Ապրիլի 18 2017 Բաժինը՝ Լուրեր

Մտորումներ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ


Մոտենում է ապրիլի 24-ը և այդ օրը Երևանում կրկին հարյուր հազարավոր հայեր կբարձրանան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայաստանի այլ քաղաքներում և Սփյուռքում ևս միլիոնավոր հայեր հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության հուշակոթողների մոտ:

Աշխարհի տարբեր երկրներում կշարունակվեն Ցեղասպանությունը պետական մակարդակով ճանաչելու և դատապարտելու ջանքերը:

Այս ամենը, իհարկե, անհրաժեշտ է, կարևոր և ողջունելի: Սակայն մենք կկարողանանք Ցեղասպանության զոհերի հիշատակը լավագույնս հարգել՝ հզոր, զարգացող պետություն կառուցելով:

Այս նպատակին հասնելով՝ մեր արդարության և փոխհատուցման պահանջները շատ ավելի արդյունավետ կդառնան: Միայն հզոր ու կայացած պետությունը կկարողանա միջազգային ատյաններում իր ձայնը լսելի դարձնել ու արդարության հասնել:


Իսկ հզոր պետություն կառուցելու համար յուրաքանչյուր հայ, ղեկավարվելով քրիստոնեական և համամարդկային բարոյական արժեքներով, բարձրացնելով կողքինին, պետք է համագործակցի իր հայրենակիցների հետ՝ մի կողմ դնելով կուսակցական, հարանվանական, համայնքային և անձնական շահերը, եթե դրանք խանգարում են ընդհանուր գործին:

Հայության հարատևությունը միմիայն հզոր, օրինապաշտ և իր քաղաքացիների հանդեպ հոգատար պետություն ունենալու մեջ է:

Հարութ Ներսեսսյան

ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ