Դեկտեմբերի 02 2016 Բաժինը՝ Լուրեր

Ի՞նչ բարիք ենք քաղելու


Ծառերը լինում են տարբեր տեսակի՝ դեկորատիվ, բերքատու, պտղաբեր ու անպտուղ, ամուր ու խորը արմատներով, մակերեսային ու թույլ արմատներով:

Մարդիկ էլ նման են ծառերի. ոմանք չափազանց գեղեցիկ ու գրավիչ են ինչպես դեկորատիվ ծառերը: Ոմանք նման են բերքատու ծառերի՝ միշտ ինչ-որ արգասիք են թողնում ուրիշի համար: Ոմանք պտղաբեր ծառերի նման միշտ լավ արդյունք են տալիս: Որոշ մարդիկ խորը արմատներով ծառերի նման երբեք չեն սասանվում անկախ կյանքի մատուցած դժվարություններից, իսկ ոմանք թույլ արմատներով ծառերի նման չեն կարողանում դիմակայել դժվարություններին: 

Երեխաներն էլ նման են նորատունկ ծառերի, թե ինչպիսին կդառնան նրանք, հիմնականում կախված է նրանց խնամքով ու դաստիարակությամբ զբաղվողներից: Եվ որպեսզի երեխաները մեծանան ու դիմակայուն լինեն, հասարակության համար օգտակար մարդ դառնան, պետք է դեռ մանուկ հասակից նրանց մեջ սերմանել դրականը, սովորեցնել սեփական դրական հատկանիշներն ու կարողությունները կիրառել կյանքում նաև ուրիշներին աջակցելու նպատակով:

Ահա, այդ իսկ նպատակով ԱՀԱԸ Գյումրու ցերեկային կենտրոնում կյանքի հմտությունների հերթական դասը նվիրված էր մարդու անձնային որակների, հմտությունների ու կարողությունների վերհանմանը: Երեխաները փորձեցին գտնել ու վեր հանել իրենց անձնային որակները և հմտությունները և ներկայացնել, թե վերջինները ինչ օգուտ կարող են տալ իրենց դասընկերներին: Ապա գունավոր թղթերից պատրաստեցին տերևներ ու պտուղներ, որոնց վրա գրեցին, թե ինչ հմտությունով կամ անձնային որակով և ինչպես կարող են օգտակար լինել դասընկերներին: Ավարտելուց հետո երեխաները տերևներն ու պտուղները փակցրեցին նախապես նկարված ծառի վրա և ստեղծեցին իրենց դասարանի ծառը:

Հ.Գ. Մեր մանուկները վաղվա սերունդն են, և որքան եռանդով ու ջանասիրությամբ նրանց կրթենք ու դաստիարակենք, այնքան կայացած հայրենիք կունենանք:

Թամարա Սնխչյան

ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի կրթական ծրագրի սոցիալական աշխատող