Հունվարի 19 2017 Բաժինը՝ Լուրեր

Մեծ հերոսի հիշատակին․ Հրանտ Դինք


«Բայց մեկ բան գիտեմ, որ փոփոխություններ կլինեն՝ դեպի լավը կամ դեպի վատը։ Որտեղի՞ց գիտեմ։ Ես ոչ թե տեսնում եմ փոփոխությունը, ես ապրում եմ փոփոխությունը»․ Հրանտ Դինք (1954-2007)։

Ուղիղ տասը տարի առաջ՝ 2007թ․ հունվարի19-ին, Թուրքիայում լույս տեսնող ԱԿՕՍ պարբերականի Ստամբուլի խմբագրության մոտ սպանվեց թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը՝ հերոս, ով հաղթահարեց խոսելու արգելքը Թուրքիայում։ 

Բրիտանացի ականավոր լրագրող, Մերձավոր Արևելքում Լոնդոնյան ‘Independent’ լրատվականի թղթակից Ռոբերտ Ֆիսքը բնութագրեց Հրանտ Դինքին որպես 1,500,001-րդ զոհը Հայոց Ցեղասպանության։

Սա մեծ ցնցում էր նաև Թուրքիո հասարակության համար՝ այն աստիճան, որ հարյուր հազարավորներ մասնակից էին սգո քայլերթին, նրանք ձեռքերում պահում էին դրոշներ և ցուցանակներ՝ «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք» գրությամբ։

Հրանտ Դինքը մեկ այլ Հրանտի՝ Հրանտ Գյուզելյանի լավագույն ուսանողներից մեկն էր։ Հ․Գյուզելյանն իր զորեղ քրիստոնեական հավատքի օգնությամբ կարողացավ ոչ միայն կորստից փրկել բազում հայ մանուկների՝ տեղափոխելով Անատոլիայի՝ վտանգում գտնվող հայ ընտանիքներին «Ստամբուլի պատանեկան տուն» (որն ապագայում ընդարձակվեց՝ «Արմեն ճամբար»), այլև կրթել նրանց՝ ուսուցանելով հայ մշակույթի տարրերը։

Հրանտ Դինքը մի պայծառ աստղ էր ուսանողների շրջանում։ Թուզլա թաղամասի «Արմեն» ճամբարի կառուցմանը ձեռնամուխ լինելուց հետո նա ստանձնեց Գետիկ Փաշայի Հայ Ավետարանական եկեղեցու պատասխանատվությունը՝ թուրքական կառավարության կողմից ճամբարի առգրավումից և Գյուզելյանի կալանավորումից ու աքսորից հետո։

Հրանտ Դինքի կյանքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ստամբուլի Թուզլա թաղամասի ճամբարի պատմությունը, դրա ստեղծումը և առգրավումը թուրքական իշխանությունների կողմից, մեծ հետք թողեց նրա հոգեկան աշխարհի վրա, որը եղավ շարժիչ ուժ՝ պայքարելու համար «Արմեն» որբանոց-ճամբարի վերադարձման,  արդարադատության համար, արդարության և խոսքի ազատ արտահայտման, Թուրքիայում փոքրամասնությունների իրավունքների և գործող ժողովրդավարության համար՝ համաձայն թուրքական օրենսդրության:

2007թ. հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց:

17 տարեկան պատանին՝ Օգյուն Սամաստը, հանցագործ էր: Սակայն սպանությունը կատարվեց խավարի իշխանության կողմից՝ թուրքական քրեական օրենսգրքի 301 հոդվածով, Թուրքիայի Հանրապետությունում գործող ներքին ուժային մարմինների ձեռքով։

Հրանտի պայքարը մասնակիորեն վարձատրվեց:  2015թ. հոկտեմբերի 27-ին «Արմեն» ճամբարը վերադարձվեց Ստամբուլի Գետիկ Փաշա թաղամասի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցուն:

101 տարի անց՝ Ցեղասպանությունից և 10 տարի անց Հրանտ Դինքի սպանությունից, սակայն, թուրքական պետությունը դեռ ժխտողական խորը քնի մեջ է:

Մենք կիսում ենք Դինքի արժեքները արդարադատության, արդարության, խոսքի ազատ արտահայտման և գործող ժողովրդավարության համար այն հողում, որին նա արդարացիորեն հայրենիք էր կոչում:

Մենք շնորհակալ ենք Աստծուն նրա թողած ժառանգության համար և գլուխ ենք խոնարհում նահատակված հերոսի առջև: Մենք խորապես համոզված ենք, որ նրա արյունը զուր տեղը չի թափվել և նրա ձայնը երբեք չի լռի:

Զավեն Խանջյան

ԱՀԱԸ գործադիր տնօրեն

Տեսանյութ