Դեկտեմբերի 30 2017 Բաժինը՝ Լուրեր

Արժե՞ արդյոք սպասել Սուրբ Ծննդյանը


Երբ մենք մտածում ենք Սուրբ Ծննդյան մասին, նախեւառաջ վերհիշում ենք պատմություներ Հիսուսի աշխարհ գալու մասին՝ հրաշք մանուկը խանձարուրում փաթաթված, կենդանիներով շրջապատված... Մտաբերում ենք մոգերին, որ այցելեցին փոքրիկ Հիսուսին եւ բերեցին նրան նվերներ՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս։

Մենք խորհում ենք այն «եթերային» պատմության մասին, որում հովիվներն արածեցնում էին իրենց գառներին Պաղեստինի բաց դաշտերում, եւ հրեշտակները երկնքից Փրկչի ծննդյան Բարի լուրն էին ավետում նրանց։ Բոլոր այս Աստվածաշնչյան պատմությունները գեղեցիկ են եւ կարեւոր պատգամ ունեն մեզ համար։

Հիսուսի ծննդյան հետ կապված ոչ բոլոր պատմություններն են ջերմացնող եւ գեղեցիկ։ Տղա երեխաների զանգվածային սպանդի պատմությունը սարսափելի ցավոտ է։ Մենք նախընտրում ենք չպատմել այս պատմությունը։ Այն մեր տրամադրության վրա դրական չի անդրադառնում։

Քանի որ Սուրբ Ծնունդին երեխաները սպասում են Ձմեռ Պապիկին եւ իր բերած նվերներին, նրանք աշխարհահռչակ նվիրատուին գրում են նամակներ, որոնք ավելի շատ առեւտրի ցուցակ են հիշեցնում, քան թե սիրո, շնորհակալության ու գնահատանքի խոսքեր։

Աշխատող մեծահասակները դիտարկում են Սուրբ Ծնունդը որպես մի առիթ՝ հանգստանալու առօրյա եռուզեռից, վերալիցքավորելու նրանց զգացմունքային ու մարմնական «մարտկոցները», եւ ժամանակ անցկացնելու ընտանիքի ու ընկերների հետ։

Շատերն անհամբերությամբ սպասում են բոլոր ամանորյա խնջույքներին եւ համեղ ուտելիքներին, որ նրանք պետք է ճաշակեն։

Սակայն, ոչ բոլորն են ուրախությամբ սպասում Սուրբ Ծննդյանը։ Շատերի համար, այս տոնական օրերը դարձել են մի հիշեցում՝ իրենց մենակության ու կոտրված հարաբերությունների մասին։ Եւս մեկ տոն, որը նրանք բոլորովին միայնակ են անցկացնելու։

Ոմանց համար էլ սա հոգսաշատ ժամանակ է, քանի որ նրանք անհանգստանում են, թե որքան գումար են ծախսելու բոլոր նվերների եւ սննդի, տոնական գնումների վրա։ Հայաստանում եւ այլ ավանդապահ երկրներում բնակվող կանանց համար, Սուրբ Ծնունդը խոհանոցային խառնաշփոթի ժամանակ է՝ պատրաստել, եփել, լվանալ․․․

Սակայն, Սուրբ Ծննդյան հիմքում մի պատգամ է, որը գերազանցում է բոլոր մարդկային ավանդույթներն ու փորձառությունը։ Սուրբ Ծնունդը Աստծո մարմնացման մասին է, ով մարդացավ, որպեսզի լիովին մտնի մեր դրության մեջ, օրինակ դառնա մեզ համար եւ հաշտեցնի մեզ Աստծո հետ։

Սուրբ Ծնունդն իր մեջ կրում է հույսի պատգամը՝ Էմմանուէլ, Աստված մեզ հետ է։ Մենք միայնակ չենք մեր ցավերի ու տառապանքների մեջ։ Աստված կարեկից է մեր տանջանքներին, որովհետեւ Նա՝ Հիսուս Քրիստոս, համբերեց վատագույն ցավին ու ամոթանքին։ Նա մեզ հետ է՝ մխիթարելու եւ քաջալերելու մեզ՝ դժվարության ամենածանր ու մութ պահերին։ Նա մեզ հիշեցնում է երկնային հույսի մասին, որ սպասում է Իր զավակներին։


Սուրբ Ծնունդը Աստծո սերը եւ խաղաղությունը վայելելու մասին է՝ տոնական օրերին եւ դրանից հետո, անկախ հանգամանքներից։ Սուրբ Ծնունդը մեզ մղում է Աստծո նման առատորեն նվիրել ժամանակ, ուշադրություն, սեր եւ խնամք՝ այն ամենքին, ովքեր դրա կարիքն ամենից շատն ունեն։

Մաղթում եմ բոլորիս վերապրել Սուրբ Ծննդյան ուրախությունը, մինչ այս օրերին մենք խորհրդածում ենք Աստծո անսահման սիրո եւ հոգատարության սուրբ ծննդյան պատգամի շուրջ։

Հարութ Ներսեսսյան
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության
Հայաստանի ներկայացուցիչ