Մայիսի 11 2017 Բաժինը՝ Լուրեր

Ազատ թռիչք մանուկներին


Երեխան նման է հում կավի, որից կարելի է ստեղծել, արարել նորը: Նաև հնարավոր է փչացնել, եթե արհեստավարժ չէ կավի հետ գործ ունեցողը: Կարելի է անփույթ լինել և գեղեցիկ արարվածքի վրա թողնել հետքեր, որոնք կփչացնեն նրա գեղեցկությունը: Կարելի է նաև կոպտորեն վնասել ու ճեղքեր առաջացնել… 

Եվ ուրեմն, յուրաքանչյուր ոք, ով ի պաշտոնե գործ ունի երեխաների հետ, նման է բրուտի, ում ամենայն վստահությամբ փոխանցել են հում կավը, որպեսզի հետո ստանան գեղեցիկ արարչագործություն:

Մինչ երեխայի հետ աշխատելը պետք է մաքրվել հոգով, քանզի երեխայի առջև կանգնող մանկավարժը ոչ միայն տալիս է առարկայական գիտելիքներ, այլև հանդես է գալիս՝ որպես մարդկային դրական կերպարի լավագույն օրինակ:

Մանկավարժը երեխայից կերտում է նոր մարդ, և այն, թե նա ինչպես է վերաբերվում երեխային, ինչպես է հղկում նրա դրական կողմերը և ներմուծում նորը, ապագա հասուն մարդու անբաժան մասն է դառնալու: 
Ուստի յուրաքանչյուր մանկավարժ, մինչ դասարանի առջև կանգնելը, պետք է ինքն իրեն հարցնի՝ արդյոք ի զորու՞ է թևեր տալու երեխաների երազանքներին, թե՞ անզգուշորեն կտրում է այդ թևերը:

ԱՀԱԸ Գյումրու կրթադաստիարակչական ցերեկային կենտրոնի անձնակազմը երեխաների հետ պարբերաբար սերտում է ուսանելի աֆորիզմներ: Դրանք ավելի ակնառու և հիշվող դարձնելու նպատակով ստեղծվել է պաստառ: Այստեղ պատկերված է օդապարիկ, որի մեջ «տեղավորված» են ՑԿ սաներն աստղիկների տեսքով, և աֆորիզմները ներկայացնող փուչիկներով փորձում են վեր ընթանալ ու ճախրել իրենց երազանքների երկնքում:

Արդյունքում, օդապարիկը բարձրանում է և հաստատուն ընթացք սկսում ուրախ արեգակի ուղեկցությամբ:

Թամարա Սնխչյան
ԱՀԱԸ Գյումրու գրասենյակի սոցիալական աշխատող