Դեկտեմբերի 06 2016 Բաժինը՝ Լուրեր

Դասամիջոց, որ չիրականացավ


Հայաստանի հյուսիսային շրջանները ցնցած ողբերգական երկրաշարժի 28-րդ տարելիցի կապակցությամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում հազարավոր զոհերի հիշատակին: Երկրաշարժի հետևանքով տուժեցին հատկապես Լենինական (ներկայումս Գյումրի), Նալբանդ (ներկայումս Շիրակամուտ) և Սպիտակ քաղաքները: Փառք ենք տալիս Աստծուն աղետի գոտու վերակառուցման և նոր զարգացումների համար և անհամբեր սպասում այդ տարածքների ամբողջական վերականգնմանը: Մենք հուսով ենք, որ նոր սերունդը Գյումրի, Շիրակամուտ և Սպիտակ քաղաքների ապագան կդարձնի ավելի պայծառ, քան նախկինում էր:

Այս առիթով, ներկայացնում ենք ԱՀԱԸ Գյումրիի գրասենյակի պատասխանատու՝ Կարեն Մանուկյանի մտորումները, ով վերապրել է երկրաշարժը:

Արդեն 28 տարի:

1988թ... Հայաստանի Հանրապետությունը թևակոխում էր մի ծանր ժամանակաշրջան, պայքարում էր իր փոքր եղբոր՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ու ժողովրդի ազատագրման համար: Փորձում էր ինքնուրույնություն ձեռք բերել անծայրածիր թվացող հզոր պետությունների կողքին: Եվ ահա 1988թ., դեկտեմբերի 7, ժամը 11:41, թվում է սովորական ձմեռային կիսացուրտ օր, մարդիկ տարված իրենց առօրյա հոգսերով ապրում են. մեկն իր փոքրիկին տարել է նախակրթարան ու շտապում է աշխատանքի, մյուսներն արդեն պատրաստվում են ընդմիջման գնալ, շատ դպրոցականներ սպասում են, թե երբ է զրնգալու այդքան սպասված դասամիջոցի զանգը, որն այդպես էլ չհնչեց, շատ երիտասարդներ քննություններ են հանձնում բարձրագույն ուսումնական հաստատություններում, շատերը սպասում են, թե երբ են տուն վերադառնալու և ընտանիքի անդամների հետ իրենց տաքուկ հյուրասենյակներում ճաշելու և համեղ զրույց ծավալելու օրվա ընթացքի շուրջ: Բայց ավաղ, 1988թ. դեկտեմբերի 7-ին Շիրակի և Լոռու մարզի բնակիչները զրկվեցին համեղ զրույցից, զրկվեցին իրենց բնակարաններից, զրկվեցին իրենց ընտանիքներից, զրկվեցին իրենց ամենաթանկ և հարազատ մարդկանցից, զրկվեցին երազանքներից: Որքա՜ն անգութ էր այս աղետը, որ նույնիսկ քաղցր հուշերից զրկեց հասարակ մարդուն:

Երեսուն վայրկյանի ընթացքում ավերվեց ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 9 բալ և ավելին, ընդգրկում էր երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան մնաց 514.000 մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20.000 մարդ, 416 մարդ զրկվեց վերջույթներից, որոնցից 54-ը՝ երեխաներ, հոսպիտալացվեցին 12.500 մարդ, զոհերի թիվը կազմեց 25․000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Լենինականում (ներկայումս Գյումրի) (մոտ 17.000-20.000) և Սպիտակում (4000) մարդ:

Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվեց ավելի քան 45.000 մարդ, հոսպիտալացվեց 12.500 մարդ:

Մեծ վնաս կրեցին նաև ճարտարապետական, պատմական արվեստի հուշարձաններ, տուժեց ժողկրթության 917 օջախ:

Գյումրիում լրիվ ավերվեցին ճարտարապետական կոթողներն, այդ թվում Ամենափրկիչ եկեղեցին` Շիրակի զարդն ու հպարտությունը: Աշխարհը խոսեց հայերի ողբերգության մասին: Հարյուրավոր կազմակերպություններ, աշխարհահռչակ դերասաններ և երգիչներ, քաղաքական գործիչներ, ամբողջ սփյուռքահայությունը մի բուռ եղավ և իր օգնության ձեռքը մեկնեց ավերիչ աղետից իր գլուխը կորցրած խեղճ հային: Այդ օրերին կարծես Հայաստանն էր դարձել աշխարհի կենտրոնը, բայց միայն հուսահատ գյումրեցին, նալբանդցին, սպիտակցին օրերով իր փլատակի կողքից այն կողմ չէր գնում՝ հուսալով գտնել իր հարազատին:


Այո՛, կյանքը շարունակվեց, Աստված մխիթարեց որբևայրիին՝ իր հույսը չկորցնել, կյանքը շարունակել, նվիրվել ողջ մնացած ընտանիքի մյուս անդամներին, որդեկորույս մայրերին՝ մայրանալու, կոտրված ընտանիքները իրար միացնելով: Բազմաթիվ հզոր կառույցների և բարեգութ անհատների ներդրումներով կառուցվեցին բնակելի տներ: Շատ տանջվեց կոտրված գյումրեցին, շատ դժավարությունների միջով անցավ՝ կոտրվեց, հուսահատվեց, վշտից խելագարվեց, բայց կրկին ուժ հավաքեց, իր թասիբը հավաքեց և վերգտավ իրեն, սկսեց կառուցել իր տունը, իր «օջախը»:

Մենք սովորեցինք հաղթել ևս մեկ դժվարություն, ևս մեկ վիշտ տանել և նորովի ընդունել օգնության մեկնած ձեռքը՝ կառուցելով նոր, ամուր, հաստատուն Գյումրի, Սպիտակ, Նալբանդ (ներկայումս Շիրակամուտ), Վանաձոր... Նոր Հայաստան: Այսօր մենք ոտքի ենք կանգնած, աղետից տուժած քաղաքներն ու գյուղերը շնչում են, հայը շարունակում է ապրել, արարել և առաջ գնալ: Թող Աստված լինի մեզ պահապան:

Կարեն Մանուկյան
ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի պատասխանատու