Դեկտեմբերի 27 2017 Բաժինը՝ Լուրեր

Սուրբ Ծննդյան միջոցառում ԱՀԱԸ Դիլիջանի կրթադաստիարակչական ցերեկային կենտրոնում


Դեկտեմբերի 23-ին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Դիլիջանի կրթադաստիարակչական ցերեկային կենտրոնի ուսուցիչները կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Ամանորին և Սուրբ Ծնունդին։

Միջոցառմանը մասնակցեցին ցերեկային կենտրոնի բոլոր երեխաները։ Նրանք կենտրոնի ուսուցչուհիների օգնությամբ պատրաստել էին ծրագիրը, որի ժամանակ հնչեցին Ամանորին և Սուրբ Ծննդյանը նվիրված երգեր, ասմունք, պար։ Հանդեսը կարևորվեց նրանով, որ շատ շնորհաշատ երեխաներ այդ օրը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց տաղանդները։

Բացառիկ էր ցերեկային կենտրոնի սանի և ուսուցչուհու զուգերգը, որը նորից ներկայացվեց դեկտեմբերի 25-ին կայացած մեծ հանդեսին։ Երեխաներին ուրախացրին Ձմեռ պապի բերած նվերները։ Միջոցառմանը հրավիրված էին ցերեկային կենտրոնի երեխաների ծնողները, տատիկ, պապիկները և երեխաների համադասարանցիները:

Դեկտեմբերի 25-ին Դիլիջանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու սրահում տեղի ունեցավ Սուրբ Ծնունդին նվիրված միջոցառումը, որին ներկա էին 250-ից ավել երեխաներ ու պատանիներ։ Հանդեսը պատրաստել էին Հայ Ավետարանչական ընկերակցության Դիլիջանի կենտրոնի թատերական խմբակի սաները և Դիլիջանի ՀԱԵ կիրակնօրյա դպրոցի երգչախումբը։ Հանդեսն սկսվեց եկեղեցու հովիվ Վեր. Գառնիկ Թութիկյանի ողջույնի խոսքով և աղոթքով, որից հետո ներկայացվեց Սուրբ Ծնունդին նվիրված բեմադրությունը՝ «Սուրբ Ծննդյան նարինջները» խորագրով։ Պատմությունը շատ հուզիչ էր, բայց ուրախ ավարտ ուներ։ Երեխաները կարողացան բեմադրության միջոցով հանդիսատեսին ներկայացնել Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծնունդի կարևորությունը։

Ինչպես միշտ, ներկա էին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, որոնք հենց հանդեսի սկզբում ողջունեցին ներկաներին և մանուկներին ու խոստացան գնալ նվերները բերելու։ Նրանց հաջորդ մուտքը երգչախմբի ելույթից հետո էր։ Երգից երգ անցումները հագեցած էին ասմունքով և կիրակնօրյա դպրոցի սաների այլ կատարումներով՝ կիթառի և ջութակի մենանվագներով։ Միջացառման ավարտին բոլոր մանուկներն ստացան Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից պատրաստված տոնական նվերներ։