Սեպտեմբերի 15 2017 Բաժինը՝ Լուրեր

2017թ․ ամառային հանգիստը ԱՀԱԸ Հայաստանի եւ Արցախի ճամբարներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Առավոտյան ուրախ մարզանք
Առավոտյան ուրախ մարզանք

Առավոտյան ուրախ մարզանք

Հայ Ավետարանչական ընկերակցության բարեգործության շնորհիվ 1991 թ. սկսած ամեն տարի հազարավոր կարիքավոր երեխաներ ու պատանիներ հանգստացել են Հայաստանի տարբեր շրջաններում կազմակերպվող ամառային հանգստի ճամբարներում:

2003 թվականից երեխաները հանգստանում են Հայ Ավետարանչական ընկերակցության Հանքավանի «Շիին Շողիկ» և Շուշիի «Պետրոսյան» ամառային հանգստի և Հայաստանի ու Ղարաբաղի 50-ից ավելի բնակավայրերում կազմակերպվող բակային ճամբարներում:

Այս տարի եւս, համագործակցելով Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հետ, Հայ Ավետարանչական ընկերակցությունը հնարավորություն ընձեռեց բազում մանուկների՝ անմոռանալի օրեր ունենալ հայրենի գեղատեսիլ բնության գրկում։

Շողիկ ճամբար

Երեխաների սիրելի վայրը, որտեղ անց են կացնում իրենց ամառային հանգստի ամենասպասված և ամենաարկածային օրերը։

Ինչպես ամեն ամառ, այս տարի նույնպես «Շողիկ» ճամբարն իր հյուրընկալ դռները բացեց շուրջ 1500 մանուկների և պատանիների առջև:

Երեխաները մեծ սպասումով և ակնկալիքներով են գալիս յուրաքանչյուր տարի, իսկ ետ վերադառնալիս իրենց հետ տանում են բազում հուշեր ու ժպիտներ։

Բազմաթիվ ճամբարականների համար «Շողիկ» ճամբարը դարձել է հարազատ մի վայր։ Այն նպաստում է երեխաների ֆիզիկական զարգացմանը, հայրենասիրական, ազգային, մշակութային ու քրիստոնեական դաստիարակությանը։

Ճամբարային յուրաքանչյուր օր հագեցած էր խաղերով, որոնց միջոցով երեխաները ոչ միայն ակտիվ հանգիստն էին վայելում, այլև սովորում էին ինչպես խմբային աշխատանք ունենալ, ազնիվ խաղալ, պայքարել, կիսել հաղթանակը ընկերների հետ։ Խաղերը նախատեսված էին յուրաքնչյուրի համար՝ խմբային և անհատական, տղաների համար ֆուտբոլի, աղջիկների համար վոլեյբոլի մրցարշավներ։ Երեխաները մարզում էին ոչ միայն մարմինները այլ նաև միտքը, քանի որ մասնակցում էին ինտելեկտուալ խաղ մրցույթներին, որտեղ ամրապնդում էին իրենց ունեցած գիտելիքները և, ինչո՞ւ ոչ, սովորում նոր հմտություններ։

Ճամբարի ընթացքում երեխաները սովորեցին նաև ձեռքի աշխատանքի նոր և հետաքրքիր գաղտնիքներ, նոր հմտություններ, կատարեցին հետաքրքիր փորձեր, ինչպես նաև ծանոթացան տվյալ օրվա թեմային վերաբերող պատկերների կամ գույների պատմությանը։

Ճամբարականները շատ սիրեցին հատկապես՝ մշակութային, սպորտային, ուսուցողական, կրթական և քրիստոնեական դաստիարակության հետաքրքիր ծրագրերը։ Մանուկներն ամեն տարի ավելի մեծ ցանկություն են հայտնում մասնակցել ճամբարներին և մասնիկը դառնալ այս գունեղ արկածների։

Հաշվի առնելով, որ պատանեկան տարիքը փնտրտուքների և որոնումների տարիք է, նրանք փնտրում են մասնագիտություն, ընկերներ, և ունենանում են բազմաթիվ հարցեր՝ շատ ժամանակ չիմանալով, թե որտեղ կարող են գտնել այդ հարցերի պատասխանները։ 2017 թ․ պատանեկան ճամբարի նպատակ էր՝ օգնել պատանիներին իրենց փնտրտուքների մեջ և ուղղորդել դեպի հավիտենականություն։ Ճամբարի ընդհանուր խորագիրն էր. «Հավիտենական փնտրտուք»։ Պատանիներն ամեն օր մենիկ պահերի, դասերի և սեմինարների միջոցով բացում էին տարբեր «դռներ»։

Ճամաբարային հինգ օրերի ընթացքում պատանիները մասնակցեցին սեմինարների հետևյալ թեմաներով․ «Հաճույք», «Իշխանություն», «Հեղինակություն», «Հնարավորություններ և վախեր»։ Սեմինարներն անցկացվում էին ինտերակտիվ մեթոդով, որը հնարավորություն էր տալիս պատանիներին գտնել իրենց հարցերի պատասխանները։ Սակայն պետք է նշել, որ սեմինարներից ամենահետաքրքիրը և տպավորիչը «Ներում» խորագրով սեմինարն էր, որը սովորեցնում էր պատանուն, թե չներելն ինչ հոգեբանական և ֆիզիոլոգիական հետևանքներ կարող է ունենալ։

Ավետիսյան դպրոցի սաները «Շողիկում»
Ավետիսյան դպրոցի սաները «Շողիկում»

Ավետիսյան դպրոցի սաները «Շողիկում»
Ճամբարում պատանիների մասնակցությամբ կազմակերպվել էր «ԱրմՇողիկ» երաժշտական մրցույթը, որին մասնակցեցին երգեցողության ձիրք ունեցող պատանիները։ Նրանցից շատերի համար սա առաջին բեմական քայլերն էին։ Նրանք բացահայտեցին իրենց տաղանդները, ներկայացրեցին դրանք և իրենց ընկերների քվեարկությունների արդյունքում եղան հաղթողներ։ Դահլիճային ծրագրերը լեցուն էին տարբեր ինֆորմացիոն նյութերով, խաղերով և հումորային տարբեր ծրագրերով։

Պատանեկան ճամբարը տևեց երեք հերթափոխ, որոնցից յուրաքանչյուրին մասնակցեց շուրջ 170 պատանի՝ Հայաստանի տարբեր տարածաշրջաններից։

Վերջին տարիներին «Շողիկ» ճամբարին մեծ հաճույքով են մասնակցում նաև ՀԱԸ «Շող» ցերեկային կենտրոնների երեխաները, իրենց առաջնորդների՝ սոցաշխատողների հետ միասին։

Իսկ ՀԱԸ Ավետիսյան կրթահամալիրի սաների համար «Շողիկ» ճամբարը դարձել է ամառային հանգստի և օրհնությունների մի բաղձալի օրրան: Ավելի քան 160 դպրոցականներ են մասնակցում ամեն տարի ճամբարային ծրագրին: 

Վեր. Ալբերտ Փայտյան

ՀԱԵ Քրիստոնեական դաստիարակության բաժնի տնօրեն

    Վկայություն

   Ես Անի Ջանիկյանն եմ, տասնմեկ տարեկան եմ: Ես և փոքր  քույրիկս՝ Արմինեն արդեն 3 տարի է հաճախում ենք Երևանի «Հույսի տուն» կենտրոնը: Ամառային արակուրդներին մեր ընկերների հետ գալիս ենք Հանքավանի «Շողիկ» ճամբարը: Ճամբարում ամեն տարի մեզ անակնկալներ են սպասվում: Մի տարի ունեցանք մեծ գեղեցիկ վարագույրներով ու բեմով դահլիճ, մյուս տարին՝ հարմարավետ մաքուր ննջարաններ, իսկ այս տարվա անակնկալը մեր ձեռքի աշխատանքի մեծ ու լուսավոր սենյակն էր:

    Ես որոշել եմ դառնալ նկարիչ, հայրիկիս, մայրիկիս ու մարդկանց համար ստեղծել գեղեցիկ իրեր, այդ պատճառով երբ տեսա մեր ճամբարի մաքուր, լուսավոր, գեղեցիկ սեղաններով ու աթոռներով ձեռքի աշխատանքի սենյակը ուրախությանս չափ չկար: Ով չէր ուզի աշխատել այս հարմարավետ սենյակում: Առաջին աշխատանքը որ այս գեղեցիկ սենյակում արեցինք, հրավիրատոմս պատրաստելն էր: Ուզում ենք մեր բոլոր ընկերներին հրավիրենք մեզ մոտ ,թող գան ձեռք-ձեռքի բռնած մեծ շրջան կազմենք, միասին աղոթենք և երկինք բարձրացնենք մեր ձեռքերով պատրաստած գունավոր օդապարիկները, որից ամրացված են մեր Հայրենիքի եռագույն դրոշը՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն:

---------

Տեղեկություն Հայ Ավետարանչական Ընկերակցության Շուշիի Պետրոսյան ճամբարի 2017թ գործունեության մասին:

Ինչպես վերջին 15 տարիներին, այս տարի ևս Հայ Ավետարանչական Ընկերակցությունը կազմակերպեց Սյունիքի և Արցախի 500-ից ավելի մանուկների, պատանիների և երիտասարդների հանգիստը Շուշիի Պետրոսյան ճամբարում:

Շուշիում ճամբարն ընթացավ 6 հերթափոխով՝ հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 10-ը: Յուրաքանչյուր հերթափոխում հանգստացան 100 պատանի (2 հերթափոխ), 120 մանուկ (3 հերթափոխ) և 40 երիտասարդ (1 հերթափոխ):

Ճամբարում իրենց անձնվեր ծառայությունը բերեցին 40-ից ավելի ծառայողներ, ովքեր իրենց անմնացորդ նվիրվածությամբ կարողացան իրականացնել ճամբարի նպատակը՝ ճանաչեցնել Աստծո սերը, փոխանցել Ավետարանի Բարի լուրը և ակտիվ հանգիստ ապահովել մասնակիցների համար։ Արդյունքը՝ երեխաների փոխված կյանքերը, նրանց երջանիկ ժպիտները և բաժանումի անկեղծ արցունքները, որոնք ի չիք էին դարձնում ամեն հոգնածություն և անգամ ֆիզիկական ցավ:

Ճամբարի հաջողության գաղտնիքը նրանում էր, որ յուրաքանչյուր ծառայող իրեն արժևորված զգաց և իր հերթին արժևորեց յուրաքանչյուր մանուկի և պատանու:

Թող Աստված օրհնի բոլոր կազմակերպիչներին և հովանավորներին այն ուրախության և օրհնյալ ժամանակի համար, որ վայելեցինք Տէրոջ առաջնորդությամբ ու շնորհքով:

Վեր. Սարգիս Օչինյան

Հայ Ավետարանչական ընկերակցության
 Շուշիի «Պետրոսյան» ճամբարի
 2017թ-ի պատասխանատու

Տեսանյութ