Ապրիլի 14 2017 Բաժինը՝ Մեր հաջողակ սաները

Հայրենիքի նվիրյալը


Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը 25 տարի շարունակ իր բարեսիրական գործունեությունն է ծավալում  Հայաստանում և Արցախում։ 25 տարեկան է նաև ԱՀԱԸ Վանաձորի գրասենյակը: ԱՀԱԸ աջակցության շնորհիվ, մութ ու ցուրտ տարիներին բազում ընտանիքներ կարողացան պայքարել, հաղթահարել դժվարությունները, հասնել հաջողությունների:

Այդպիսի  ընտանիքներից մեկն էլ Սարգիս Գրիգորյանի ընտանիքն էր: Սարգիսը 3 տարեկան էր, երբ ծանոթացանք նրա ընտանիքի հետ և ընդգրկեցինք հովանավորության ծրագրի մեջ: Մեծ ճանապարհ ենք անցել միասին, տարբեր ծրագրերի է մասնակցել Սարգիսը` մանկական, պատանեկան, երիտասարդական ճամբարներ, կամավոր ծառայել է բակային ճամբարներում, հաճախել թատերական խմբակ:

Մանուկ հասակից Սարգիսի երազանքն էր դառնալ զինվորական: Աստծո  օրհնությամբ, իր հաստատակամությամբ, նա ընդունվեց և ոսկե մեդալով ավարտեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարանը:

Սարգիսը հասավ  իր երազանքին․ այսօր նա Հայոց բանակի սպա է, ծառայում է Գյումրիի զորամասերից մեկում, որպես դասակի հրամանատար:

Մենք հպարտ ենք, որ ճանաչում ենք բարի, Աստվածավախ, քաջ ու հայրենասեր Սարգիս Գրիգորյան անձին, որն այժմ էլ շարունակում է մեզ հետ կիսել իր հաջողություններն ու ուրախությունները:

Աստված քեզ պահապան, քա՛ջ հայորդի:

Ժաննա Դանիելյան

ԱՀԱԸ Վանաձորի գրասենյակի պատասխանատու