Ապրիլի 06 2017 Բաժինը՝ Լուրեր

Ավետիսյան կրթահամալիր այցելեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը


Հայ Ավետարանչական ընկերակցության և Երևանի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ» դպրոցի և համայնքային կենտրոնի հրավերով ապրիլի 5-ին Ավետիսյան կրթահամալիր այցելեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը:

Միացյալ Նահանգների դեսպանին և նրա ուղեկիցներին դիմավորեցին համայնքային կենտրոնի և ավագ դպրոցի սաները, որոնք ընդարձակ համայցով հյուրերին ծանոթացրին կրթահամալիրի պայմաններին և հնարավորություններին: Պատանի ուղեվարների բացատրություններից, նրանց վարժ անգլերենից և կրթահամալիրում իր տեսածից տպավորված դեսպանը հայ մանուկներին հրավիրեց զրույցի:

Կրթահամալիրի նիստերի սրահում կազմակերպված հանդիպումն առաջին իսկ րոպեներից վերածվեց աշխույժ երկխոսության: Դպրոցականները պարոն Ռիչարդ Մ. Միլս Կրտսերին ուղղեցին իրենց հուզող բազմաբնույթ անկեղծ հարցեր: Պատասխանելով դրանց՝ դեսպանը պատմեց հայ-ամերիկյան բարեկամության, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան իրականացրած, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի մասին և ինքն էլ իր հերթին նրանց դիմեց հարցերով: Նա Ավետիսյան կրթահամալիրի սաներին հրավիրեց դեսպանատան ֆեյսբուքյան էջ՝ ծանոթանալու իրենց ձեռնարկումներին և առաջարկեց դառնալ դրանց մասնակիցը:

Հանդիպման ավարտին պարոն Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը կրթահամալիրին նվիրեց անգլերենի խորացված ուսուցման ձեռնարկ և ԱՄՆ տեսարժան վայրերի նկարների հավաքածու:

Եվ վերջում՝ հրաժեշտի լուսանկար կրթօջախի նախասրահում:

avedisianschool.am