Հունվարի 17 2018 Բաժինը՝ Լուրեր

«Ամենակարևոր նվերը»՝ երեխաներին

Մեզ համար մի մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի. նա պիտի կոչվի Սքանչելի, Խորհրդակից, Հզոր Աստված, Հավիտենականության  Հայր, Խաղաղության Իշխան:

Հին Կտակարան, Եսայի 9. 6


Նորից Նոր տարի է:

Դա նշանակում է նվերների փնտրտուք, անակնկալների փաթեթներ տոնածառի տակ, տոնական սեղաններ, տոնական հաղորդումներ հեռուստացույցով եւ այլն եւ այլն:

Տե՛ր Աստված, ինչո՞ւ են բոլորը սիրում Նոր տարին:

Ասում են, որ Նոր տարին ամենահուսավառ, հմայիչ եւ խորհրդավոր տոնն է: Թե ի՞նչն է հմայիչ, խորհրդավոր, չգիտեմ: Նույն տոնածառը, նույն խաղալիքները, վառված մոմերը:  Բայց` ոչ: Նոր տարին կարող է լինել խորհրդավոր: Եվ ահա թե ինչու:

Հունվարի 16-ին և 17-ին Երեւանի Հայ Ավետարանչական կենտրոնում Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու և Հայ Ավետարանչական ընկերակցության «Հայասա» թատերախումբը հանդես եկավ «Ամենակարևոր նվերը» ներկայացումով (բեմադրիչ` Նունե Աբրահամյան):

Ներկայացումների սկզբում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հովվի օգնական վեր. Հովհաննես Հովսեփյանը և ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը շնորհավորանքի խոսք էին ուղղում ներկաներին, ուր Հիսուս Քրիստոսի ծննդյան պատգամն էր ամփոփված: Նրանք շեշտում էին, որ «Հիսուսն իր ծննդով, գործով և իր Անձով փառավորեց Հայր Աստծո անունը: Այս բարի լուրը մեզ պարգևում է կորով, համբերություն, ուրախություն, սեր և հարգանք միմյանց նկատմամբ: Ձեզ բոլորիդ մաղթում ենք բարի Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

  • «Ամենակարևոր նվերը» ներկայացման մեջ մի ամբողջ քաղաք, բացի կոշկակար Հենրիից, որն ատում է Սուրբ Ծնունդն ու գտնում, որ այն միայն նվեր ստանալու համար է, պատրաստվում է տոնել Սուրբ Ծննդյան տոնը: Պրն քաղաքապետը ամենաթանկ նվերն է փնտրում իր աղջկա՝ Անիի համար: Իսկ Գրետան, որը ցախ է հավաքում ու վաճառում Հենրիի մոտ է բերում աղբանոց նետված մի զույգ կոշիկ և խնդրում նրան վերանորոգել դրանք իր աղջկա՝ Էլզայի համար: Գրետան ասում է, որ վերանորոգված կոշիկները կլինեն Էլզայի Սուրբ Ծննդյան նվերը: Կոշկակար Հենրին ծաղրում է Գրետային և դուրս վռնդում:

Գիշերը հրեշտակը հայտնվում է Հենրիին և ավետում, որ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ նրան շատ մեծ նվեր է սպասվում, իսկ Հենրին իր կողմից պետք է մի նվեր պատրաստի իր հյուրի համար, որ կայցելի իրեն Սուրբ Ծննդյան գիշերվա ընթրիքի առիթով:

Կոշկակարին այցելում են քաղաքի բոլոր բնակիչները, բացի այն կարևոր հյուրից, որի մասին ավետել էր հրեշտակը: Հենրին մտածում էր, որ բաց է թողել իր հյուրին և ինքն էլ իր հերթին չստացավ իրեն խոստացված նվերը: Հենրին կարմիր կաշվից ճտկավոր գեղեցիկ կոշիկներ էր պատրաստել իր հյուրի համար: Տիրոջ Հրեշտակը կրկին այցելում է Հենրիին և բացատրում, որ Սուրբ Ծննդյան ամենակարևոր նվերը ինքն՝ Աստծո Որդին է, որ ծնվեց և աշխարհ եկավ: Կոշկակար Հենրին վերջապես հասկանում է Սուրբ Ծննդյան իրական իմաստը, և որոշում է իր պատրաստած կարմիր կոշիկները նվիրել Էլզային, որն իրոք ուներ դրա կարիքը:


Սա է այն մեծագույն սերն ու միմյանց օգտակար լինելու դրսեւորման վառ օրինակը, որ կարող ենք ցուցաբերել միմյանց հանդեպ, օրինակ ունենալով կոշկակար Հենրիին, որի վերաբերմունքը Էլզայի նկատմամբ մեզ հիշեցնում է Մատթեոսի Ավետարանի 25. 35-40 հատվածը, ուր Հիսուս Քրիստոսն ասում է. «Որովհետեւ սոված էի, եւ դուք ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, եւ խմեցրիք ինձ, օտար էի, եւ ինձ ձեզ մոտ վերցրիք, մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիվանդ էի, եւ ինձ այցելեցիք, բանտում էի, եւ ինձ մոտ եկաք»:  Այն ժամանակ արդարները նրան կպատասխանեն ու կասեն. «Տե՛ր, ե՞րբ քեզ սոված տեսանք եւ կերակրեցինք, կամ` ծարավ ու խմեցրինք: Ե՞րբ քեզ օտար տեսանք ու մեզ մոտ վերցրինք, կամ` մերկ ու հագցրինք: Ե՞րբ քեզ հիվանդ տեսանք կամ բանտում ու քեզ մոտ եկանք». Թագավորն էլ կպատասխանի ու նրանց կասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ այս իմ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք»: 

Այո՛, ինչ որ անենք միմյանց համար, անում ենք Հիսուսի եւ մարդկանց հանդեպ ունեցած սիրով: Մենք կարող ենք միայն շնորհակալություն հայտնել Աստծուն, ով վերափոխեց կոշկակարի` Հենրիի սիրտը, և նա իր լավագույնը բաժնեկցեց կարիքավորի հետ:

Ներկայացումներից առաջ Հայ Ավետարանչական կենտրոնի դահլիճի նախասրահում երեխաների համար ծաղրածուները կազմակերպում էին խաղեր, երգեր, անցկացնում մրցումներ և հաղթողներին բաժանում նվերներ:

Ներկայացումից հետո նվերներ ստացան, իհարկե, բոլոր երեխաները եւ իրենց հետ տարան Աստծո մեծագույն նվերը` Հիսուս Քրիստոսին: Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց: Ձեզ եւ մեզ մեծ ավետիս:

ՀԱԸ մամուլի բաժին

Հ.Գ. «Ամենակարևոր նվերը» բեմադրությունը երկու օրերի ընթացքում ցուցադրվեց հինգ անգամ: Այն դիտեցին մոտ 1700 երեխաներ եւ մեծահասակներ: 

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու եւ Հայ Ավետարանչական ընկերակցության` Ամանորին եւ Սուրբ Ծննդյանը նվիրված հանդիսությունները, որոնք սկսվել էին դեկտեմբերի 20-ին, ավարտվեցին հունվարի 17-ին:

Հարգելի՛ բարեկամ, արդեն 25 տարի է, որ Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին եւ Հայ Ավետարանչական ընկերակցությունը Հայաստանի եւ Արցախի բազմաթիվ բնակավայրերում կազմակերպում են Ամանորին եւ Սուրբ ծննդյանը նվիրված հանդեսներ: Այս տարի 36 բնակավայրերում տեղի ունեցած 66 հանդեսներին մասնակցեցին 10 000 –ից ավելի երեխաներ:

Տեսանյութ