Հոկտեմբերի 02 2017 Բաժինը՝ Լուրեր

Ուրախ ու հետաքրքիր բակային ճամբարներ Դիլիջանում


Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Դիլիջանի գրասենյակը, համագործակցելով Դիլիջանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հետ, սեպտեմբերից վերսկսեց ծառայությունները մանկապատանեկան, կրթամշակութային, քրիստոնեա-դաստիարակչական ոլորտներում:

Երեխաների առջև կրկին իր դռները բացեց նաև Ավետարանչականի և «Երիտասարդներ հանուն Քրիստոսի» կազմակերպության հետ համատեղ գործող կրթադաստիարակչական ցերեկային կենտրոնը:

Թե՛ կիրակնօրյա դպրոցի, և թե՛ ցերեկային կենտրոնի սաներն ամառային արձակուրդներին հնարավորություն ունեցան իրենց ակտիվ հանգիստն անցկացնել ՀԱԸ կամավորների և Դիլիջանի Հայ Ավետարանական եկեղեցու ծառայողների մասնակցությամբ կազմակերպված բակային ճամբարներում:

Այս տարի կայացավ երեք բակային ճամբար․մասնակցեցին 220 երեխա՝ Դիլիջանից և հարակից գյուղերից։ Երեխաները մեծ սիրով և ոգևորությամբ մասնակցեցին ճամբարի բոլոր ծրագրերին՝  դահլիճային և բացօթյա խաղեր, ձեռային աշխատանք, թատրոն, ուսուցողական պատմություններ․․․

Ճամբարների ընթացքում երեխաները սնվում են համեղ և առողջարար կերակուրներով: Ծրագիրը հագեցած էր բազմազան նվերներով՝ Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից տրամադրված տուփերով, գրենական պիտույքներով և նկարազարդ մանկական Աստվածաշնչերով, որը տրամադրել էր «Բիբլիական միավորում» հասարակական կազմակերպությունը:

Ծնողներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Հայ Ավետարանչական ընկերակցությանը, Դիլիջանի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցուն և «Երիտասարդները հանուն Քրիստոսի» կազմակերպությանը իրենց երեխաների հանգիստը արդյունավետ կազմակերպելու համար:

Տաթեւիկ Կարապետյան
ԱՀԱԸ Դիլիջանի կենտրոնի սոցիալական աշխատող