Մարտի 16 2017 Բաժինը՝ Լուրեր

Ճանապարհորդություն դեպի մանկություն


ԱՀԱԸ Գյումրու ցերեկային կենտրոնի սաները մեծ ոգևորությամբ էին սպասում այս օրվան: Տոնելու էինք ցերեկային կենտրոնի մեկամյակը, և նրանք ուզում էին իրենց լուման ներդնել այնքա՜ն սիրելի դարձած կրթօջախի հոբելյանական տարեդարձի առթիվ:

Մարտի 15-ը ԱՀԱԸ Գյումրու գրասենյակում եռուզեռ էր: Մեծ ու փոքր, տոնական տրամադրությամբ լցրեցին դահլիճը: Ցուցադրվեց ցերեկային կենտրոնի մեկամյա գործունեությունը ներկայացնող ֆոտոֆիլմ:

Այնուհետև ցերեկային կենտրոնի սաները բեմադրեցին «Ճանապարհորդություն դեպի մանկություն» ներկայացումը: Այն նվիրված էր ծնող-երեխա փոխհարաբերություններին: Բեմականացման վերջին մասում ցուցադրվեց ֆոտոկոլաժ՝ կենտրոնի սաների և նրանց ծնողների մանկության նկարներով, որը զուգորդվեց ներկայացման գլխավոր հերոս «Մանկության»՝ ծնողներին ուղղված պատգամով:

ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի պատասխանատու Կարեն Մանուկյանը հանդես եկավ ոգևորիչ ելույթով, ապա միջոցառումը եզրափակեց վերապատվելի Համլետ Կյուրեղյանը՝ իր աղոթքով և օրհնությամբ։ Հաջորդիվ, բոլոր ներկաներն իրենց տպավորությունները կիսեցին տոնական սեղանի շուրջ:

Յուրաքանչյուր ոք դահլիճից դուրս եկավ մանկացած ու քաղցր հուշերով:

Հ.Գ. Միմյանց հասկանալու միակ ճշմարիտ ուղին սերն է:

Թամարա Սնխչյան

Տեսանյութ