Մայիսի 24 2017 Բաժինը՝ Լուրեր

ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը մայիսի 22-23-ը գտնվում էր Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունում


Առաջին օրը՝ մայիսի 22-ին, պրն Խանջյանը եղավ Շուշիի Հայ Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո գործող «Պետրոսյան» ամառային հանգստի ճամբարում: Այս օրերին ճամբարում և տարածքում կատարվում են բարեկարգման և շինվերանորոգման աշխատանքներ. ավելացվում են կանաչ տարածքներ, բացվում են նոր ծառուղիներ, բարեկարգվում է ճամբարի բակը, շենքերի ներսում կատարվում են հարդարման աշխատանքներ:
Այս ամենին ծանոթանալուց հետո Զավեն Խանջյանը ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանի և Արցախի ներկայացուցիչ Արսեն Մանասյանի հետ քննարկեց հետագայում ճամբարի հարմարավետության պայմանների զարգացման հարցեր:

 

* * *


Նույն օրը Զավեն Խանջյանը եղավ Հայ Ավետարանչական ընկերակցության Շուշիի «Բիլեզիկյան» մանկապարտեզում, ծանոթացավ մանկապարտեզի աշխատանքներին՝ դաստիարակության և ուսման ընթացքին:
Պրն Զ. Խանջյանը հանդիպեց տնօրեն Դիանա Դանիելյանի հետ, որը նաև նույն շենքում տեղավորված ՇՈՂ ցերեկային կենտրոնի տնօրենն է և ավագ սոց. աշխատող Գայանե Եղիազարյանի հետ: Պրն Խանջյանը բարձր գնահատեց երեխաների շրջանում նրանց կողմից տարվող աշխատանքը և խոստացավ ԱՀԱԸ կողմից ամեն բան անելու էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու մանկապարտեզի և ցերեկային կենտրոնի աշխատանքները:

 

* * *


Ստեփանակերտում Զավեն Խանջյանը եղավ Հայ Ավետարանչական ընկերակցության գրասենյակում, հետաքրքրվեց գրասենյակի կողմից տարվող ծրագրերի ընթացքից և եղավ Ստեփանակերտի Հայ Ավետարանչական ընկերակցության «Բաղդիկյան» մանկապարտեզում: Պետք է նշենք, որ ի շնորհիվ Հայ Ավետարանչական ընկերակցության բավականին հագեցած է կազմակերպվում երեխաների առօրյան: Այստեղ նրանք սնվում են, քնում հարմարավետ մահճակալներին, խաղում խաղահրապարակներում:
Պրն Զ. Խանջյանը շնորհակալություն հայտնեց մանկապարտեզի անձնակազմին լավ աշխատանքի համար:

 

* * *


Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 23-ին հյուրընկալել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին:
Ազգային ժողովի ղեկավարը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել Արցախում՝ ԱՀԱԸ կողմից կատարվող աշխատանքները:
Հանդիպման ընթացքում պրն Զավեն Խանջյանը Աշոտ Ղուլյանին իր հիացմունքը հայտնեց և ասաց, որ ամեն անգամ Արցախ այցելելով տեսնում է, թե ինչպես են արցախցիները զարգացնում իրենց երկիրը՝ թե տնտեսական և թե քաղաքական ոլորտներում: Նա հավաստիացրել է, որ ԱՀԱԸ ինչպես նախկինում, այսուհետ ևս կշարունակի իր ծառայությունները Արցախում ներառելով մարդասիրական նոր ծրագրեր:
Կողմերը խոսել են Արցախի ներկա վիճակի, Սփյուռքի՝ Արցախին օգտակար լինելու հեռանկարների մասին:

 

* * *


Պրն Զավեն Խանջյանը նույն օրը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արք. Մարտիրոսյանի հետ:
Նրանք խոսել են երկու՝ Հայ Առաքելական և Հայ Ավետարանական եկեղեցիների հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների մասին:

* * *


Մայիսի 23-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին, կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանին և Արցախի ներկայացուցիչ Արսեն Մանասյանին:

 

* * *

Ընթերցեք նաեւ՝

ARTSAKH.TV։ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

PRESIDENT.NKR.AM: Հանդիպում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության հետ

ARTSAKHPRESS.AM: Նախագահն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

CROSSNEWS.AM: Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

PROTESTANT.AM: Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի այցը Արցախի Հանրապետություն

* * *

 

Տեսանյութ