Հուլիսի 14 2017 Բաժինը՝ Լուրեր

Մանկական քոուչինգ ծրագիր մեր երեխաների համար


Հուլիսի 11-ին Երևանի «Շող» ցերեկային կենտրոնի աշխատակազմը հյուրընկալվել էր ԱՀԱԸ կենտրոնական գրասենյակում՝ մասնակցելու թրեյնինգի, որի նպատակն է այսուհետ ցերեկային կենտրոնի երեխաների հետ աշխատել հատուկ մանկական քոուչինգ ծրագրով: Թրեյնինգը վարում էր ԱՀԱԸ Սոցիալական ծրագրերի բաժնի ղեկավար, անհատական զարգացման քոուչ Քրիստինա Սիմոնյանը:

Թրեյնինգի թեման էր «Մտքի ուժը», որի նպատակն է զվարճալի պատմությունների միջոցով երեխաներին մատչելի ձևով փոխանցել մարդու մտքի գործունեության այնպիսի բացառիկ հմտություններ, որոնք կիրառելով երեխաները կկարողանան կառավարել սեփական ներուժը և հաջողությամբ կերտել իրենց կյանքը: Մատուցվող ուշագրավ նյութը, դերային խաղերը և կենտրոնի աշխատակազմի ակտիվ ներգրավվածությունը ստեղծել էին հետաքրքիր ու ստեղծարար մթնոլորտ:

Թրեյնինգը կրելու է շարունակական բնույթ՝ երեխաներին կյանքի այլ հմտություններ փոխանցելու նպատակով և իրականացվելու է նաև մեր մյուս «Շող» կենտրոնների աշխատակազմերի համար: