Դեկտեմբերի 19 2017 Բաժինը՝ Լուրեր

Հզոր ու անպարտ է մեր բանակը եւ նրա զինվորը


Օրեր առաջ ԱՀԱԸ Ստեփանակերտի մանկապարտեզի «Ծիածան» խմբի սաները դաստիարակների հետ միասին այցելեցին Արցախի Պաշտպանության բանակի 19-ամյա զինծառայող Գագիկ Արզանյանին, ով այժմ ապաքինվում է վերջերս ստացած ծանր վիրավորումից:

Գագիկը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սան է, փոքրուց դաստիարակվել է ազգային-հոգեւոր արժեքներով։ Հավատքով լցված զինվորին հրաշքով պահեց Աստված․ վկայում են ծառայակից ընկերները:
Մանկապարտեզի սաներն աղոթում էին նրա ապաքինման համար, եւ փառք Աստծո, նա այսօր մեզ հետ է եւ ապաքինվում է:

Կրթահամալիրի ծնողական կոմիտեի օգնությամբ Գագիկին հանձնվեց երեխաների ձեռքերով հավաքված քաղցրավենիք ու փոքրիկ նամակ` ուղերձ զինվորին: Նամակում երեխաները նշում են, որ հպարտ են, որ Գագիկը մեր հայրերի ու եղբայրների արդար գործի շարունակողն է:

Մենք հավատում ենք քո ուժին, հա՛յ զինվոր: Մենք հավատում ենք քեզ, քո հաղթանակին, հայրենիք կերտող քո անհաղթ բազկին: Աղոթում ենք մեր հայրենիքի համար, որն սկսվում է քեզնից...