Մարտի 31 2017 Բաժինը՝ Մեր հաջողակ սաները

Տաթեւն առաջինն է, որ մրցանակ է բերում մեր երկրին


«Հայ կրթություն» կրթահամալիրի  9-րդ դասարանի աշակերտուհի Տաթեւ Բարսեղյանը վերջերս հատուկ հավաստագրի է արժանացել Համաշխարհային փոստային միության միջազգային ժյուրիի կողմից: Նա իր շարադրությամբ մասնակցել էր Նամակագրության միջազգային մրցույթին, որի այս տարվա թեման էր՝ «Աշխարհը, որտեղ ես կուզեի մեծանալ»:

Aravot.am-ի հետ զրույցում Տաթեւը նշեց, որ ստացել է «Ժյուրիի համակրանք» մրցանակը ու  հատուկ հավաստագիրը: «Պահանջն էր մտքերը շարադրել 600-800 բառի սահմաններում ու խոսել այն աշխարհի մասին, որտեղ կուզենայինք ապրել ու մեծանալ: Ընդ որում, շարադրությունը պետք է  նամակի նման գրվեր,  հղված լիներ մեկին: Այն հաճույքով եմ գրել, գրել եմ, որ չպետք է հուսահատվել, պետք է անընդհատ առաջ գնալ ու  վստահ լինել, որ նպատակներդ կիրականանան: Կարեւորը սրտի ձայնին լսելն է»,- պատմեց աշակերտուհին:

Տաթեւի հայոց լեզվի ուսուցչուհին՝ Լիլիթ Բախշյանն էլ հայտնեց, որ իրենց կրթահամալիրից երկու աշակերտ էր շարադրություն ուղարկել՝ էլենը եւ Տաթեւը, Հայաստանից ընտրվել էր Տաթեւի շարադրությունը: «Տաթեւը շատ զգացմունքային մարդ է, անուշ երգում է, խորը անհատականություն է: Անչափ ուրախացա, որ իր շարադրությունը հաղթեց: Ուղարկելուց առաջ շարադրությունը Տաթեւիկի մայրիկը թարգմանել էր անգլերեն, որովհետեւ այդպիսի պահանջ կար: Այդ ընթացքում մենք  Տաթեւի հետ շատ սիրով աշխատեցինք, ավելի մտերմացանք: Մի բան պարզ է՝եթե մի բան սիրով ես անում, հրաշալի արդյունք է լինում: Ժյուրին Շվեյցարիայում յուրաքանչյուր երկրից ընդամենը մեկ շարադրություն է ընտրել: Իմիջիայլոց  «Հայփոստում» մեզ ասացին, որ տարիներ շարունակ Հայաստանը մասնակցել է Համաշխարհային փոստային միության մրցույթին եւ երբեք որեւէ մրցանակի չի արժանացել: Տաթեւն առաջինն է, որ մրցանակ է բերում մեր երկրին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ