Մայիսի 07 2017 Բաժինը՝ Լուրեր

Գեղեցիկ միջոցառումներ Դիլիջանում


Ապրիլ ամիսը հագեցած էր Հայ Ավետարանչական ընկերակցության Դիլիջանի կրթադաստիարակչական ցերեկային կենտրոնում և Հայ Ավետարանական եկեղեցու կիրակնօրյա դպրոցում։

Դիլիջանի ՀԱԵ կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհիները և սաները, Հայ Ավետարանչական ընկերակցության Դիլիջանի ցերեկային կենտրոնի ուսուցիչների և աշակերտների հետ համատեղ, ապրիլի 1-ին կազմակերպեցին մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում, իսկ ապրիլի 14-ին հանդիսավորապես նշեցին Քրիստոսի Սբ․Հարությունը։

Մայրության տոնին նվիրված միջոցառմանը մասնակցեցին 20 մանուկներ, ովքեր ներկա հյուրերին պարգևեցին անմոռանալի ժամեր։ Նրանք իրենց գեղեցիկ ելութներով՝ երգերով, պարերով, ասմունքներով, ջերմությամբ լցրեցին իրենց մայրիկների և ներկաների սրտերը։ Հնչեցին Պարույր Սևակի և Հովհաննես Շիրազի` մորը նվիրված բանաստեղծություններ, հայրենասիրական երգեր։ Միջոցառման ավարտին երեխաները «Սիրելի մայրիկ» հոգևոր մանկական երգի ներքո մայրիկներին նվիրեցին իրենց պատրաստած թղթե ծաղիկները և կոնֆետներ։

Հարության տոնին երեխաները ներկայացրին «Քրիստոս հարություն է առել» ներկայացումը։ Այնուհետև մանկական երգչախումբը հարությանը նվիրված երգերով փառաբանեց Աստծուն։ Ամենահետաքրքիրն այն էր, որ մանուկներն իրենց նախաձեռնությամբ բոլոր ներկաներին քաջալերեցին իրենց հետ բարձրաձայն արտասանելու Հարության Ավետիսը՝

Քրիստոս Հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի, Ձեզ և մեզ մեծ Ավետիս։

Վեր․ Գառնիկ Թութիկյան

ԱՀԱԸ Դիլիջանի գրասենյակի պատասխանատու