Հունվարի 17 2018 Բաժինը՝ Լուրեր

Սուրբ Ծննդյան ուրախ միջոցառում Գյումրիում


Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Գյումրու գրասենյակի և Գյումրու Հայ Ավետարանական Եկեղեցու թատերական խմբակը ռեժիսոր Վազգեն Թորոսյանի ղեկավարությամբ հունվարի 12-ին և 13-ին Գյումրի քաղաքի շուրջ 1000 երեխայի համար պատրաստել էր Սուրբ Ծննդյան միջոցառում՝ ներկայացում «Տոնական ծառի աստղը» խորագրով: Ներկայացմանը ներկա էին ավելի քան 1600 մարդ:

Սա մի պատմություն էր, որտեղ փոքրիկ Արամը, որ չէր կարող քայլել, հանկարծ հայտնվում է իր նկարած հեքիաթում և հեքիաթի հերոսների հետ գնում է փնտրելու տոնական ծառի աստղը: Դա ամենափայլուն և ամենագեղեցիկ աստղն էր, որ դրվում է տոնական ծառի գագաթին ամեն տան մեջ և խորհրդանշում է, որ այդ տանը ներկա է Քրիստոսը՝ աշխարհի Փրկիչը: Արամը, աստղը գտնելով, հրաշքով բուժվում է և կարողանում է ինքնուրույն տեղադրել տոնական աստղը տոնածառի գագաթին:

Գյումրու գրասենյակի անձնակազմը, կամավորները և օգնականները ջանք ու ժամանակ չխնայեցին օգնելու համար թատերական խմբակին գունեղ և տպավորիչ միջոցառում կազմակերպելու գործում: Պատրաստվում ենք նոր ծրագրերով ուրախացնել և գունավոր դարձնել գյումրեցիների առօրյան:

Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ։