Սեպտեմբերի 27 2017 Բաժինը՝ Լուրեր

2017 թ. Սեպտեմբերի 18-20 Երևանում տեղի ունեցավ ՀԱՅԱՍՏԱՆ – ՍՓՅՈՒՌՔ համահայկական 6-րդ համաժողովը


Սեպտեմբերի 18-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» ընդհանուր խորագրով իր աշխատանքն սկսեց Հայաստան – Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը:

Առաջին օրը՝ սեպտեմբերի 18-ի լիագումար նիստում բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ելույթներ ունեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:


Համաժողովին մասնակցում էր 71 երկրներից ժամանած ավելի քան 1800 ներկայացուցիչ:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ երեք լիագումար նիստ, ինչպես նաև չորս ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստ, որոնք վերաբերում էին համահայկական խնդիրներին:

Համաժողովի առաջին օրը՝ սեպտեմբերի 18-ին, չորրորդ ուղղություն բաժնում, որտեղ քննարկվում էին Հայապահպանության հիմնախնդիրները, «Ապագայի պահանջին համապատասխան դպրոցն ու հայի ինքնությունը» թեմայով ելույթ ունեցավ Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ատենապետ, Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը:

Առաջարկում ենք ծանոթանալ վեր. դոկ. Փոլ Հայդոստյանի ելույթի տեքստին։


Ընդմիջումից հետո, օրվա երկրորդ կեսին, «Մշակույթի դերը հայապահպանության գործում» ընդհանուր թեմայի ներքո «Հայկական մշակույթ՝ ամբողջական կյանք և շարունակության հիմք» թեմայով ելույթ ունեցավ Արաբական ծոցի Աստվածաշնչային ընկերության ընդհանուր քարտուղար, Էշրեֆիեյի (Բեյրութ) Հայ Ավետարանական եկեղեցու անդամ Հրայր Ճեպեճյանը:

Պրն Հրայր Ճեպեճյանի ելույթին ծանոթացեք այստեղ։

Համաժողովի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, չորրորդ ուղղություն բաժնում, որտեղ քննարկվում էին «Արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի հիմնախնդիրները» թեման, ելույթ ունեցավ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, որի թեման էր «Արտակարգ իրավիճակի մեջ գտնվող Սփյուռքի առեղծվածը. Սփյո՞ւռք, թե՞ Գաղթօջախ, ո՞րն է ելքը»:


Պրն Զավեն Խանջյանի ելույթին առաջարկում ենք ծանոթանալ այստեղ։

Համաժողովի պատվավոր հյուրերի թվում էր Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ վերապատվելի Պերճ Ճամպազյանը։

Սեպտեմբերի 20-ին 6-րդ համաժողովն ամփոփեց աշխատանքները և ընդունվեց հայտարարություն. http://www.mindiaspora.am/am/News/5487

Համաժողովի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ ՀՀ Սփյուռքի նախարարության կայքի ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ բաժնում. http://www.mindiaspora.am/am/News