Մայիսի 08 2017 Բաժինը՝ Լուրեր

Մեր ճակատագիրը ամուր ձեռքերում է


Հարգելի՛ հայրենակից

Մեր մայիսյան հաղթանակները Սարդարապատի հերոսամարտում, Երկրորդ համաշխարհայինում և Արցախի պատերազմում հարգանքի, երախտագիտության զգացում են առաջացնում բոլոր այն հայորդիների առջև, ովքեր հանուն Հայրենիքի, հանուն մեր ժողովրդի արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի՝ զոհաբերեցին իրենց կյանքը:

Մենք պարտավոր ենք պահպանել անցած հաղթանակների հաղթական ոգին և փոխանցել այն մերօրյա հերոսներին: Նրանցից ոմանք 2016-ի ապրիլին մեկ անգամ ևս ամբողջ աշխարհին փաստեցին, որ մեր հաղթանակների ոգին անմահ է, հայ սպայի ու հայ զինվորի ոգին` անկոտրում: Մեր զոհված հերոսները, ինչպես անցյալում, ոսկե տառերով գրեցին իրենց անունները մեր պատմության մեջ և մեր սրտերում: Նրանք անմահացան կռվի դաշտում, իսկ մենք հանուն մեր հայրենիքի բարգավաճման և մեր ժողովրդի բարեկեցության պիտի ամենօրյա ազնիվ ու արդյունավետ աշխատանքով արդարացնենք մեր զոհված հայրերի, եղբայրների ու զավակների գործը:

Այսօր, առավել քան երբևէ, հրատապ են մեր Մեծ Հայրենակցի՝ Շառլ Ազանվուրի հետևյալ խոսքերը.

…Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,

…Ուզում եմ տեսնել, ցանկություն, ձգտում,

Ճակատագիրդ ձեռք առնելու,

Ճակատագիրդ ամուր պահելու:

Մեր ճակատագիրը Աստծո` Հիսուս Քրիստոսի և մեր ձեռքերում է: Մենք այն կպահենք ամուր, և ոչ մի ոսոխ չի կարողանա մեր ձեռքից խլել այն, ինչ տրվել է Աստծուց, և մենք պահել ենք դարեր:

Մեր խոնարհումը, պատիվն ու հարգանքը  բոլոր ժամանակների հայ հերոսներին:

Արսեն Մանասյան

Հայ Ավետարանչական ընկերակցության գործերի կառավարիչ

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Արցախի ներկայացուցիչ