Նոյեմբերի 27 2017 Բաժինը՝ Լուրեր

Աշնան տոն Արցախում


Իր ավարտին է մոտենում բնության չքնաղ եղանակներից մեկը` աշունը: Ինչպես բոլոր կրթօջախներում, այնպես էլ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Ստեփանակերտի մանկապարտեզում անցկացվեց «Ոսկեզօծ աշուն» թեմայով դաս-միջոցառում:

Այս գեղեցիկ տոնին մանկապարտեզի սաները յուրահատուկ ձևով էին նախապատրաստվել: Աշնանային խայտաբղետ գույներով և մրգառատ զամբյուղներով, բերքառատ աշնան գովքն ու հմայքն արտահայտվում էր ուրախ երգով ու պարով: Երեխաները ներկայացրին աշնանային ոսկեհեր անտառի, այգիների հարուստ բերք ու բարիքը:

Միջոցառման ամենատպավորիչ մասը փոքրիկ ներկայացումն էր, որն իր ինքնատիպ բովանդակությամբ լրացրեց աշնանային հեքիաթը: Երեխաներն իրենց մանկական վառ ելույթներով աշնանային գրավչությանը նոր հմայք տվեցին:

Լուսինե Հայրիյան
ԱՀԱԸ Արցախի սոցիալական ծրագրերի պատասխանատու