Բաժինը՝ Ծրագրեր

Մանկական սնունդ


1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, 1989թ. Բոստոնում` մի խումբ կամավորների կողմից  ստեղծվեց   «Հայ մանուկների կաթ ֆոնդը»:  Ֆոնդի առաքելությունն է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մանուկների համար  մանկական սննդի գումարներ հայթայթելն ու նվիրատվություններ ձեռք բերելը: 1989թ. սկսած մանկական սննդի կանոնավոր ծրագիրը հազարավոր հայ մանուկների առողջ կյանքի սկիզբ է հանդիսացել: ՀՄԿՖ-ի ձեռքբերումները  հնարավոր են դարձել կամավորների քրտնաջան աշխատանքի, հանգանակության տասնյակ ակցիաների շնորհիվ:  

Ծրագրի նպատակն է  օգնել անապահով ընտանիքների նորածիններին, որոնք զրկված են մայրական կաթով  կերակրվելու հնարավորությունից, և որոնք ունեն առողջական խնդիրներ` հատկապես ալերգիկ և մարսողական բնույթի: Ծրագիրը իրականացվում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Գորիսում և Ղարաբաղում: Ծրագրից, յուրաքանչյուր ամիս, օգտվում է 440 ընտանիք: Չնայած մանկական կերերից ոչ մեկը չի կարող լիովին փոխարինել մայրական կաթին, սակայն հաջողվել է փոքրիկների համար համեմատաբար անվնաս և որակյալ սնունդ ստանալ: Ծրագրի շահառու կարող են դառնալ  0-12 ամսեկան այն երեխաները, որոնք բժշկի կողմից ունեն հատուկ ցուցում, սննդային (մասնավորապես կաթնային) որևէ ալերգիայի կամ մարսողության պրոբլեմի առկայություն, որի հետևանքով երեխան կարիք ունի լրացուցիչ սնուցման, և  մանկաբույժը խորհուրդ է տալիս «Հումանա» սննդատեսակի օգտագործումը:                                   

 «Հայ մանուկների կաթ ֆոնդը» սիրով ընդառաջում է բոլոր շահառուներին, սակայն խրախուսում է երեխաներին կրծքի կաթով կերակրելը և խորհուրդ տալիս արհեստական սնունդ տալ միայն բժշկական ցուցումների դեպքում: