Դեկտեմբերի 17 2016 Բաժինը՝ ՀԱԵ 170-ամյակ

Protestant.am-ը զրուցել է Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի առաջնորդ, վերապատվելի Հարություն Սելիմյանի հետ


PROTESTANT.am առցանց պարբերականը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել ճեպազրույցներ Հայաստանեայց Աւետարանական եկեղեցու 170-ամյակին նվիրված հանդիսության մասնակիցներից, հասարակական և հոգևոր գործիչներից:

Protestant.am-ի զրուցակիցն է Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի առաջնորդ, վերապատվելի Հարություն Սելիմյանը։

Վերապատվելի՛, ինչպե՞ս եք գնահատում Ավետարանական եկեղեցու այսօրվա գործունեությունը տարբեր ոլորտներում՝ կրթադաստիարակչական, հոգևոր, բարեգործական… և ինչ հեռանկարներ ու մարտահրավերներ եք տեսնում:

Հայաստանեայց Ավետարանական եկեղեցին իր 170 ամյակի սեմին կանգնած է նոր ժամանակների, նոր մարտահրավերների առաջ: Մեզ համար ամյակները ինքնագովության և ինքնարժեվորման ժամանակ է միանգամայն, որովհետև ինքնագովությունը առանձին դատարկ տեղ կհանի մեզ, և եթե մենք պարզապես ինքնագնահատում անենք, առանց պատմությունն ու անցյալը ներառելու, պակասավոր կմնա մեր վերլուծությունը:

Այս իմաստով ես գնահատում և շնորհավորում եմ Հայաստանեայց Ավետարանական եկեղեցին, հատկապես որ 170-ամյակի վերջում ինքն իրեն նկատում է որպես ժամանակակից եկեղեցի: Ժամանակակից այն առումով, որ այն իր մեջ կարողանում է տեսնել ժամանակակից հայ մարդու ինքնազարգացումը՝ պատրաստելով ու զինելով՝ և՛ գիտությամբ, և՛ Աստվածաշնչյան իմացությամբ:

Այս իմաստով Հայ Ավետարանական եկեղեցին, որպես նոր օրերի եկեղեցի, ինքն իրեն խառնում է ոչ միայն դասական հոլովույթներով, հապա նաև իր մտածողության հորիզոնը լայն բացելով ուսումնակրթական, կրոնական և կենցաղային բարեկարգյալ միջոցներով, որպեսզի մշակի, կրթի և վերահաստատի մարդուն իր ուրույն տպավորությամբ և իր ուրույն արժեքներով ու արժանիքներով:

Այսպիսով ոչ թե մենք ենք դիմում մարտահրավերների, այլ մարտահրավերներն են ներխուժում մեր այսօրվա իրականության մեջ, և այդպես մեզ փոքր-ինչ անհանգստացնում են տարբեր տագնապներով, որպեսզի եկեղեցին ոչ թե գոռոզանա բարեկարգյալ եկեղեցի լինելով, այլ ինքն իրեն բարեկարգի և բարեխառնի ամեն օր նոր մարտահրավերներով:

Ինչպիսի՞ն է վիճակն այսօր Սիրիայում։ Արդյո՞ք ժողովուրդը խանդավառ է այս առիթով, ի՞նչ նշանակություն ունի Սիրիո հայ բողոքական համայնքի համար Ավետարանական եկեղեցու 170-ամյա տարեդարձը։

Շատ տեղին է հարցը, որովհետև Հայաստանեայց Ավետարանական եկեղեցին Սիրիայում շատ եզակի դեր ունի: 100 տարի առաջ, երբ տարագրությունը տեղի ունեցավ, մեր ժողովուրդն ապաստան գտավ Սիրիայի անապատներում և որպես գաղթավայր ընտրեց Հալեպը: Հալեպը բարգավաճեց և հաղթահարեց կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները, ի հեճուկս աղքատության, սնանկության: Մենք եկանք այս քաղաքներն ու այսօր մենք ունենք մեր եկեղեցական կառույցները, մեր վարժարանները, մշակութային ակումբները: Այսպիսով հայապահպանման գրվանները Սիրիայում այսօր առկա են և այդ ներկայությամբ է, որ մենք ողջունում ենք Հայաստանեայց Ավետարանական եկեղեցու 170 ամյակը:

Եվ չնայած ավերածությունների, Հայ Ավետարանական եկեղեցին, իր կողքին ունենալով Հայ Առաքելական մայր եկեղեցին և Հայ Կաթողիկե եկեղեցին, կանգուն է մնում իր ժողովրդի հետ, քանի որ մենք հավատում ենք, որ Հալեպը մայր գաղութ է, և իր մայր գաղութ կոչումը ստացել է իր բարգավաճ գործունեությամբ և իր ստեղծագործ ներկայությամբ։ Այս իմաստով ողջունելի է հատկապես Հալեպի Հայ Ավետարանական եկեղեցու, Հայ Առաքելական եկեղեցու և Հայ Կաթողիկե եկեղեցու միաբանությունը՝ իր կողքին ունենալով Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը, ՀՕՄ-ի («Հայ օգնության միություն») «Սիւրիոյ օգնութեան խաչը», որովհետև այս միավորումով մեկ ամբողջություն է կազմվում, և հայ ժողովրդին նեցուկ լինելով՝ պետք է շարունակվի երթը: Եվ այս երթը պիտի լինի թեև փշոտ, բայց միշտ լցված ծաղկավոր և խոտավետ արոտներ հասնելու հույսով և դրականությամբ:

Շնորհակալություն անկեղծ ու հետաքրքիր զրույցի համար։

Ես ևս շնորհակալ եմ այս առիթի համար։

Protestant.am