Նոյեմբերի 17 2017 Բաժինը՝ Լուրեր

Մամուլի հաղորդագրություն․ 8 հեղինակավոր ՀԿ-ներ ամփոփեցին աննախադեպ համագործակցության արդյունքները Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում


Մամուլի հաղորդագրություն

8 ՀԿ-ների միջև եռամյա համագործակցությունն ամփոփեց աշխատանքները Մարտունի գյուղում

16-ը նոյեմբերի, 2017թ., գ. Մարտունի, Գեղարքունիքի մարզ: Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ՝ Հայաստանում իրենց բազմամյա ավանդով և ազնիվ հեղինակությամբ հայտնի 8 հասարակական կազմակերպություն՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի մանուկներ հիմնադրամը, Զարգացման սկզբունքներ ՀԿ-ն, Հայ օգնության ֆոնդը, Վորլդ վիժն Հայաստանը, «Դասավանդի՛ր, Հայաստանը», Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը,  նախաձեռնեցին եռամյա համատեղ ծրագիր՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքը վերականգնելու նպատակով:

Կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով՝ նման հզոր կառույցների համագործակցության արդյունքում ներդրված ջանքերն ու ռեսուրսները բազմապատկող ազդեցություն են ունենում:

2014թ.-ից ի վեր, համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպությունների տրամադրած ռեսուրսներով  բարեփոխումներ են իրականացվել Մարտունի գյուղի սոցիալական, տնտեսական, ենթակառուցվածքային, մշակութային, կրթական, առողջապահական և բնապահպանական ոլորտներում։

Երկարատև քննարկումների և համատեղ աշխատանքի արդյունքում ընտրվեց մեկ խորհրդանշական գյուղ՝ Մարտունին, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում և հիմնվել է 1921 թ.: Համայնքի առաջին բնակիչները եղել են Մեծ եղեռնից փրկված՝ հիմնականում Վանից, Ալաշկերտից, Ղարսից և Սասունից գաղթածները:

2017 թ. նոյեմբերի 16-ին համագործակցության անդամ  կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց գործընկերներն  ամփոփիչ այց կատարեցին Մարտունի:

Այցը սկսվեց մամուլի ասուլիսով` համայնքի, կազմակերպությունների և ծրագրի անկախ գնահատման խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ ՝ 3 տարվա ընթացքում կատարված աշխատանքները ամփոփելու և գնահատելու նպատակով: Համայնքում իրականացված ծրագրերի դիտայցից հետո տեղի ունեցան համագործակցության ջանքերով վերանորոգված մանկապարտեզի, դպրոցի ճաշարանի և ատամնակայանի պաշտոնական բացման արարողությունները:

Աննախադեպ այս համագործակցությունը բաց է բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք նույնպես նպատակ ունեն կամ արդեն իսկ աշխատանք են տանում՝ ուժեղացնելու և զարգացնելու ինչպես Մարտունին, այնպես էլ Հայաստանի գյուղական այլ համայնքները։ Ի դեպ, 2017թ. -ից վերոհիշյալ համագործակցությանն է միացել նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU):

Ծրագրի շրջանակներում վեց կազմակերպությունների կատարած ներդրումները՝ ստորև.

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն (AMAA)

Համայնքին գյուղտեխնիկայի տրամադրում (որի արժեքի 20%-ը տրամադրել է ԱՀԱԸ-ն, իսկ 80%-ը՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը»)

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ուսուցչի ֆինանսավորում՝ համայնքի դպրոցում աշխատելու համար

Ատամնաբուժական ծառայություններ գյուղի բնակիչների և դպրոցի համար

Մանկապարտեզի սանհանգույցի նորոգման ֆինանսավորում՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ

Ամանորի, Սուրբ Ծննդյան և երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված  միջոցառումների կազմակերպում համայնքում՝ երեխաների համար խորհրդանշական նվերներով

Զարգացման Սկզբունքներ (DP)

13 ընտանիքի տրամադրվել են հղի կովեր: 2018 թվականին 13 կով փոխանցվելու են ևս 13 այլ ընտանիքի: Այս 3 տարվա ընթացքում շահառուները հնարավորություն են ստացել՝ ստեղծելու և զարգացնելու իրենց փոքր ֆերմերային տնտեսությունները: Մեկ ստացած կովի բուծման և խնամքի արդյունքում ընտանիքը ստանում է կաթ, մածուն, կարագ և այլն, բացի այդ 3 տարվա ընթացքում մեկ կենդանուց ընտանիքը ունենում է առնվազն 4 կենդանի՝ որից մեկը՝ երինջը, փոխանցվում է մեկ այլ ընտանիքի:

Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ն նաև տրամադրել է գյուղի դպրոցին  գրքեր՝ տրամաբանության (երկհատոր) և բուժկետին՝ առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Հեյֆեր Հայաստանյան գրասենյակի միջոցով Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ն նաև աջակցել է գյուղին՝  ներգրավվելու CARMAC (ԳԾԻԳ) ազգային ծրագրի մեջ, որը ուղղված է հեռագնա արոտների կառավարման բարելավմանը:

Կազմակերպությունը տրամադրել է նաև անասնաբուժական դեղորայք ու պարագաներ, տեխնիկական աջակցություն և ուսուցում անասնապահության վերաբերյալ։

Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF)

Մարտունու բուժկետի նորոգում

Բնակչության առողջապահական զննումներ 

Ատամնափուտի (կարիեսի) կանխարգելում

Մանկապարտեզի սանհանգույցի նորոգման ֆինանսավորում՝ ԱՀԱԸ-ի հետ համատեղ

Դպրոցի ճաշարանի վերանորոգում և ատամնակայանի հիմնում

Հայ օգնության ֆոնդ (FAR)

ՀՕՖ-ի կրթավճարային ծրագրերի շրջանակներում ԲՈՒՀ-ի համայնքաբնակ դիմորդներին և ուսանողներին ուսման վարձի վճարման աջակցություն

Համայնքի ծնողազուրկ երեխաներին հումանիտար օգնություն ցուցաբերում

Շեն (Shen)

Կոոպերատիվի նախաձեռնում, նրա կարողությունների հզորացում և գործունեության կայունացում

Համայնքի խմելու ջրի համակարգի կառուցում

Համայնքի կայքի ստեղծում

Կանանց և աղջիկների փոքր բիզնեսի խթանում ձեռագործության ոլորտում

Մանկապարտեզի հիմնում

Դպրոցին հարող տարածքների բարեկարգում և մարզահրապարակի վերականգնում

Վորլդ վիժն Հայաստան (WV)

Երիտասարդական ակումբի հիմնում ու նրանց միջոցով համայնքային զարգացման մինի-ծրագրերի իրականացում

Բանավեճի ակումբ 14 և բարձր տարիքի 15 երեխայի համար՝ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ համատեղ

Ինժեներական ակումբի հիմնում՝ UITE հետ համատեղ

Դեղաբույսերի արժեշղթայի առաջշարժման նպատակով արտադրողների խմբի ստեղծում ու իրենց կողմից հավաքված ապրանքի իրացման աջակցություն

Մարտունու ԲՄԿ կարողությունների հզորացում՝ աջակցող այցերի ու դասընթացների միջոցով

Դասավանդի՛ր, Հայաստան (TFA)

ԴՀ-ի հատուկ վերապատրաստումն անցած ինֆորմատիկայի ուսուցչի կողմից Մարտունիում 2 տարի շարունակ ակտիվ աշխատանքներ են տարվել՝ ինչպես դպրոցական ծրագրի, այնպես էլ արտադպրոցական և համայնքային ծրագրերի մակարդակով: Արտադասարանային աշխատանքի շրջանակներում գործում են առաջնորդության, ծրագրավորման, անգլերենի սիրողական խմբակներ: Արդյունքում դպրոցում ձևավորվել է փոխհարաբերությունների նոր մշակույթ և դպրոցական կյանքը բավականին ակտիվացել է:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ (WCC ART)

Մարտունու դպրոցի համակարգչային սենյակի վերազինում՝ համակարգչային նոր սարքավորումներով, ինտերնետ կապի և ցանցի ապահովմամբ: Դպրոցի և մանկապարտեզի խաղահրապարակի վերանորոգման համաֆինանսավորում՝ Շեն ՀԿ հետ համատեղ:

Կոնսորցիումի անդամ-կազմակերպություններ

 Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA Armenia) առաքելությունն է նպաստել հայ ժողովրդի կյանքի որակի բարեփոխմանը` իրականացնելով երեխաների հովանավորության, մանկական սննդի, բժշկական և այլ ծրագրեր, ինչպես նաև կրթական և հոգևոր-մշակութային ծառայություններ մատուցելով սոցիալապես խոցելի իր հայրենակիցներին՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում և Արցախում: ԱՀԱԸ-ի առանցքային նպատակն է համակողմանի կրթության և զարգացման ծրագրերի միջոցով օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին՝ կոտրելու աղքատության շղթան և փոխելու իրենց կյանքի որակը: 2011թ. սկսած՝ ԱՀԱԸ-ն արդեն բացել է 10-ից ավելի ցերեկային կենտրոններ Հայաստանի ու Արցախի տարբեր քաղաքներում, ուր հաճախող երեխաները և նրանց ծնողները ձեռք են բերում գիտելիքներ, կյանքի հմտություններ, անձնային աճ ևառողջ արժեքային համակարգ՝ հավատալու իրենց ուժերին, հաջողությամբ դիմագրավելու կյանքի դժվարին իրավիճակները և դառնալու հանրօգուտ բարիք ստեղծող քաղաքացիներ: ԱՀԱԸ-ի հովանու ներքո գործում է նաև տարածաշրջանի միակ “կանաչ” դպրոցը՝ Ավետիսյան կրթահամալիրը:

 Զարգացման Սկզբունքներ ՀԿ –­ի (DP) առաքելությունն է` նպաստել մարդկային կայուն զարգացմանը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` բարձրակարգ և արդյունավետ իրականացնելով սոցիալ-­տնտեսական, կրթական և այլ զարգացման ծրագրեր:

 Հայաստանի մանուկներ հիմնադրամ (COAF)

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004 թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 67,000 բնակիչները:

2015 թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

 Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Հայաստանյայց առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան թեմի հովանու ներքո գործող բարեգործական հիմնադրամ է, որ ստեղծվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Նյու Յորքում։ Հայ օգնության ֆոնդն իր աշխատանքներով նպաստում է սոցիալական արդարության կայացմանն ու հավասար հնարավորությունների ստեղծմանը: Կազմակերպությունը աշխատանքներ է տանում սոցիալական, առողջապահական, համայնքային զարգացման/ենթակառուցվածքների վերականգնման, կրթության, գիտության և ՏՏ ոլորտներում:

  Շեն ԲՀԿ-ն հետամուտ է Հայաստանի հեռավոր և անբարեկեցիկ գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը՝ համայնքի անդամների անմիջական մասնակցությամբ: Նոր գիտելիքների հաղորդման, աշխատատեղերի խթանման, ենթակառուցվածքների բարելավման և տեղական ՀԿ-ների քաջալերման միջոցով Շեն ԲՀԿ ձգտում է այդ համայնքները կայուն դարձնել ապրելու և գործելու համար:

 Վորլդ Վիժնը միջազգային բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարեփոխել աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքը: Վորլդ Վիժնն  աշխատում է Հայաստանի 6 մարզերի 256 համայնքներում: Նախորդ տարվա ընթացքում Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերը աջակցել են 119724 երեխաների և 350 330 մեծահասակների: Վորլդ Վիժն Հայաստանի գերակա նպատակն է Հայաստանը դարձնել հույսով և արժանապատվությամբ ապրող երեխաների և երիտասարդների տուն:

Դասավանդիր, Հայաստանը Teach for All միջազգային կրթական կազմակերպության Հայաստանյան ծրագիրն է։ Ծրագիրը գործում է աշխարհի շուրջ 40 երկրներում: Նպատակն է որակյալ կրթության հասանելիության և տարածվածության ապահովումը աշխարհի յուրաքանչյուր ծայրում: Ծրագիրը ՀՀ-ում գործում է 2015 թ-ից: Ծրագիրը ՀՀ-ում հիմնադրվել է 2013-ից, իսկ արդեն 2015-ից ծրագրի շրջանակներում, շուրջ 14 մասնակիցներ, համապատասխան վերապատրաստում անցնելու հետո ուղևորովեցին իրենց նոր համայքներ, որտեղ պետք է գործունեություն ծավալեին առաջիկա երկու տարիների ընթացքում, որոնց արդեն հաջորդ տարի միացան նոր՝ 28 մասնակիցներ, տեղաբաշխվելով Հայաստանի հինգ մարզերում՝  Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Արագածոտն,  Արմավիր: Մասնակիցներն իրենց հետ բերելով նորարար մտքեր, նոր մեթոդներ, հասանելի են դարձնում վերջին կրթական նյութերը աշակերտների համար, ոգեշնչում են երեխաներին և նպաստում են կրթության որակի բարելավմանը:

 Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1996 թ-ին: ՀԿՍ-ն լայնածավալ գործունեություն է իրականացրել ամենատարբեր ոլորտներում ` կարողությունների զարգացման, կրթության, խաղաղության և հաշտեցման, սոցիալական և մարդասիրական օգնության: Ներկայումս ՀԿՍ-ն իր գործունեությունը կենտրոնացնում է հիմնականում հետևյալ ուղղություններով՝ համապարփակ համայնքային զարգացում և դիակոնիա, կարողությունների զարգացում, տարածաշրջանային խաղաղություն և հաշտեցում, արտակարգ իրավիճակներ: Կարևոր է նաև աջակցություն Սիրիահայ փախստականներին ծրագիրը:  Կլոր սեղանը ծրագրեր է իրականացնում Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում, 2017 թ. առաջին կիսամյակում  ունեցել է 2500 շահառու:

* * * * * * *

Առաջարկում ենք դիտել Շողակաթ հեռուստաընկերության ռեպորտաժը համընկերության անդամների ամփոփիչ այցի մասին։

ԱՅՍ ՄԱՍԻՆ ԳՐՈՒՄ ԵՆ՝
__________________________

https://armenpress.am

http://www.lragir.am

https://www.panorama.am

http://shoghakat.am (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

http://shamshyan.com

https://timenews.am

https://www.slaq.am

http://gegharkunik.mtad.am

http://www.roundtable-act.am

http://www.kyavartv.am

http://www.armradio.am (ՌԱԴԻՈՌԵՊՈՐՏԱԺ)

Տեսանյութ