Մարտի 17 2017 Բաժինը՝ Լուրեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԱՅՑԸ ՀԱԼԵՊԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Հունվարի 7-ի երեկոյան, ժամը 17.00-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այցելեց Հալեպի Հայ Ավետարանական Բեթել եկեղեցի եւ հանդիպեց տեղի ժողովրդի հետ:

Վեհափառ Հայրապետը եկեղեցու շրջափակ մտավ ՀՄՄ-ի նվագախմբի՝ Սիրիայի եւ Հայաստանի հիմների հնչյունների ուղեկցությամբ:

Արամ Ա. Կաթողիկոսը ծաղկեպսակ դրեց եկեղեցու տարածքում գտնվող Հայոց Ցեղասպանության հուշակոթողին և մտավ եկեղեցի:

Ընդունելության գեղարվեստական հայտագրին մասնակցեց նախ՝ Հայ Ավետարանական Էմմանուել եկեղեցու երգչախումբը, ապա` Արամ Խաչատրյանը կատարեց «Կիլիկիա» երգը: Երաժշտական կատարումներով հանդես եկավ եկեղեցու լարային քառյակը:

Բարի գալուստի խոսքում Հայ Ավետարանական եկեղեցիների, հարակից կազմակերպությունների եւ հաստատությունների անունից Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ջերմորեն ողջունեց Սիրիայի Հայ Ավետարանական Համայնքի համայնքապետ վերապատվելի Հարութ Սելիմյանը:

Վերապատվելի համայնքապետը իր խոսքում անդրադարձավ սիրիահայության եւ, հատկապես, հալեպահայության կրած դժվարություններին` շեշտելով, որ տեղացի իսլամ ժողովուրդը ևս անմասն չմնաց այլազան դժվարություններից:

Նա մատնանշեց. «Պատերազմի ճգնաժամային տարիները հաղթահարեցինք միասնականությամբ ու համագործակցությամբ»:

Այնուհետև վերապատվելի Հ. Սելիմյանը խորհրդանշանական հուշանվեր հանձնեց Վեհափառ Հայրապետին:

Վեհափառը, իր պատգամն ուղղելով հավատացյալ հոծ բազմությանը, կարևորեց հալեպահայության հավատքի զորությունն ու կամքը, որոնք խթան հանդիսացան պատնեշի վրա մնալու եւ վերականգնվելու տեսիլքով գոտեպնդվելու: Այս իմաստով Նորին Սրբությունը բարձր գնահատեց հալեպահայ երեք համայնքապետերի համատեղ ժրաջան աշխատանքը Սիրիահայության Շտապ Օգնության և Վերականգնումի կազմակերպության հետ:

Վեհափառ Հայրապետը վերապատվելի Հ. Սելիմյանին, որպես գնահատանք մեր տառապյալ ժողովրդին անմնացորդ ծառայելուն, պարգեւատրեց ոսկեզօծ խաչով:

Ընդունելությունն ավարտվեց Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով:

Հավատացյալները, ընդունելության ջերմ մթնոլորտով քաջալերված, հրաժեշտ տվեցին Արամ Ա. Կաթողիկոսին: