Սեպտեմբերի 25 2016 Բաժինը՝ ՀԱԵ 170-ամյակ

Հոբելյանական հանդիսություն

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ հոբելյանական հանդիսություն՝  նվիրված Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 170- և Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա տարեդարձներին:

Հանդիսությանը ներկա էին պետական և հոգևոր այրեր, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային և հայաստանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր մարզերից, արտերկրից:

Այստեղ էին Հայ Ավետարանական Համաշխարհային խորհրդի (ՀԱՀԽ) նախագահ վեր. Մկրտիչ Կարագյոզյանը, գործադիր տնօրեն վեր. դոկտ. Վահան Թութիկյանը տիկնոջ՝ Ռոզեթ Թութիկյանի հետ,  Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) նախագահ դոկտ. Նազարեթ Տարագճյանը կնոջ՝ Անի Տարագճյանի հետ, գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը տիկնոջ՝ Սոնա Խանջյանի հետ,  ՀԱՀԽ և ԱՀԱԸ անդամներ, Հայկազյան համալսարանի նախագահ վեր. դոկտ. Փոլ Հայդոստյանը տիկնոջ՝ Մարալ Հայդոստյանի հետ, Սիրիայի Հայ Ավետարանական համայնքապետ վեր. Հարութ Սելիմյանը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվներ, ծառայողներ, Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցներ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ:

Հոբելյանական երեկոն սկսվեց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու նախագահ վեր. Գևորգ Գասպարյանի ողջույնի խոսքով:  Վերապատվելին նախ ողջունեց ներկաներին, շնորհավորեց  հոբելյանական տոների կապակցությամբ և ասաց. …Նայելով մեր  այսօրվա  խնդիրներին, ինչպես նաև ապագա  մարտահրավերներին `մենք  մեր տեսադաշտից  չպետք է կորցնենք   որպես   Եկեղեցի  լինելու  գոյապատճառը…  Ես համոզվածեմ, որ  ՀԱԵ-ի լավագույն օրերը դեռառջևում են: Հիմքը նման լավատեսության 1Թես. 5:24․ «Հավատարիմ է Նա, որ կանչեց ձեզ և պիտի կատարի էլ¦:

 

Հանդիսության գեղարվեստական մասն սկսվեց ՀՀ օրհներգով, որը կատարեցին «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյանև Հայաստանի պետական կամերային նվագախումբը  (գեղ. ղեկավար՝ Վահան Մարտիրոսյան, գործիքավորումը՝ Ռուբեն Ալթունյանի): 

Նրանք կատարեցին հոգևոր երգեր, հնչեցին հայ և համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք դահլիճի կողմից ընդունվեցին մեծ ուրախությամբ և գոհունակությամբ:

Շնորհավորական ուղերձով և մաղթանքով հանդես եկան ՀԱՀԽ գործադիր տնօրեն վեր. դոկտ. Վահան Թութիկյանը: Շնորհավորելով ներկաներին ՀԱԵ 170 և ՀՀ Անկախության 25 –ամյա հոբելյանների կապակցությամբ, վեր. Թութիկյանը ներկայացրեց Հայ Ավետարանական եկեղեցու կոչումը և կարևորեց հետևյալ մտքերը. §Այս կոչումը կարելի է տեսնել մեր եկեղեցու անվան մեջ՝ Հայ Ավետարանական եկեղեցի¦: Վերապատվելին դիտարկեց յուրաքանչյուր բառն առանձնաբար և ասաց հետևյալը. §Այս անունը հատկանշական էր նորաստեղծ եկեղեցու համար: 1846 թ. ստեղծված եկեղեցին Հայաստանյայց եկեղեցի էր: Առաջին հայ ավետարանականները լիիրավ հայեր էին: Նրանք մեզ հայորեն ապրելու ժառանգություն թողեցին… Երկրորդ բառը՝ ավետարանական: Հայ Ավետարանական եկեղեցու հիմնադիրները պնդում էին, որ իրենց հիմնած եկեղեցին խարսխված է Ավետարանի սկզբունքների վրա և կոչված է Ավետարանը քարոզել: Այս էր Հայ Ավետարանական շարժման գլխավոր նպատակը… Երրորդ բառը՝ եկեղեցի: Հայ Ավետարանական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Տիեզերական եկեղեցու մեկ մասն է: Այն կազմող անհատներն ունեն հասարակական միևնույն ուղղությունը, նպատակը և հանձնառությունը…:

Վեր․ Վահան Թութիկյանի ուղերձը կարող եք կարդալ՝  այստեղ։

ԱՀԱԸ անունից ներկաներին ողջունեց նախագահ Նազարեթ Տարագճյանը: Նա կարևորեց հետևյալը. §…Հայ Ավետարանական եկեղեցու երազանքն է, որ ամեն հայորդի կարդա և մոտիկից ճանաչի Աստվածաշունչը: Մեր երազն է, որ ամեն հայորդի ունենա Քրիստոսը, որպես իր կյանքի իդեալը և ուղեցույցը: Մեր երազն է, որ ամեն հայորդի, որ ամեն հայորդի կանոնավորապես հաճախի և նեցուկ կանգնի իր նախընտրած հայկական  եկեղեցուն, լինի դա Հայ Առաքելական, Կաթողիկե կամ Ավետարանական…¦:

ԱՀԱԸ նախագահ Նազարեթ Տարագճյանի շնորհավորական ուղերձը՝  այստեղ։

Ելույթ ունեցավ նաև ԱՀԱԸ գործադիր տնօրեն պրն Զ. Խանջյանը:  

Սրբազան հայրեր,

Վերապատուելիներ,

Հոգեւոր հայրեր,

Յարգարժան հիւրեր,

Սիրելի ազգակիցներ,

            Հայաստանի երրորդ հանրապետութեան անկախութեան քսանհինգամեակին, Ամերիկային Հայ Աւետարանչական Ընկերակցութեան անունով  կ'ողջունեմ եւ կը շնորհաւորեմ մեզ բոլորս արդի հայոց պատմութեան մէջ ցայտուն իրականութիւն դառցող աննախընթաց այս տօնախմբութեան առիթով:

…Երկու անվիճելի իրավիճակներ գրաւականն են մեր լիիրաւ եւ արժանի անկախութեան:

՝Ա- Հզօր պետութեան մը գոյացումը…

Պրն. Զավեն Խանջյանի խոսքն ամբողջությամբ կարող եք կարդալ՝   այստեղ։

§Հովեր¦ նվագախմբի երգչախմբի և կամերային նվագախմբի կատարումներն ուղեկցվեցին իր ազգին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու մատուցած կարևոր ծառայությունների մասին պատմող ցուցադրությամբ՝ հոգևոր-աստվածաշնչյան, կրթական, մամուլի և հրատարակչական, ավետարանչական, մարդասիրական, եկեղեցական հաղորդակցության առաքելությանըև ՀՀ անկախության 25-ամյա նվաճումներին նվիրված մեկնաբանություններով:

Ցուցադրվեց նաև մի հատված «Հայ ավետարանականների ներդրումը կրթության ոլորտում» ֆիլմից:

Փակման խոսքով ելույթ ունեցավ ՀԱՀԽ նախագահ վեր. Մկրտիչ Կարագյոզյանը: Նա իր խոսքում նշեց Ավետարանի կարևորությունը բոլոր հավատացյալների կյանքում, §որպես եկեղեցիների մեկ լինելու գրավական: Մեկ է Աստված՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին: Եվ ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ մեկ է մկրտությունը և մեկ հավատքը: Այս է մեր միասնականության առահավատչյան: Հարանվանությունները կարող են տարբեր լինել, սակայն բոլորս էլ մեկ Ավետարանի վրա խարսխված եկեղեցի ենք…¦

Հանդիսությունն ավարտվեց  Տերունական աղոթքով և վեր. Մկրտիչ Կարագյոզյանի առաքելական օրհնությամբ:

Իդեպ, այս օրերին ՀԱՀԽ-ն, ԱՀԱԸ-ն  և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին բազմաթիվ շնորհավորական հեռագրեր և նամակներ են ստացել աշխարհի, Հայաստանի և Արցախի պետական և հոգևոր կառույցների, կազմակերպությունների, կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք իրենց բարեմաղթանքն են հղում ՀԱԵ 170-ամյա հայանպաստ գործունեության առիթով և հույս հայտնում, որ նա փորձառությամբ ուվաստակով հարստացած իր հոգևոր և ազգաշեն առաքելությունն այսուհետ ևս ի սպաս կդնի հայրենի պետականության ամրապնդման, հայ ժողովրդի հոգևոր վերածննդի գործին:

Մինչև հանդիսության սկիզբը հյուրերը նախասրահում դիտում էին Հայ Ավետարանական եկեղեցու 170-ամյա պատմությունը ներկայացնող ցուցահանդեսը։

Հոբելյանական հանդիսության ռեժիսորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը:

Անդրանիկ Մարդոյան