Մարտի 31 2017 Բաժինը՝ ՀԱԵ 170-ամյակ

Վիրտուալ ցուցահանդես՝ Բաղրամյան 18-ում


Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը եւ «Էդեն» ստուդիան ներկայացնում են 360° համայնապատկերներով վիրտուալ ցուցահանդես՝ նվիրված Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 170-ամյա հոբելյանին։

Նորարարական հետաքրքիր լուծումներով հագեցած եռաչափ այս ցուցահանդեսը պատմում է 19-րդ դարից ի վեր Հայ Ավետարանականների մատուցած Աստվածահաճո և ազգանվեր ծառայության մասին։

Այն լույս է սփռում այնպիսի պատմական իրադարձությունների վրա, ինչպիսիք են Սփյուռքի միակ բարձրագույն կրթօջախի՝ Բեյրութի Հայկազյան համալսարանի հիմնումը, Պոլսի պատանեկան տան՝ այժմյան «Քամփ Արմեն» ճամբարի կառուցումը, Մեծ Եղեռնի տարիներին հազարավոր հայ մանուկների փրկության և կրթության գործի կազմակերպումը, Սողոմոն Թեհլիրյանի, Հրանտ Դինքի և մի շարք նվիրյալների հայանպաստ գործունեությունը և այլն։

Ծրագիրը թույլ է տալիս «շրջել» ցուցահանդեսի պատկերազարդ սրահում, ուր սեղմելով ցանկացած պաստառի կամ լուսանկարի վրա՝ հնարավոր է դիտել այն մեծ չափսերով։ Ցուցադրվող բոլոր նմուշներն ուղեկցվում են ուշագրավ պատմություններով և նկարագրական տեքստերով։ Ծրագիրն աշխատում է նաև վիրտուալ իրականության համար նախատեսված CardBoard, Gear VR եւ այլ «ակնոցներով»։


Ցուցահանդեսը ներառում է նաև Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդին ուղղված բազմաթիվ շնորհավորական հեռագրեր և նամակներ աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի պետական և հոգևոր կառույցների, կազմակերպությունների, կուսակցությունների առաջնորդներից:

Ներկայացված են Հայ Ավետարանական գործող և պատմական եկեղեցիները, կրթական հաստատությունները, ՀԱԵ անգնահատելի ներդրումը հրատարակչական, բարեսիրական, քրիստոնեական դաստիարակության ոլորտներում։ Լիահույս ենք, որ այցելուների համար ցուցահանդեսը կդառնա նոր գիտելիքների ձեռքբերման հետաքրքիր վիրտուալ պատմամշակութային հարթակ։

Սուրեն ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԱԸ Թվային մեդիայի համակարգող

ԴԻՏԵԼ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Այս մասին գրում են՝

CROSSNEWS.AM: Վիրտուալ ցուցահանդես՝ նվիրված Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 170-ամյա հոբելյանին

ECA.AM: ՀԱԵ 170-ամյակին նվիրված վիրտուալ ցուցահանդես