Փետրվարի 21 2017 Բաժինը՝ Լուրեր

Մարդասիրական բժշկական օգնություն՝ Հայոց բանակին


Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ Դեղորայքի և բուժտեխնիկայի կենտրոնական բազայում տեղի ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից որպես օգնություն տրամադրված բուժսարքավորումների, գործիքների, մահճակալների, մասնագիտական գրականության և այլ հարկավոր պարագաների հերթական խմբաքանակի հանձնումը:

Ներկա էին Ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, արտաքին կապերի պատասխանատու Լուսինե Օհանյանը, ՊՆ դեղորայքի և բուժտեխնիկայի կենտրոնական բազայի պետ մայոր Նվեր Առաքելյանը:

- Այս ամենը խիստ անհրաժեշտ են մեր հոսպիտալների և մյուս բուժհաստատությունների համար, - իր շնորհակալական խոսքում ասաց բազայի պետ մայոր Նվեր Առաքելյանը, - սրանք կնպաստեն բժշկական օգնության և սպասարկման բարելավման գործընթացին: Պետք է շեշտեմ, որ սա առաջին օգնությունը չէ. 2015-ին Ընկերակցությունը մեր կենտրոնական հոսպիտալին նվիրեց բազմաթիվ էլեկտրոնային կառավարմամբ մահճակալներ և սարքավորումներ: Ես շնորհակալություն եմ հայտնում Ընկերակցությանը մեր բանակին օժանդակելու համար:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը համառոտ տեղեկացրեց, որ այս օգնությունը Հայ Ավետարանչական ընկերակցության միջոցով իրականացել է ԱՄՆ-ում գործող ՄԱԹԹԵՐ (Matter) կազմակերպության շնորհիվ, իսկ տեղափոխումը ֆինանսավորել է բժիշկ Քրիս Թաշչյանը: Նա շեշտեց, որ այս սարքավորումներն ու գործիքները մանրամասն ստուգվել են մինչև Հայաստան ուղարկվելը և հավաստիացրեց, որ ՊՆ ներքո գտնվող բուժհաստատություններին տրամադրվող օգնությունը կլինի շարունակական:

Ընթերցեք նաեւ՝

Աջակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին 

Հայ Ձայն․ AMAA-ի Օգնութիւնը Հայկական Բանակին