Հուլիսի 26 2017 Բաժինը՝ Լուրեր

Ես հարուստ եմ իմ կենսագրությամբ


Ես հարուստ եմ իմ կենսագրությամբ, հպարտ եմ, որ իմ ոգեշնչման չափանիշն ու աղբյուրը իմ ծննդավայրն է` Լոռին, իմ Ակներ գյուղը, Դեբեդը, Լալվարը, Կայան բերդը, խորունկ ձորերը, սեգ սարերը, Լոռվա պարզամիտ ու շիտակ մարդիկ, հանճարեղ Թումանյանի հեքիաթային, հրաշք աշխարհը:

Սուրեն Մուրադյան

 

Հուլիսի 25-ին Հայ Ավետարանչական ընկերակցության Հանքավանի ամառային հանգստի Շիին–Շողիկ ճամբարում տեղի ունեցավ հանդիպում հայ բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանի հետ:

Հանդիպման սկզբում սիրված բանաստեղծը ներկայացրեց իր ստեղծագործական անցած ճանապարհը,  պատմեց հուշեր հայ մեծերի հետ հանդիպումներից, նշեց, որ բացի բանաստեղծություններից գրում է նաև հեքիաթներ ու պիեսներ, որոնք բեմադրվում են հայկական թատրոններում, տարբեր կրթօջախներում և թարգմանվում բազմաթիվ  լեզուներով: Սուրեն Մուրադյանը 300-ից ավելի երգերի հեղինակ է, որոնցից շատ-շատերը ծանոթ են և՛ երեխաներին և՛ մեծերին:

Այնուհետև, Ս. Մուրադյանը արտասանեց իր մի քանի բանաստեղծություններից: Ճամբարի երեխաներից մի քանիսն էլ ոգևորված ասմունքեցին մեծ գրողի բանաստեղծություններից և ստացան  հեղինակի ինքնագրով գրքեր:

Ավարտին՝ Ս. Մուրադյանը պատասխանեց երեխաների ամենատարբեր, հետաքրքիր, աշխույժ և նույնիսկ ժպիտ առաջացնող հարցերին: Նա խորհուրդ տվեց շատ գիրք կարդալ և սիրել ընթերցանությունը:

Հանդիպումն անցավ մտերմիկ, ջերմ ու անմիջական մթնոլորտում:

ՀԱԸ մամուլի բաժին