Հունիսի 01 2017 Բաժինը՝ Լուրեր

«Մանուկների տոնն է 1-ը հունիսի… Օրը խինդով լի է, դու ինձ հետ կիսի՛ր…»


Հայ Ավետարանչական ընկերակցությունում տոնել են հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Այսօրվա խորհուրդն, իհարկե, պայծառ աչուկներով, ժպտերես դեմքով, լուսավոր ապագայի հավատով երեխաներն են:

Տոնի առիթով Ընկերակցությունը կազմակերպել էր օրվա խորհրդին համահունչ միջոցառում: Հայ Ավետարանչական ընկերակցության կենտրոնում էին հավաքվել Ընկերակցության և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու քրիստոնեական դաստիարակության, գեղարվեստական խմբերի և հովանավորված երեխաները, կիրակնօրյա դպրոցների սաները և հրավիրված բազմաթիվ երեխաներ:


Երգի, երաժշտության հնչյունների ներքո ասպարեզ մտան ծաղրածուն, հեքիաթների հերոսները, որոնք շուրջպար բռնելով տոնը դարձրին էլ ավելի ուրախ: Երեխաները միասին պարեցին, խաղացին, արտասանեցին…

Հետո բոլորը եկան դահլիճ և դիտեցին ՅՈՒՆԻՄԱ-ՀԱՅԱՍՏԱՆԻ «Կարապետ» տիկնիկային թատրոնի (գեղ. ղեկավար՝ Արմեն Սաֆարյան) «Ճշմարտախոս Մասսարոն» ներկայացումը, որի հիմքում Աստվածաշնչյան «Մի՛ ստիր» պատվիրանն է:

Ներկայացման ավարտին երեխաներն ու ծնողները շնորհակալություն էին հայտնում կազմակերպիչներին հունիսի 1-ը բովանդակալից և ուրախ տոնի վերածելու համար: