Հունիսի 24 2017 Բաժինը՝ Լուրեր

Ավետիսյան ավագ դպրոցը կյանք ճանապարհեց իր «առաջին ծիծեռնակներին»


Երջանիկ տանտերեր, թանկագին հյուրեր, շենշող պատանիներ ու պարմանուհիներ, ժպիտախառն արցունքներ, սրտի ամենախորերից եկող մաղթանքներ, օդում թևածող հպարտություն, երախտագիտություն, հույզեր, հույսեր և ամենուր՝ վարդեր, վարդեր…

Այսպիսի մթնոլորտում անցավ այսօրվա տոնական հանդիսությունը Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթօջախում, որն այս տարի մեծ կյանք ճանապարհեց իր ավագ դպրոցի առաջին շրջանավարտներին:
Ավետիսյանցիների «առաջին ծիծեռնակներին» բարի երթ մաղթելու էին եկել դպրոցի բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյանները, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, կրթահամալիրի ամբողջ ուսուցչակազմը և աշխատակիցները, ծնողներ, Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցներ և աջակիցներ, դպրոցի հոգաբարձության և կոորդինացիոն խորհրդի անդամներ այլ դպրոցների և մանկապարտեզների ղեկավարներ:

Պատվավոր հյուրերի թվում էին դպրոցի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանը , ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի Հայաստանի ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, Հայաստանում Բրազիլիայի Արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մոնտեյրոն, Հայաստանի Ամերիկյան համալսարանի վարչական ղեկավարներ՝ Դր․ Ռանդելլ Ռոդսը (պրովոստ), փոխնախագահներ Պրն․ Աշոտ Ղազարյանը և Գևորգ Գոյունյանը, Անահիտ Օրդյանը (փոխնախագահի տեղակալ), ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և բանասիրական ֆակուլտետի և «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի աշխատակիցներ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, «Հայաստան - Ծառատունկ» ծրագրի ղեկավար ՋինՄարի Բաբելյանը, «ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի նախագահ Կարեն Նազարյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության աշխատակից Կարեն Մկրտչանը, «Ձայն համշենական» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը:


Օրվա հերոսների սրտագին ելույթից հետո նրանց բարի երթ մաղթեց և ավագ դպրոցի առաջին շրջանավարտների կապակցությամբ դպրոցին և բարերարներին շնորհավորեց ՀՀ  ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:  Նա մասնավորապես ասաց. «Կան արժեհամակարգեր, որոնց վրա կառուցված են աշխարհընկալումն ու աշխարհաճանաչումը. հայ տեսակի ավելի քան  5000 տարվա աշխարհընկալման հիմքը հայտնի եռանկյունին է «անհատն» իր իրավունքներով և պատասխանատվությամբ, այդ անհատներից կազմված ընտանիքը և ընտանիքների միությունը ազգի ձևով: Այս հիմքով է մարդկությունը շարունակում իր ճանապարհը: Այս գաղափարախոսության հիմքի վրա է  գործում այս կրթօջախը: Ճանապարհ ենք դնում մեր երեխաներին, որոնք կյանք են մտնում բարդ մարտահրավերների պայմաններում և շատ կարևոր է, որ երեխաները  տարբերակեն առաջնայինը և երկրորդայինը, հասկանան և ընդունեն պարտություն՝  իրենց մտքում ունենալով հաղթանակը: Այս  գաղափարական հիմքի վրա է մեր կրթական համակարգը կառուցված: Կարևոր է, որ մեր երեխաները հասկանան, որ իրենց բաժին նավակը նավարկելու է գետակի մեջՙ ի վերջո մեր հայկական նավը տանելով մեծ ծով, որը ի զորու կլինի դիմակայել մեծ ճամփորդության հզոր ալիքներին և մեր ազգային երազը կդարձնի իրականություն»: Նախարարն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Հայ ավետարանչական ընկերակցությանը՝ տարիներ շարունակ կրթական համակարգի կողքին լինելու համար: (Մինչև հանդիսության սկիզբը նախարար Լ. Մկրտչյանը ծանոթացավ դպրոցի հարմարավետության պայմաններին):

Շրջանավարտության հանդեսի բանախոսն էր Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի համահիմնադիր և խմբագրապետ Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, ով  ներկաներին պատմեց Հրանտ  Դինքի հայապաշտպան գործի և նրա սպանությունից հետո դրա ընթացքի մասին:

ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը ներկայացրեց դպրոցի բարերարներին՝ Էդվարդ և Փամելա Ավետիսյաններին: Նա նշեց, որ Էդվարդ Ավետիսյանը ներշնչվել է իր ծնողներից, ովքեր մեծապես կարևորում էին կրթության դերը և նշանակությունը և խորապես գնահատում այն:  Հ. Ներսեսսյանը շեշտեց, որ կրթությունը լավագույն նվերն է երեխային և այս դպրոցի կառուցումը Երևանի Մալաթիա – Սեբաստիա վարչական տարածքի երեխաների համար դրա վառ վկայությունն է:  

Էդվարդ Ավետիսյանը անթաքույց ուրախությամբ պատմեց մայր հայրենիքում դպրոց հիմնելու մտահղացման և այսօր դրա քաղցր պտուղները քաղելու իր զգացողության մասին:

Երջանկության  զգացումներով ողողուն ողջերթի մայրական խոսք ասաց դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանը:

Շրջանավարտների պատվոգրերը  հանձնեցին տեր և  տիկին Ավետիսյանները, Հարութ Ներսեսսյանը, Մելանյա Գեղամյանը, Ռաքել Դինքը:

Ավանդական լուսանկար, հոտնկայս հյուրասիրություն, երազանքների փուչիկների արձակում դպրոցի բակում, ուրախություն ամենուր՝ դրսում, ճեմասրահում, միջանցքներում:

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում առաջին շրջանավարտներին նվիրված հանդիսությունն արժևորվեց ևս մի հիշարժան իրադարձությամբ. տեղի ունեցավ Հրանտ Դինքի անունը կրող ստեղծագործական աշխատասենյակի հանդիսավոր բացումը: Ժապավենը կտրելու պատիվը տրվեց տիկին Ռաքել Դինքին:

Միջոցառումից հետ, բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյանները կրթօջախի բակում հյուրերի և շրջանավարտների ներկայությամբ  տնկեցին արծաթափայլ եղևնի՝ ի հիշատակ Գրիգոր և Պիաթրիս Պիլեզիկյանների անվան նախակրթարանի մասնաշենքի բարերար Չառլզ Պիլեզիկյանի:

Թվում էր՝ թե հրաժեշտի հանդիսությունն ավարտված է, սակայն Ավետիսյան դպրոցի հոյակերտ շենքը չէր ուզում դատարկվել, մեծ ու փոքր միախառնվել էին, իրար ասելու, փոխանցելու  այնքա՜ն բան կար դեռ: Չէ՞ որ, ինչպես ճիշտ  նկատեց շրջանավարտներից Սիրունյան Տիգրանուհին, ամեն մի վերջ սկիզբ է մի նորի համար:

Կապույտ երկի՜նք ձեզ, մեր առաջի՛ն ծիծեռնակներ:

---------

Ընթերցե՛ք նաեւ՝

EDU.AM։ Հայկական երազանքի նավը տանել դեպի մեծ ծով. Լ. Մկրտչյան

Տեսանյութ