Հոկտեմբերի 16 2017 Բաժինը՝ Լուրեր

Հոբելյարը՝ կրկին զարդարված․ մշակույթի քաղաքի տարեդարձը


Հոկտեմբերի մեկին տոն էր Գյումրիում, հայրաքաղաք Գյումրին տոնում էր իր ծնունդը (հիմնադրվել է 1837թ.): Ինչպես յուրաքանչյուր հոբելյար, այդ օրն էլ Գյումրին էր զուգվել-զարդարվել, հագել իր ամենագեղեցիկ գույները, զարդարել իր հնամենի փողոցներն ու բակերը, իր հյուրընկալ դռները բացել այցելուների առջև:

Իհարկե, այս գեղեցիկ տոնին անմասն չմնաց նաև ԱՀԱԸ Գյումրու գրասենյակը: Հերթական անգամ մասնակցեցինք Գյումրու օրվան նվիրված միջոցառմանը, որը համեմված էր մշակութային փառատոնով: Փառատոնին մասնակցում էին Շիրակի մարզի գեղարվեստական և մշակութային հասարակական կազմակերպություններ և դպրոցներ:

ԱՀԱԸ Գյումրու գրասենյակը ներկայացավ իր մշակութային խմբակների ողջ շուքով, զարդարեց փառատոնն իր գոբելեն-մաքրամե, դիզայնի, փայտամշակման և թատերական խմբակների լավագույն նմուշներով։ Խմբակները ներկա էին իրենց սաներով, ավելին՝ թատերական խմբակի սաներն իրենց հեքիաթային բեմազգեստներով զարդարում էին մեր տաղավարը և շատ մանուկներ ու երիտասարդներ, նույնիսկ, ցանկություն հայտնեցին նկարվել մեր հեքիաթային հերոսների հետ:

Ցուցահանդեսը և մեր տաղավարը իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:

Փայտամշակման խմբակի կողմից գեղեցիկ հուշանվեր հանձնվեց պարոն Նախագահին, վերջինս փոքրիկ զրույց ունեցավ խմբակների սաների և առաջնորդների հետ:

Եվս մեկ տարեդարձ ուրախ տրամադրությամբ տոնեցինք մեր սիրելի քաղաքի հետ՝ պարտավորվելով բարձր պահել մեր քաղաքի անունն ու պատիվը, անկոտրում ոգին:

Իմ թա՛նկ Գյումրի, տոնդ շնորհավո՜ր:

Մարինե Մանուկյան
ԱՀԱԸ Գյումրու կենտրոնի սոցիալական աշխատող