Դեկտեմբերի 21 2016 Բաժինը՝ Տեսադարան

Հայ Ավետարանչական ընկերակցությունը տոնում է Հայաստանում պաշտոնական գործունեության 25-ամյակը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՀԱԸ Հայաստանի 1-ին գրանցումը
ԱՀԱԸ Հայաստանի 1-ին գրանցումը

ԱՀԱԸ Հայաստանի 1-ին գրանցումը

Դեկտեմբերի 17-ին, Հայ Ավետարանչական կենտրոնում նշվեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանում պաշտոնական գործունեության 25-ամյա հոբելյանը։

Արարողությունն սկսվեց ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ՝ պարոն Հարութ Ներսեսսյանի բացման խոսքով: 
Բանախոսը, ողջունելով ներկաներին, ասաց որ 25 տարի առաջ ոչ ոք չէր կարող գուշակել, որ գերհզոր Խորհրդային Միությունը կկազմալուծվեր, և ավելին, անհավատալի էր թվում, թե Հայաստանը կարող էր դառնալ անկախ պետություն: Այս ամենից հետո կյանքի կոչվեցին Ավետարանչականի երազները` Հայաստանում իրականացնելու բարեսիրական, կրթական, սոցիալական, զարգացման և բազմապիսի այլ ծրագրեր:

Մենք ողջունում ենք մեր տեսլականը կրողներին, նրանց, ովքեր առաջին օրվանից սկսեցին Հայաստանում կյանքի կոչել Ընկերակցության գաղափարները. երեկվա և այսօրվա մեր աշխատակիցներին ու կամավոր ծառայողներին, որոնց շնորհիվ ամենուրեք մեզ ճանաչում են որպես հուսալի գործընկեր և վստահելի կազմակերպություն: Սա մեզ քաջալերում է, և մեր հնարավորությունների ու կարողությունների սահմաններում, ձգտում ենք անել առավելագույնը մեր ժողովրդի համար:


Հանդիսությունն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին Արմավիրի Հայ Ավետարանական եկեղեցու երգչախմբի ղեկավար և մենակատար Մարիետա Անտոնյանը և երգիչ Արմեն Ավետիսյանը:
Նրանց ազգային և հոգևոր երգերի կատարումները գերեցին ներկաներին իրենց բացառիկությամբ ու թարմությամբ:
Հանդիսության ավարտին միջոցառման մասնակիցներին օրհնեց և ողջունեց Արմավիրի Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ՝ վերապատվելի Գարուշ Անտոնյանը։ «Մենք հպարտ ու երջանիկ ենք, որ կրողն ենք մեր նախնիների քրիստոնեական սուրբ հավատքի և ժառանգորդն ազգի հոգևոր և մշակութային արժեքների», մասնավորապես նշեց վեր․ Գ․ Անտոնյանը։

Հանդիսությունը վարում էր Արմավիրի Հայ Ավետարանական եկեղեցու ծառայող Անի Թամազյանը:

Ցուցադրվեց Հայ Ավետարանչական ընկերակցության 25-ամյա գործունեության մասին պատմող վավերագրական տեսաֆիլմ, որը կարող եք դիտել այստեղ։

Հանդիսությանը ներկա էին Հայ Ավետարանական եկեղեցիների, Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցներ, ծառայողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տոնախմբության մասին պատմող ռեպորտաժը։

 

Տեսանյութ