Հոկտեմբերի 06 2017 Բաժինը՝ Լուրեր

«Ճիշտ չէ՝ հայրենիքի հետ կապի և հաղորդակցության ընթացքում հուսահատվել». Զավեն Խանջյան


2018 թվականին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը կտոնի հիմնադրության 100-ամյակը: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախությունից հետո մեծ է Ընկերակցության ներդրումը հայրենիքում:

Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի հետ զրույցում «Հայերն այսօրը» փորձել է հետադարձ հայացքով ներկայացնել մեկդարյա պատմություն ունեցող կառույցի գործունեությունը Հայաստանում և Արցախում, ինչպես նաև 100-ամյա անցած ճանապարհը:

– Պարո´ն Խանջյան, Դուք մասնակցեցիք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին, և մեր զրույցը կցանկանայի համաժողովից սկսել: Ինչպե՞ս կամփոփեք այն:

– Խոսքս կցանկանամ երկու դիտանկյունից արտահայտել:

Առաջին՝ ստեղծված մթնոլորտն էր՝ փոխադարձ վստահության՝ շատ ջերմ, լավ պատրաստված, եղբայրական, տաքուկ, որտեղ հայտնվելով՝ զգում էիր, որ հայ ժողովուրդը կորիզ ունի, կիզակետ, որի զավակներն աշխարհի չորս կողմերից հավաքվել են, միացել. ոմանք ծանոթանում են, շատերը հին ծանոթություններն են նորգում: Օգտակար իրավիճակ, քանի որ այդ ծանոթությունները կարող են ընդլայնվել, արդյունաբերել տարբեր ձևերով: Համախմբումն, իսկապես, շատ ուրախալի, նաև ջերմ ու արդյունաբեր է: Նաև դժվար աշխատանք, որովհետև  հեշտ չէ 1000-ից ավելի պատվիրակներ հավաքել աշխարհի չորս կողմերից: Այս առումով գնահատում եմ ինչպես Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, այնպես էլ աշխատակիցների կատարած աշխատանքը:

Ուզում եմ առանձնացնել նաև կամավորների ներկայությունը համաժողովին: Շատ լավ պատրաստված երիտասարդներ, որոնք մեզ համար ուղեցույց եղան, մեր քարտեզն այդ երեք օրերի ընթացքում: Չեմ հիշում՝ նախկին համաժողովներին կա՞ր նման բան, թե՞ ոչ, բայց նախաձեռնությունը շատ գովելի է:

Երկրորդ՝ կազմակերպչական, միասնականության առումով համաժողովի չորս ուղղությունների բաժանումը շատ ճիշտ էր արված: Յուրաքանչյուր մարդ ընտրության հնարավորություն ուներ, և մասնակցելով այս կամ այն քննարկմանը՝ կարող էր գործնականում հետևել ծրագրի ընթացքին և իր մտքերն արտահայտել:

Ինչ վերաբերում է փոխադարձ վստահություն ստեղծելուն և պատասխանատվություն ստանձնելուն, մեզ հուզող հարցերը քննելուն և լուծումներ գտնելուն, պետք է նշեմ, որ կար առաջարկությունների հարթակ, ինչը շատ լավ կազմակերպում էին նիստավարները: Եթե որևէ հարցի շուրջ մարդիկ տարակարծիք էին, իրենց տեսակետն էին ցանկանում արտահայտել, նիստավարը նրանց խոսելու հնարավորություն էր տալիս՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կարող է լուծվել, շտկվել այդ հարցը: Այս երևույթը նույնպես շատ դրական եմ համարում:

Իսկ ժողովի ամբողջական ընթացքին, քննարկված հարցերի լուծմանը ճիշտ գնահատական տվողը միայն ժամանակը կարող է լինել:

Մինչ համաժողովը ժխտական կարծիքների որոշ ալիք էր բարձրացել Սփյուռքում, ինչը հիմնականում հիմնված էր նախորդ համաժողովների արդյունքների իրականացման վրա: Իմ կարծիքով այդ մարդիկ պակաս հայրենասեր չեն, քան վերջին համաժողովի մասնակիցները: Նրանք պարզապես հուսախաբության, հուսահատության պատճառով՝ որոշել էին չմասնակցել: Չեմ ուզում քննադատել նրանց կամ արդարացնել, բայց կարծում եմ, որ ճիշտ չէ՝ հայրենիքի հետ կապի և հաղորդակցության ընթացքում հուսահատվել: Կարող ենք մի պահ հուսալքվել, հուսահատվել, բայց միշտ պետք է դրական մոտեցում ցուցաբերել, դրական արտահայտություններ անել, լավը փնտրել, լուծումներ որոնել, ավելի խիզախ լինել մեր արտահայտությունների մեջ:

Ես սկզբից ի վեր հանգիստ եմ եղել նախ ինքս ինձ հետ, արտահայտել եմ այն՝ ինչ մտածել եմ: Այդ պատճառով դժվարություններ չեմ ունեցել մեր հանդիպումների, երկխոսության ընթացքում: Դժվարություն չեմ ունեցել ներկա լինելու, որոշելու, որ կարևոր է մեր մասնակցությունն այս համաժողովին: Շատ լավ բաներ սերտվեցին, կարևոր նյութեր էին տեղ գտել օրակարգում, որոնք կապ ունեն մեր ժողովրդի կյանքի հետ:

Հայրենիքի հողը սուրբ է մեզ համար, բայց Հայաստանի ամենակարևոր, գերկարևոր արժեքը՝ մարդ էակն է, հայ քաղաքացին: Այն ամեն ինչ մենք ծրագրում ենք, մտածում, որոշում՝ նրա համար է: Ու եթե ցանկանում ենք արդար գնահատականը տալ համաժողովների, պետք է երբեմն նաև մեր քաղաքացիներին հարցնել:

– Պարո´ն Խանջյան, մայիսի 28-ին Նախագահ Սերժ Սարգսյանը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Ձեզ պարգևատրեց «Երախտագիտության մեդալով»: Համաժողովի օրերին հանդիպեցիք Արցախի Նախագահ Բակո Սահակյանին և Արցախին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության 100-ամյակի առիթով Ձեզ փոխանցվեց Ընկերակցությանը շնորհված «Երախտագիտության մեդալը»: Ընկերակցության համար ի՞նչ նշանակություն ունի պարգևատրումը: Կխնդրեի նաև, որ խոսեք այն օժանդակությունների, ծրագրերի մասին, որոնք իրականացնում եք Արցախում:

– Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը կարող է հպարտությամբ հայտարարել, որ Անկախության առաջին օրերից եղավ Արցախում և իր ծառայությունները սկսեց մատուցել:

Արցախը մեր գերխնդիրների կիզակետն է: Արցախի անկախության հզորացումը, խարսխումը գերխնդիր է ազգի համար: Բոլորս պարտավոր ենք հնարավոր ամեն բան անել՝ օգտակար լինելու Արցախին, հզորացնել Արցախի պետությունը: Շահել ենք պատերազմը, բայց ոչ՝ խաղաղությունը, ինչը տակավին շարունակում է որպես տագնապ մնալ թե´ Հայաստանի, թե´ Սփյուռքի, թե´ Արցախի համար: Մենք պետք է օգտագործենք մեր կարողությունները, որպեսզի շահենք Արցախի խաղաղությունը:

Արցախի ժողովուրդը չի կարող իր հանգիստ, արժանապատիվ կյանքը շարունակել, երբ տակավին խաղաղության ապահովությունը չկա:

Ինչ վերաբերում է գնահատանքին և երախտիքին, որը մեզ փոխանցվեց, ես կարող եմ միայն խոնարհվել այդ ժողովրդի և նրա ներկայացուցիչ Նախագահ Բակո Սահակյանի առջև, որը մեզ այդ ձևով պատվեց, որովհետև մենք մեր պարտականությունն ենք կատարում: Ապավինելով մեր ազգային, քրիստոնեական ոգուն՝ մեր ծրագրերով օգտակար ենք լինում մեր ժողովրդի հոգևոր, կրթական և ֆիզիկական պետքերին:

Գնահատանքը և երախտիքը մեզ առավել հանձնառու է դարձնում, որպեսզի ավելի մեծ ճիգով, մեր ծառայությունները ընդլայնելով՝ շարունակենք օժանդակել Արցախի ժողովրդին:

– Պարո´ն Խանջյան, անցնող տարիների ընթացքում Ընկերակցությունն իր օժանդակություններով սատար կանգնեց նաև Սիրիայի պատերազմից տուժած մեր հայրենակիցներին:

– Հինգ տարի շարունակ սիրիահայության տագնապը Սփյուռքի, և ո´չ միայն, գերխնդիրն էր: Ժամանակավոր  կերպով ես այն ազգային աղետ եմ համարում:

Սիրիահայ գաղութը սփյուռքահայության խարիսխն է: Հայոց ցեղասպանությունը վերապարծ հայ մարդը  փրկություն գտավ և հաստատվեց այդ հյուրընկալ քաղաքում, որը և դարձավ Սփյուռքի Մայր գաղութը:

Գաղութի կորուստը ահռելի ցնցում էր ողջ Սփյուռքի, սփյուռքահայության համար: Կարծում եմ՝ սիրիահայության վնասը՝ ֆիզիկական, նյութական ու մարդկային՝ անգնահատելի է և, դժբախտաբար, անվերադարձ:

Սիրիայի պատերազմը անակնկալ էր ո´չ միայն Սփյուռքի համար, այլև՝ Սիրիայի: Եվ Ընկերակցությունն առաջին իսկ օրերից սիրիահայ համայնքի կողքին կանգնեց: Ես նաև անհատապես, քանի որ տակավին Ավետարանչական ընկերակցության ղեկավարությունը չէի ստանձնել, և որպես նախկին հալեպահայ՝ Լոս Անջելեսում հիմնեցինք Սիրիահայության օժանդակության գործադիր մարմին՝ ՍԱՐՖ: Վերջինս հոյակապ աշխատանք տարավ նյութապես օժանդակելու կրակի տակ գտնվող մեր հայրենակիցներին և բարձրացնելու ժողովրդի գիտակցության մակարդակը, որովհետև ԱՄՆ-ում, և արտասահմանում ընդհանրապես, դժվար էր իրապես ըմբռնել, թե ինչ է կատարվում Սիրիայում: Կարծես շղարշված էր Սիրիան իր պատերազմով: Թե´ ՍԱՐՖ-ի շրջանում, և արդեն 2014 թվականին Ավետարանչական ընկերակցության ղեկավար ընտրվելով, մենք մեծ ներդրում ունեցանք օժանդակություն ցուցաբերելու Սիրիայում աղետալի վիճակում հայտնված մեր հայրենակիցներին:

Այս 5 տարիների ընթացքում, երբ նրանցից շատերը հեռացան Սիրիայից, բնականաբար, գլխավոր հյուրասերը հայրենիքը դարձավ: Սա հրաշք էր, որը մենք պետք է գիտակցեինք: Մարդիկ, որոնց անձնագրերը անընդունելի էին աշխարհի չորս կողմերում, մեկ տեղ կարող էին ազատ մուտք ունենալ՝ հայրենիք: Միակ երկիրը, որը նրանց ընդունեց, ապաստան, տուն տվեց՝ Հայաստանն էր: Սիրիահայությունը սա շատ լավ է գիտակցում: Հայաստանում հաստատված սիրիահայերին ես անվանում եմ անկողմնացույց, որովհետև փախչելով պատերազմի ճիրաններից՝ ֆիզիկապես փրկություն գտան այստեղ, բայց չէին կողմնորոշվում՝ անկողմնացույց էին, թե ինչ պետք է անեն: Շատերը եկան, հետո գնացին այլ երկրներ, որոշները մնացին՝ կողմնորոշվելու, թե ո՞ւր գնան, ի՞նչ անեն:

Մեր օժանդակությունը թիրախավորված էր այնպես, որ Հայաստանում հաստատված սիրիահայերը կողմնորոշվեին հաստատվել հայրենիքում: Գործակցելով Սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հետ՝ իրականացրել ենք, և դեռ շարունակում ենք, նյութական աջակցության ցուցաբերել, բնակարանների վարձավճարները փոխհատուցել, բժշկական ծառայությունների համար գումարներ հատկացնել, կրթական օժանդակություններ իրականացնել, նպաստներ վճարել, իսկ նրանց, ովքեր ամենօրյա սննդի կարիք ունեն, նպաստ հատկացնել:

Շարունակեցինք նաև ուղղության տալ, որ երկուստեք շահը պահանջում է, որ նրանք հաստատվեն հայրենիքում: Որպես Սփյուռք՝ հայությունը անկասկած կշահի, որ այդ խումբը այստեղ հաստատվի, դա օգտակար կլինի նաև հայրենիքին՝ նրանց կարողությունները, տաղանդը, ներուժը օգտագործելով: Այդ աշխատանքները տակավին շարունակվում են:

Ընկերակցությունը նույնիսկ Կանադայում հաստատված սիրիահայերին է նեցուկ կանգնել: Սակայն մեր գլխավոր նպատակակետը անցնող տարիներին՝ Սիրիան էր և Հայաստանը:

– Պարո´ն Խանջյան, դուք Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենն ենք 2014 թվականից: Հե՞շտ էր Ձեզ համար ստանձնել այդ պաշտոնը և ի՞նչ է Ձեզ համար այս աշխատանքը:

– Հասարակական աշխատանքը միշտ համընթաց քայլել է իմ անձնական կյանքի, աշխատանքային գործունեությանը զուգահեռ: Նույնիսկ այս պաշտոնը ստանձնելուց տասնամյակներ առաջ՝  ԱՄՆ-ում հաստատվելուց ի վեր, շուրջ 30-35 տարի՝ ազգին, համայնքին, ժողովրդին ծառայելը զուգորդվել է իմ անմիջական գործի ասպարեզի հետ: Այդ պատճառով ինձ համար հեշտ էր այս փոխանցումը և հարազատ, որովհետև գտնվում եմ այնպիսի մթնոլորտում, որն ինձ հոգեկան գոհունակություն է տալիս: Իմ կարողությունները, ծառայություններն ի սպաս եմ դնում այնպիսի ընկերակցության, որի սկզբունքներին արդեն իսկ հավատացել եմ, որը իմ գաղափարախոսության, հավատամքի մեկ մասն է կազմում:

Աշխատանքային պարտականություններս ստանձնելը շատ հեշտ, սահուն եղավ: Այնքան գոհունակությամբ եմ կատարում իմ աշխատանքը, որ երբեմն աշխատանքային ժամերը չեմ զգում:

Իհարկե, տագնապները շատ են, դժվարություններ, մարտահարվերներ միշտ կան, անգամ լուրջ մարտահրավերներ էլ ունեցանք, բայց կարողացանք հաղթահարել:

Մեր հաջողության գրավականն այն է, որ Ավետարանչական ընկերակցությունը մի քանի կարևոր սկզբունքներ է որդեգրել, որոնցով և առաջնորդվում է:

Առաջին. շատ թափանցիկ կազմակերպություն է, երբեք ներփակ չենք, մեր ծրագրերը, աշխատանքը բաց են բոլորի առջև: Մեր ծառայության  ընտրական ոճը ժողովրդավար է, մեր ներկայացուցիչները, գործադիր մարմնի կազմը ընտրվում են անդամների կողմից, բոլորը քվեարկելու իրավունք ունեն:

Երկրորդ՝ մենք հաշվետու ենք: Կանոնավոր, մեր տարեկան ժողովների ընթացքում, կայք-էջի հրապարակումների, հաղորդագրությունների միջոցով տեղյակ ենք պահում մեր անդամներին մեր գործունեության մասին: Ընկերակցությանը կարող է անդամակցել այն մարդը, ով Ավետարանչականին տարեկան նպաստ է տալիս: Կարևոր չէ, թե որ հարանվանությանն է պատկանում, որ երկրից է:

Երրորդ՝ պատասխանատու է: Այս պատասխանատվության գիտակցումն է, որը արդեն 100 տարի օգնում է դիմագրավել բոլոր դժվարությունները, անակնկալներն ու մարտահրավերները:

– Պարո´ն Խանջյան, 2018 թվականին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը տոնելու է հիմնադրման 100-ամյակը: Ինչպիսի՞ն էին ընկերակցության համար անցնող 100 տարիները:

– Առաջին՝ այս 100 տարվա ընթացքում այն, ինչին հասել է Ավետարանչական ընկերակցությունը, պարտական է այն հազարավոր մարդկանց, որոնք հիմնադրությունից ի վեր իրենց միտքը, նյութական կարողությունը,  ժամանակը, քրիտինքն են թափել, որ ունենանք այն, ինչ ունենք այսօր: Հրաշալի 100-ամյա կյանք, անցած ճանապարհ, որի համար պարտական ենք միմիայն այդ մարդկանց: Մարդիկ, որոնք այս ժառանգությունը կերտեցին և մեզ հասցրին: Ամեն սերունդ, ամեն հանգրվան մեկ քար է  դրել՝ կառուցելով մի կառույց, որը տարեցտարի բարձրանում է: Այսօր մենք վայելում ենք այն զոհողությունների արդյունքը, որը իրենցն էր: Այս ամենի գիտակցումը միայն հիացում է պատճառում բոլոր նրանց հանդեպ, որոնք մեզանից առաջ էին:

Երկրորդ խորհուրդն այն է՝ թե ո՞րն է մեր դերն այսօր: Մենք հավաքվում ենք, ուրախանում, խնդակցում, սակայն ո՞րն է մեր դերը: Մեր դերը հաջորդ քարը դնելն է, հաջորդ 100-ամյակը ծրագրելն է, եկող սերունդների կյանքը ապահովելը, ինչը մենք այսօր մեր քրտինքով, մեր զոհողությամբ, մեր նվիրատվությամբ պետք է կարողանանք կերտել:

Այս ամենը հաշվի առնելով՝ ընկերակցությունը 2016 թվականին ծրագրեց 20 միլիոն դոլարի հանգանակություն կազմակերպել: Աշխատանքներն ընթացքի մեջ են, որոնք կեզրափակենք 2018 թվականի տարեվերջին:

Հուսանք, որ կկարողանանք մեր ամբողջ էությամբ այդ մեկ քարը երկու քար դարձնել, որպեսզի ավելի դյուրացնենք հաջորդ սերունդների կարիքները, անգամ կյանքը՝ գալիք 100-ամյակի ընթացում:

– Ինչպե՞ս եք պատրաստվում տոնել հոբելյանը:

– Մենք 5 մայրցամաքների 24 երկրների վրա բաժանված ծրագիր և ծառայություն ունենք. մտածեցինք, որ պետք է ընդգրկենք հնարավորինս շատ շրջան:

Թեև հանգանակությունը նախաձեռնեցինք 2016 հոկտեմբերին, սակայն մեր հանդիսությունները, տոնակատարությունների մեկնարկը կտրվի 2017-ի հոկտեմբերի 21-ին՝ ԱՄՆ Արևելյան շրջանից: Ավետարանչական ընկերակցության տարեկան ժողովի ժամանակաշրջանն է, որը զուգադիպում է տարեկան ժողովի ճաշկերույթին: Տոնակատարությունները կշարունակվեն մարտին՝ Ավստրալիայում, մայիսին՝ Կանադայում, հունիսի սկզբին՝ Լիբանանում, հունիս երկրորդ կեսին՝ Ֆրանսիայում, սեպտեմբերին՝ Հայաստանում, իսկ արդեն հոկտեմբերին կեզրափակենք մեր հանդիսությունները Լոս Անջելեսում, զուգահեռ նաև՝ մեր դրամահավաքը:

– Պարո´ն Խանջյան, ինչո՞վ կցանկանաք եզրափակել մեր զրույցը:

– Կուզեմ վերադառնալ համաժողովին և հետևյալ միտքն արտահայտել: Ինչպես և նշեցի, մեր երկրի ամենակարևոր հարստությունը հայ մարդն է, հայ անհատը: Անկախությունը դյուրին չէր: Դյուրին չէր հատկապես Արցախի անկախությունն ու ազատությունը, որը մեզ արծաթե ափսեի վրա չհրամցվեց: Արյան և քրտինքի ոռոգումով մեր հողերը ազատագրվեցին և Անկախություն հռչակվեց:

Հայաստանի պարագան մի փոքր տարբեր է: Հայաստանի անկախությունը, որի 26-ամյակը ուրախությամբ տոնեցինք օրերս, ստեղծվեց Խորհրդային Միության փլուզման արդյունքում և մեր ժողովրդի ազատ ապրելու ինքնորոշմամբ:

26 տարի առաջ կատարվեց բոլորիս երազը, և աշխարհատարած հայությունն իր անկախությունը գտավ այստեղ: Անակնկալ էր, սակայն պայքարով շահված անկախություն չէր, թեև ամեն ինչ զրոյից պետք է սկսվեր, քանի որ Խորհրդային հասարակարգից անցում կատարվեց մի նոր հասարակարգի: Այս վիճակում խարխափումը տրամաբանական էր, սխալներ գործելը՝ ակնկալելի, քանի որ պետություն կերտելը ժամանակ է պահանջում:

Սակայն, դժբախտաբար, անցնող 26 տարիների ընթացքում ժողովրդի սոցիալական վիճակը՝  լավի և վատի միջև տարբերությունը՝ հսկայական է, ինչը մեզ շատ ցավ է պատճառում:

Զանազան կազմակերպություններ ջանում են օգտակար լինել նեղ դրության մեջ գտնվող զանգվածներին, սակայն տակավին այդ հսկա զանգվածը վեր բարձրացնելու խնդիր ունենք: Այս համաժողովը որքանով կարողացավ այս հարցերը քննել, ճանապարհներ գտնել օգտակար լինելու՝ ապագան ցույց կտա:

Շատ կարևոր է մեզ համար այդ տարածությունը կրճատելը և սոցիալական անհավասար պայմաններում ապրող մարդկանց վեր բարձրացնելը: Այդ ձևով նաև նրանց կպահենք հայրենի հողի վրա, որովհետև ես չեմ հավատում, որ մեկը, ով կարող է այստեղ հոգալ իր ընտանիքի կարիքները, որոշի դուրս գալ հայրենի, պապենական հողից:

Կհուսանք, կաղոթենք, կաշխատենք, մեր բաժինը կբերենք և կակնկալենք, որ մեր երկրի իշխանությունները ևս կորոնեն ճանապարհներ՝ այդ տարածությունը նվազեցնելու և մեր ժողովրդին ավելի բարեկեցիկ վիճակում պահելու ուղղությամբ:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը