Հունվարի 25 2017 Բաժինը՝ Լուրեր

Մեր սաների նոր նվաճումները


Գյումրու գրասենյակի խմբակների և ՀԱԵ Կիրակնօրյա դպրոցի երեխաները հպարտանալու շատ առիթներ են տալիս, բայց հատկանշական էր, որ 2016 թվականն ավարտեցինք նոր ձեռքբերումներով, իսկ 2017-ն սկսում ենք հաղթանակներով: Ունենք 3 նոր նվաճումներ և ուզում ենք այս ուրախությամբ բաժնեկցել ձեզ հետ:

2016թ․ դեկտեմբերի ավարտին Գյումրիում կայացավ ծանրամարտի պատանիների բաց առաջնություն, որին մասնակցում էր Գյումրու ՀԱԵ Կիրակնօրյա դպրոցի սան՝ 9-ամյա Կարինե Ավդալյանը: Կարինեն մրցաշարում նվաճեց պատվավոր առաջին տեղը: Նա շատ աշխույժ է կիրակնօրյա դպրոցում և շատ է սիրում ԱՀԱԸ մանկական ծրագրերը:

2016թ․ դեկտեմբերին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված մրցույթին մասնակցեց Անժելա Պապիկյանը: Անժելան մեր կամավորներից է, ամռանն օգնում է ճամբարային ծառայություններում: Ներկայումս սովորում է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Միջազգային Տնտեսական Հարաբերություններ» ֆակուլտետի 4-րդ կուրսում: Բարձր առաջադիմության և ուշագրավ հետազոտական աշխատանքի համար Անժելան ստացավ 6-ամսյա կրթաթոշակ Կենտրոնական Բանկի կողմից: 

2017թ․ հունվար ամսին Երևանում կայացավ Հայաստանի հրաձգության մեծահասակների առաջնություն: ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի կամավոր Հովհաննես Մարգարյանը բազմիցս մասնակցել է նման առաջնությունների, 2016-ին եղել է փոխչեմպիոն, այս անգամ գնդակային հրաձկության մեջ կրկին նվաճեց երկրորդ տեղը: Հովհաննեսը մեր գրասենյակի կամավորներից է և ակտիվ մարզիկ:

Շնորհավորում ենք մեր սաներին եւ հավատում ենք, որ ունենալու ենք նոր նվաճումներ:

Կարեն Մանուկյան

ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի պատասխանատու