Դեկտեմբերի 07 2016 Բաժինը՝ Լուրեր

«Հայագիտության հզորությունը թերևս ուղիղ համեմատական է հայ ժողովրդի անցյալի ու ներկայի կենսագործունեությանը». Անդրանիկ Դաքեսյան

Անդրանիկ Դաքեսյանը
Անդրանիկ Դաքեսյանը

Անդրանիկ Դաքեսյանը

Հարգելի՛ բարեկամ,

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Հայ Ավետարանչական ընկերակցության կարևոր ծառայություններից է կրթության ոլորտը:

Բեյրութի Հայկազյան համալսարանը Հայաստանից դուրս գտնվող հայկական միակ համալսարանն է, որն ստեղծվել է 1955 թ.  Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության կողմից: Անցած տասնամյակների ընթացքում համալսարանը օրհնության աղբյուր է դարձել Միջին Արևելքի հայ և տեղացի ժողովուրդների համար:

Առաջարկում ենք ընթերցել ՀՀ սփյուռքի նախարարության ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ էլեկտրոնային պարբերականի լրագրող Կարինե Ավագյանի հարցազրույցը Հայկազյան  համալսարանի հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանի հետ:

Անհնար է պատկերացնել Հայաստանը, Հայոց պատմությունն՝ առանց հայագիտության՝ մի գիտություն, որն իր մեջ ամբողջացնում է հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, լեզուն, հայոց կրոնը, աշխարհագրական միջավայրը, քաղաքակրթությունը, աղբյուրագիտությունը, հնագիտությունը, տնտեսագիտությունը, փիլիսոփայությունը, դրամագիտությունը, մատենագիտությունը և այլ գիտություններ: Անտիկ աղբյուրներներից հայագիտական նյութեր են պարունակում Հերոդոտոսի, Քսենոփոնի, Ստրաբոնի, Տակիտոսի և այլոց երկերը: Հայոց գրերի ստեղծումից հետո հայագիտությանը նպաստել են հայ պատմիչներ Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին, Ղազար Փարպեցին, Եզնիկ Կողբացին, Փավստոս Բուզանդը, Կիրակոս Գանձակեցին և այլոք: 18-րդ դարի սկզբին հայագիտությունը մեծ առաջընթաց ապրեց Մխիթարյան Միաբանության հիմնադրմամբ: Հայագիտությունը հայապահպանության կարևորագույնազդակներից է, հայապահպանությունն այն մեծ, անհատակ շտեմարանն է, որից դարեր շարունակ օգտվել են այդ գիտությամբ ուսումնասիրություն կատարողները, և միայն մեզ չէ, որ հետաքրքրել է այս գիտությունը, այլ օտարերկրացիներին, ովքեր մեծ սիրով ու ջանադրաբար մի ամբողջ կյանք նվիրել են հայագիտությանը:

Հայտնի հայագետներ Գարեգին Հովսեփյանը, Անտուան Մեյեն, Լեոն, Մանուկ Աբեղյանը, Ադոնցը, Մառը, Հակոբ Մանանդյանը, Ստեփանոս Մալխասյանցը, Միքայել Չամչյանը, Գևորգ Ջահուկյանը, Հովսեփ Օրբելին, Օրբելի եղբայրները և այլոք իրենց հսկայական ներդրումն ու գիտական մեծ ավանդն ունեն հայագիտության ոլորտում: Այս անհատակ, անեզր գիտությունը մի ամբողջ Արարաչագործ ժողովրդիտարեգրությունն է. հայագիտական նշանավոր կենտրոններ Վենետիկում, Վիեննայում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Թիֆլիսում, Կոստանդնուպոլսում, Երուսաղեմում, Փարիզում, Լոնդոնում, Բեռլինում, Լայպցիգում, Աստրախանում, Կալկաթայում, Վաղարշապատում կատարվել ու կատարվում են հայագիտական հազարավոր ուսումնասիրություններ, այդ կենտրոններից ամեն մեկը յուրօրինակ մատենադարան է, որը լրացվում ու զարգանում է նաև մեր օրերում: Սփյուռքի շատ հատվածներում գործում են այդպիսի կառույցներ, որոնք օտարության մեջ հայահավաք ուժի դեր են կատարում: Ինձ հնարավորություն ընձեռվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի համար հարցազրույց ունենալ այդպիսի կառույցներից մեկի՝ Բեյրութի Հայկազյան համալսարանի հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանի հետ:

- Հարգարժա՛ն պարոն Դաքեսյան, ասացեք խնդրեմ, ե՞րբ է հիմնադրվել Հայկազյան համալսարանի հայագիտության ամբիոնը և ի՞նչ նշանակալի, հիշատակելի գործեր է արել հայագիտության բնագավառում:

- Հայկազյան համալսարանի( այնուհետև՝ քոլեջի) հայագիտության ամբիոնը հիմնվել է համալսարանի հետ, 1955-ին: Ամբիոնի նպատակն է կազմակերպել համալսարան ընդունված ուսանողների հայագիտական նյութերի դասավանդումը: Համալսարանի հիմնադրմանը զուգահեռ՝ ստեղծվեց նաև համալսարանի հայագիտական գրադարանը: Ամբիոնի նախաձեռնությամբ 1970-ին սկսեց հրատարակվել «Հայկազյան հայագիտական հանդես»-ը(ՀՀՀ): Համալսարանի չորրորդ և նորագույն հայագիտական օղակը «Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոն»-ն է (ՀՍՈԿ), որը հիմնվել է 2012-ի հունվարին: Նկատի առնելով, որ ամբիոնն ունի իր վարիչը՝ դոկտոր Նանոր Կարագյոզյան, իսկ գրադարանի տնօրինուհին օրիորդ Սոնյա Սիսլյանն է, և քանի որ ես առնչվում եմ ՀՀՀ և ՀՍՈԿ-ի հետ՝ կարող եմ խոսել այդ մասին, անդրադառնալ դրանց: ՀՀՀ-ն հիմնվել է դոկտոր Երվանդ Քասունու նախաձեռնությամբ: Հանդեսը Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին միառժամանակ դադարեցրել է իր գործունեությունը: 1991-ին Հայր Անդրանիկ Ծայրագույն վարդապետ Կռանյանը ստանձնեց պատասխանատու խմբագրի պաշտոնը, ստեղծվեց նաև խմբագրական մարմին, որը 1991-ին հրատարակեց հանդեսի 11-րդ հատորը:1993-ին ՀՀՀ-ի խմբագրությանը միացավ Անդրանիկ Դաքեսյանն՝ իբրև պատասխանատու քոարտուղար: Հանգամանքների բերումով խմբագրակազմը փոփոխությունների ենթարկվեց: Ներկայիս խմբագրակազմում են՝ Հայր Անդրանիկ Ծայրագույն վարդապետ Կռանյանը՝1991-ից, դոկտորԱրշալույս Թոփալյանը՝ 1991-ից, դոկտոր Անդրանիկ Դաքեսյանը՝ 1993-ից, դոկտոր Արտա Էքմեքչյանը՝ 1998-ից, դոկտոր Արմեն Յուրնեշյանը՝2001-ից և դոկտոր Նանոր Կարագյոզյանը՝ 2016-ից: Հանդեսի ՀՀ ներկայացուցիչը դոկտոր Արծվի Բախչինյանն է՝ 2001-ից: ՀՀՀ-ն ունի նաև խորհրդատու մարմինը: 1991—ից սկսած՝ հանդեսը տարեկան պարբերականությամբ մեկ հատոր է հրատարակում: ՀՀՀ-ի յուրահատկություններն են՝ առաջին՝հայագիտության լայն սահմանները, որով այնտեղ տեղ են գտնում բոլոր տեսակի անտիպ, գիտական նյութեր, փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն առնչություն ունեն հայության հետ, երկրորդ՝ բովանդակությունն ունի հոդված-ուսումնասիրությունների, քննարկումների, հրապարակումների, գրախոսությունների, հաղորդումների և մահագրությունների բաժին, երրորդ՝ Սփյուռքում հրատարակվող միակ հայագիտական հանդեսն է, որ իր տարեկան պարբերականությունը պահպանում է, չորրորդ՝ ունի արևմտահայերենով ու դասական ուղղագրությամբ առատ նյութեր, հինգերորդ՝ նյութեր է հրապարակում նաև արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Հանդեսը 2001-ից ի վեր տարեկան շնորհանդեսներ է կազմակերպում նաև ՀՀ-ում (Երևանում,Գյումրիում, Արցախում, Ախալքալաքում, նաև՝ Թբիլիսիում), յոթերորդ՝ յուրաքանչյուր հատոր հաշվվում է շուրջ 35 հեղինակ-ստորագրություն, ութերորդ՝ յուրաքանչյուր հատոր ունի նաև խմբագրական՝ նվիրված հայագիտության հարցերին: Խոսեմ նաև ՀՍՈԿ-ի մասին.մինչ այժմ Կենտրոնը կազմակերպել է ավելի քան 5 գիտաժողով, որոնցից եթե օգտակար, շահեկան են հայ ինքնության, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին նվիրված գիտաժողովները, ապա կարծում եմ, որ նշանակալից է Միջին Արևելքի հայ գաղթօջախներին նվիրված գիտաժողովների շարքը. 2014-ի գիտաժողովը նվիրված էր Լիբանանի հայկական գաղթօջախին, 2015-ինը՝ Սիրիայի, 2016-ինը՝ Հորդանանի, 2017-ինը պետք է նվիրված լինի Իրաքի հայկական գաղթօջախներին, 2018-ինը՝ Եթովպիայի, Եգիպտոս-Սուդանի, ապա՝ նաև Կիպրոս-Հունաստանի, Ծոցի արաբական երկրներին…Գիտաժողովները մեծ ոգևորություն և հետաքրքրություն են առաջացնում հայագիտական շրջանակներում: Իբրև օրինակ ցանկանում եմ նշել այն, որ 2017-ի մայիսին Իրաքի հայկական գաղթօջախներին վերաբերող գիտաժողովին 45 գիտաշխատող է հայտ ներկայացրել՝ Միացյալ Նահանգներից մինրև Ավստրալիա. նրանց շարքում կան հայեր, նաև՝ արաբներ ու այլ օտարազգիներ:

- Ձեր կարծիքով այսօր հայագիտությունը, որպես գիտություն, կարողանու՞մ է արդյոքհայապահպանական առաքելություն իրականացնել աշխարհի տարբեր երկրներում հիմնադրված հայկական գաղթօջախներում:

– Հայագիտությունն ունի հայությանն առնչվող գիտելիքի հայտնաբերման, ստեղծման, մշակման և գիտականացման առաքելություն: Հայության տարածվածությունը և հայագիտությամբ զբաղվողների համեմատությունները խոսում են ի վնաս հայագիտական նյութերի մի շարք երեսակների ակամա չմշակումների: Այսինքն՝ ժամանակակից ամբողջ հայագիտական հումքը չէ, որ արժանանում է հայագիտական ուշադրության՝ համապատասխան կադրեր չլինելու պատճառով: Գոյություն ունի նաև հարցի մյուս երեսը՝ այն, որ վստահ չեմ, թե հայագիտության պարտականությունն է ստեղծված, առաջացած «բերքի սպառումով» զբաղվելը: Հայագիտական «արտադրության հյութի մատուցում-սպառումը» (այսինքն՝ եթե կարելի է ձևակերպել՝ իբրև հանրային շրջանառության դրվելը, առաջացած գիտական եզրակացության տվյալները վերափոխելն ու դրանց օգտագործումը հայկական հասարակության քաղաքականության մեջ) թվում է, թե պետք ունի ավելի արհեստավարժ մոտեցման: Այս առումով տպավորությունս այն է, որ հայագիտությունը հայապահպանությանը քիչ է ծառայում: Նաև այն պատճառով, որ քիչ է այն մարդկանց թիվը, ովքեր հայագիտական ուսումնասիրություններով ստեղծված տվյալ-եզրահանգումները փոխակերպում են հանրային սպառման առարկաների և հանրային հաղորդամիջոցների ճանապարհով մատուցում են հասարակությանը:

- Պարո՛ն Դաքեսյան, համագործակցու՞մ եք ուրիշ երկրներում գործող նմանատիպ կառույցների, կենտրոնների հետ:

- Խոսքս կկենտրոնացնեմ ՀՀՀ-ի և ՀՍՈԿ-ի վրա. երկու պարագաներում էլ մեծապես գործակցում ենք, մանավանդ՝ ՀՀ-ի թե՛ հայագիտական կրթօջախների, թե՛ անհատ հայագետների հետ. վկա՝ գիտաժողովների հայաստանյան մասնակցությունը և ՀՀՀ-ի աշխատակիցների ցանկը: Հայրենի կենտրոնների հետ մեր գործակցությունը, կարող եմ նկատել, որ կայացած է, թեև, միշտ էլ, կարելի է ավելին անել: Իսկ սփյուռքյան կառույցների հետ համագործակցությունը նույն ծավալով չէ՝ տեխնիկական և մարդուժի սահմանափակումների պատճառով:Պետք է ասեմ, որ ուշագրավ գործակցության մեջ ենք Սփյուռքի շատ հայագետների հետ, որոնցից ոմանք, կապված լինելով կենտրոնների հետ, մեր գործակցությունը դարձնում են կենտրոնների համագործակցություն:

– Ասացեք, խնդրեմ, ի՞նչ դեր է կատարում այս գիտությունը հայապահպանության կարևոր գործում, ինչու՞մ է նրա զորությունը, ներուժը:

- Հայագիտության հզորությունը թերևս ուղիղ համեմատական է հայ ժողովրդի անցյալի ու ներկայի կենսագործունեությանը, ոչ հայերի հետ ունեցած շփումներին ու հարաբերություններին: Իսկ այդ կենսագործունեությունը, շփումներն ու հարաբերությունները քիչ չեն: Հայերն աշխույժ, դինամիկ, ուժեղ ժողովուրդ են: Հայագիտությունն ուղիղ համեմատական է նաև հայ ժողովրդի բոլոր ոլորտներում հայ ազգի հանդեպ ունեցած ապագայի տեսլականին: Կկրկնեմ. հսկայական հումք կա, որն աներևակայելի ներուժ ունի: Հայագիտությամբ զբաղվողներն իրենց սահմանափակ միջոցներով չեն կարող այդ ամբողջ ներուժը մշակել-գիտականացնել: Դեռ ավելին՝ մշակված-գիտականացվածն անգամ բավարար չի օգտագործվում իբրև ռազմավարական ուժանյութ: Ելնելով այս անհամապատասխան անհամաչափուփյունից՝ թերևս հայագիտության ժամանակակից մեծագույն մարտահրավերներից կարելի է նկատել հայագիտական կարևոր ոլորտների առաջնահերթությունները: Ըստ իս, հայագիտության երկրորդ խոշոր մարտահրավերըն իր վերափոխումն է՝ պատմողական, փաստերի մատուցման, նկարարագրողական ոճից ու եղանակից դեպի տեսլականացում: Համոզված եմ, որ հայ ընթերցողն, օրինակ, որքա՜ն կարիք ունի գիտենալու, թե ինչ է կատարվել 14-րդ դարում Լիբանանում հաստատված հայերի հետ և ինչ նպաստ են ունեցել նրանք հայության համար, նաև կարիք ունի իմանալու, թե ինչ հանգամանքների և պայմանների ներքո է առաջանում սփյուռքահայ գաղթօջախը, ինչ գործոններ են այն զորացնում կամ տկարացնում…Այլ խոսքով՝ հայագիտությունը պարտավոր է նպաստել, որ հայ մտադրույթը միայն գիտելիք ամբարել-մոռանալ-նորը իմանալուց անցնի այդ գիտելիքներից առաջացած տեսաբանությանը:

Աղբյուրը՝ hayernaysor.am