյութական միջոցներ:

12. Սույն Կոնվենցիայի համաձայն հիմնված Կոմիտեի անդամները Գլխավոր ասամբլեայի հաստատմամբ Միավորված ազգերի կազմակերպության միջոցներից ստանում են պարգևավճար՝ Գլխավոր ասամբլեայի սահմանած կարգով և պայմաններով: 

Հ ո դ վ ա ծ  44 

1. Մասնակից պետությունները պարտավորվում են Միավորված ազգերի կազմակերպության

Գլխավոր քարտուղարի միջոցով Կոմիտեին ներկայացնել զեկույցներ սույն Կոնվենցիայում ամրագրված իրավունքների կատարման ուղղությամբ իրենց ձեռնարկած միջոցառումների և այդ իրավունքների իրականացման գործում ձեռք բերած առաջընթացի մասին.

(ա) համապատասխան մասնակից պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում,

(բ) այնուհետև՝ յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

2. Սույն հոդվածի համաձայն ներկայացվող զեկույցներում նշվում են այն գործոններն ու դժվարությունները, եթե այդպիսիք կան, որոնք ազդում են սույն Կոնվենցիայով պարտավորությունների կատարման մակարդակի վրա: Զեկույցները պարունակում են նաև բավականաչափ տեղեկատվություն, որպեսզի Կոմիտեն լիարժեք պատկերացում ունենա տվյալ պետությունում Կոնվենցիայի գործադրման մասին:

3. Մասնակից պետությունը, որը Կոմիտեին ներկայացրել է առաջին բազմակողմանի զեկույցը, հարկ չկա, որ սույն հոդվածի 1-ին կետի (բ) ենթակետի համաձայն ներկայացվելիք իր հետագա զեկույցներում կրկնի նախկինում տրամադրված հիմնական տեղեկատվությունը:

4. Կոմիտեն մասնակից պետություններից կարող է պահանջել սույն Կոնվենցիայի կատարմանը վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն:

5. Կոմիտեն յուրաքանչյուր երկու տարին մեկ Տնտեսական և սոցիալական խորհրդի միջոցով Գլխավոր ասամբլեային է ներկայացնում իր գործունեության մասին զեկույց:

6. Մասնակից պետություններն իրենց զեկույցները հանրամատչելի են դարձնում իրենց երկրներում: 

Հ ո դ վ ա ծ  45 

Կոնվենցիայի իրականացման արդյունավետությանը նպաստելու և նրա ընդգրկած բնագավառներում միջազգային համագործակցությունը խրախուսելու նպատակով.

(ա) մասնագիտացված հաստատությունները, Միավորված ազգերի կազմակերպության Երեխաների հիմնադրամը և Միավորված ազգերի կազմակերպության այլ մարմիններ իրավունք ունեն ներկայացված լինելու սույն Կոնվենցիայի այն դրույթների իրականացման վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ, որոնք մտնում են նրանց լիազորությունների ոլորտի մեջ: Կոմիտեն կարող է առաջարկել Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հաստատություններին, Մանկական հիմնադրամին և այլ իրավասու մարմիններին, երբ ինքը դա նպատակահարմար կհամարի, ներկայացնել փորձագետների եզրակացություն Կոնվենցիայի իրականացման այն բնագավառների վերաբերյալ, որոնք մտնում են նրանց համապատասխան լիազորությունների ոլորտի մեջ: Կոմիտեն կարող է առաջարկել Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հաստատություններին, Մանկական հիմնադրամին և Միավորված ազգերի կազմակերպության այլ մարմինների՝ ներկայացնել զեկուցագրեր սույն Կոնվենցիայի իրականացման այն բնագավառների մասին, որոնք մտնում են նրանց լիազորությունների ոլորտի մեջ,

(բ) Կոմիտեն, երբ նպատակահարմար է համարում, Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված հաստատություններին, Երեխաների հիմնադրամին և այլ իրավասու մարմիններին է փոխանցում մասնակից պետությունների ցանկացած զեկույց, որում պարունակվում է տեխնիկական խորհրդատվության կամ օգնության խնդրանք, կամ նշվում է նման կարիքի մասին, ինչպես նաև այդ խնդրանքների կամ նշումների վերաբերյալ Կոմիտեի դիտողություններն ու առաջարկությունները, եթե կան այդպիսիք,

(գ) Կոմիտեն կարող է Գլխավոր ասամբլեային առաջարկել, որպեսզի վերջինս Գլխավոր քարտուղարից պահանջի իր անունից կատարել հետազոտություններ երեխայի իրավունքներին վերաբերող առանձին հարցերով,

(դ) Կոմիտեն կարող է կատարել առաջարկություններ և ընդունել ընդհանուր հանձնարարականներ սույն Կոնվենցիայի 44 և 45-րդ հոդվածների համաձայն ստացած տեղեկատվության հիման վրա: Նման առաջարկություններն ու հանձնարարականները փոխանցվում են ցանկացած շահագրգիռ մասնակից պետության և հաղորդվում են Գլխավոր ասամբլեային՝ մասնակից պետության դիտողությունների հետ միասին, եթե այդպիսիք կան: 

Մ ա ս  3 

Հ ո դ վ ա ծ  46 

Սույն Կոնվենցիան բաց է բոլոր պետությունների ստորագրման համար: 

Հ ո դ վ ա ծ  47 

Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: 

Հ ո դ վ ա ծ  48 

Սույն Կոնվենցիան բաց է ցանկացած պետության միանալու համար: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: 

Հ ո դ վ ա ծ  49 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին քսաներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուն օր անց:

2. Քսաներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո սույն Կոնվենցիան վավերացրած կամ դրան միացած յուրաքանչյուր պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը: 

Հ ո դ վ ա ծ  50 

1. Ցանկացած մասնակից պետություն կարող է առաջարկել փոփոխություններ և լրացումներ և այն ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարն այնուհետև առաջարկած փոփոխություններն ու լրացումներն ուղարկում է մասնակից պետություններին, խնդրելով նշել՝ արտահայտվում են արդյոք նրանք այդ առաջարկությունը քննարկելու և այդ առթիվ քվեարկություն անցկացնելու նպատակով մասնակից պետությունների խորհրդաժողով հրավիրելու օգտին: Եթե դրանից հետո չորս ամսվա ընթացքում մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդն արտահայտվում է հօգուտ նման խորհրդաժողովի, Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո հրավիրում է այդ խորհրդաժողովը: Խորհրդաժողովին ներկա գտնված և քվեարկությանը մասնակցած պետությունների մեծամասնության կողմից ընդունված ցանկացած փոփոխություն և լրացում ներկայացվում է Գլխավոր ասամբլեայի հաստատմանը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված փոփոխությունը և լրացումն ուժի մեջ են մտնում Միավորված ազգերի կազմակերպության կողմից հաստատվելու և մասնակից պետությունների երկու երրորդի կողմից ընդունվելու դեպքում:

3. Ուժի մեջ մտնելուց հետո փոփոխությունն ու լրացումը պարտադիր է դառնում այն մասնակից պետությունների համար, որոնք ընդունել են այն, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում սույն Կոնվենցիայի դրույթները և նախորդ այն բոլոր փոփոխություններն ու լրացումները, որ իրենք ընդունել են: 

Հ ո դ վ ա ծ  51 

1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն ստանում և բոլոր պետություններին է ուղարկում վավերացման կամ միանալու ժամանակ պետությունների կատարած վերապահումների տեքստը:

2. Սույն Կոնվենցիայի նպատակներին ու խնդիրներին անհամատեղելի վերապահումներ չեն թույլատրվում:

3. Վերապահումները կարող են հանվել ցանկացած ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցագրի միջոցով, որն այնուհետև այդ մասին հայտնում է բոլոր պետություններին: Այդպիսի ծանուցագիրն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից այն ստանալու օրը: 

Հ ո դ վ ա ծ  52 

Ցանկացած մասնակից պետություն կարող է չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում Գլխավոր քարտուղարի կողմից այդ մասին ծանուցագիր ստանալուց հետո մեկ տարի անց: 

Հ ո դ վ ա ծ  53 

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը նշանակվում է սույն Կոնվենցիայի ավանդապահ: 

Հ ո դ վ ա ծ  54 

Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարարժեք են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

Ի հավաստումն որի՝ ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչներն իրենց կառավարությունների կողմից պատշաճորեն և համապատասխան կերպով լիազորված լինելով՝ ստորագրեցին սույն Կոնվենցիան: