Դեկտեմբերի 05 2016 Բաժինը՝ Լուրեր

Դեկտեմբերի 5-ը կամավորության միջազգային օրն է


Կամավորության միջազգային օրը՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման, հաստատվել է ՄԱԿ-ի կողմից և 1985 թվականից հանդիսանում է միջազգայնորեն հիշատակելի օր:

Հայ Ավետարանչական ընկերակցությունը շնորհավորում և շնորհակալություն է հայտնում Ընկերակցության և այլ կազմակերպություններում ընդգրկված կամավորներին, ովքեր հօգուտ հասարակության իրենց ազատ ժամանակը տրամադրում են որոշակի ծրագրերի իրականացմանը: 

Այս տարվա սեպտեմբեր ամսվա տվյալներով ԱՄՆ բնակչության 24.9 տոկոսը, մոտ 62.6 միլիոն մարդ, 2015-ի սեպտեմբերից մինչև 2016-ի սեպտեմբերը գոնե մեկ անգամ կամավոր ծառայություն է կատարել շահույթ չհետապնդող կազմակերպությունների կամ եկեղեցիների միջոցով:

Կամավորներն անվճար օգնում են տկարին, որբանոցի երեխաներին, ծերանոցի անձնակազմին, կարիքավորին, տարերային աղետների վերացմանը, հոգեկան խնդիրներ ունեցողներին… բոլոր նրանց ովքեր ունեն աջակցության և օգնության կարիք: 

Հայաստանում կամավորները ծառայում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում. դրանցում ընդգրկված են ինչպես տեղացիներ, սփյուռքահայեր, այնպես էլ օտարներ: 

Կամավորությունը հանուն հանրության բարօրության շատ ավելի մեծ օգուտ է բերում հենց իրեն՝ կամավորին, ով ձեռք է բերում աշխատանքային փորձ, հանդիպում նոր մարդկանց, ազատ ժամանակն օգտագործում է արդյունավետ և, ամենակարևորը, ստանում հոգեկան բավարարվածություն:


Այսօր Հայ Ավետարանչական ընկերակցությունը քաղաքացիական հասարակական մյուս կազմակերպությունների հետ տոնում է Կամավորների միջազգային օրը: Մեր ցանկությունն ու մաղթանքն է, որ կամավորության ոլորտում ընդգրկված բոլոր մարդիկ իրենց անշահախնդիր ծառայությամբ օրինակ հանդիսանան դիմացիններին և շարունակեն հանրությանը նվիրել իրենց տաղանդը, ժամանակը, էներգիան՝ չսպասելով պարգևատրման:


Հարութ Ներսեսսյան

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության

Հայաստանի ներկայացուցիչ 

ՄԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ