Նոյեմբերի 19 2016 Բաժինը՝ ԱՀԱԸՀՄ 25-ամյակ

Երազանքներն իրականանում են


Նոյեմբերի 19-ին Հայ Ավետարանչական ընկերակցության Գյումրու գրասենյակը տոնեց ԱՀԱԸ հայաստանյան գործունեության 25-ամյա տարեդարձը:

Գյումրու գրասենյակը շատ հուշեր ուներ կուտակած՝ թվում է, թե երիտասարդ կազմակերպության հետ, որը երկու տարուց կտոնի իր մեկդարյա տարեդարձը: Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը մեծ ավանդ ունի Գյումրու վերհառման գործում: Կոտրված, հուսահատված, վշտից քարացած գյումրեցի շատ ընտանիքներում ԱՀԱԸ-ն եղավ փարոս, լուսավոր մի կետ գալիք ապագայում, հավատը վերականգնելու յուրօրինակ նմուշ, կյանքը շարունակելու և կրկին արարելու լավագույն միջոց: Շատ գյումրեցիներ հավատացին այս նոր «բարեկամին և մխիթարիչին», ամուր բռնվեցին այս հենարանից և մինչև այսօր ԱՀԱԸ-ի հետ համընթաց գնում են՝ արարելով և ստեղծագործելով, վստահելով նրա անշահախնդիր գործունեությանը:

ԱՀԱԸ-ն Գյումրիում իր այս տարիների գործունեության ընթացքում օգնել է հազարավոր ընտանիքների. ոմանց օգնել է նյութապես, ոմանց ֆինանսապես, ոմանց օգնել է բժշկվել, հազարավոր մանուկների ապահովել մանկական սնունդով և այլ խիստ անհրաժեշտ պարագաներով, շատերին կրթել է, զարգացրել է նրանց գեղագիտական ճաշակը, շատերին առիթ է տվել ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում, լուսավոր ապագա կերտել իր և իր հայրենիքի համար, հոգևոր դաստիարակություն տվել շատ մանուկների, պատանիների և երիտասարդների:

Միջոցառումը վերը թվարկվածի վառ ապացույցն էր: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ հովանավորության ծրագրի սաներից Երվանդ Խաչատրյանը, ով երազում է դասական վոկալի դասընթացներ ստանալ Իտալիայում: Անշահախնդիր սիրո մասին ասմունքեց փոքրիկ Ալլան, ով սոցիալ-կրթական ծրագրի սաներից է, նա երազում է իր հաջողություններով ուրախացնել իր մայրիկին: Միջոցառմանը համ ու հոտ տվեց ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի «Էսկադա» պարի խումբը: Իր հուշերով և երախտիքի խոսքերով հանդես եկավ ԱՀԱԸ հովանավորության ծրագրի նախկին սաներից Սարգսյան Կլարայի մայրը, ով երբեք չի մոռանա այն ամուր աջակցության ձեռքը, որ ԱՀԱԸ-ն մեկենց իր ընտանիքի ամենածանր տարիներին: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ֆիլմ նվիրված ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի 25 տարիների գործունեությանը: Իսկ ֆիլմն ավելի տեսանելի և շոշափելի դարձնելու համար կազմակերպված էր մեծ ցուցահանդես՝ գրասենյակում գործող բոլոր խմբակների մասնակցությամբ (նկարչություն, գոբելեն, մաքրամե, գորգագործություն, դիզայն, փայտամշակում, թատերական, պար, կառատե): Միջոցառմանը ողջույնի և քաջալերանքի խոսքեր հղեցին Գյումրու փոխքաղաքապետ պրն․ Գ․ Մխիթարյանը, ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղի տնօրեն պրն․ Հարութ Ներսեսսյանը, ով հպարտ էր Գյումրու գրասենյակի կուռ կոլեկտիվի գործունեությամբ: Ներկա էին նաև ԱՀԱԸ Հայաստանի մասնաճյուղի գործերի կառավարիչ պրն․ Արսեն Մանասյանը և պրն․ Սարգիս Հրաչը:

Միջոցառումը ներկաներին մի պահ ստիպեց վերադառնալ մութ և գորշ 1988թ, շատերը հիշեցին իրենց վիշտն ու դժվարությունները, և անմիջապես վերադարձան մեր օրերը, որտեղ նրանցից յուրաքանչյուրը երազանքներ է կառուցում, որի մեջ կա և դեռ շատ անելիքներ ունի Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը:

Մարինե Մանուկյան