Հունիսի 01 2017 Բաժինը՝ Լուրեր

Հունիսմեկյան ամենաջերմ շողիկները


Յուրաքանչյուր հասարակություն պետք է իր երեխաների համար ցանկանա այն, ինչ լավագույն և ամենախելամիտ ծնողն է ցանկանում իր երեխայի համար:
Ջ. Դյուի

Այսօր՝ երկար սպասված ամռան առաջին օրը, ողջ աշխարհում նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ.: Եվ ամեն տարի այս օրը տարբեր կազմակերպություններ ձգտում են ինքնատիպ ու անմոռանալի դարձնել երեխաների այս մի օրը: Ամենուրեք կարելի է հանդիպել գունեղ փուչիկների, երեխաներին ուրախացնող մուլտհերոսների, մանկական երգ ու պարի:

Տարվա այս միակ օրը, ասես, ողջ երկիրը վերածվում է ինչ-որ հեքիաթային դրախտավայրի: Ամենուրեք կարելի է հանդիպել մանկության կարոտով թախծող ու ժպտադեմ տատիկների ու պապիկների, հուզված մայրիկների ու հայրիկների և զրնգուն, քաղցր ղողանջի նման մանկան խինդ ու ծիծաղի:


Եվ, ինչպես ամեն տարի, այս տարի ևս ԱՀԱԸ Գյումրու գրասենյակը հունիսի մեկը փոքրիկների համար դարձրեց անսահման ուրախության քաղցր մի պատառիկ: ԱՀԱԸ Գյումրու ցերեկային կենտրոնի 28 սաներին սպասվում էր հաճելի անակնկալ, որը տարբերվում էր ամենամյա հունիսմեկյան ժամանցային ծրագրից: Անգամ մռայլ եղանակը չխոչընդոտեց երեխաների ուրախությանը: Մինչ դրսում կայծակն էր որոտում, երեխաները մանկական ռեստորանում պարում էին, մրցութային խաղեր խաղում, միմյանց հետ մրցում: ՑԿ աշխատակիցներն էլ ինքնամոռաց մասնակցում էին երեխաների խաղերին, երգ ու պարին: 

Իսկ միջոցառման ավարտի վերջին նոտան եղավ նվերների հանձնումը փոքրիկներին, որը նրանց ուրախությունը կրկնապատկեց:

Երանի մանուկներն ամեն օր ապրեն այն նույն ուրախությունը, որ ստանում են հունիսի մեկին և ստիպված չլինեն իրենց անաղարտ սրտիկները լցնել մեծերի առօրյա հոգսերով ու խնդիրներով:

Թամարա Սնխչյան
ԱՀԱԸ Գյումրու կենտրոնի սոցիալական աշխատող