Հունվարի 18 2018 Բաժինը՝ Լուրեր

Սուրբ Ծնունդը Վանաձորի Հայ Ավետարանչական կենտրոնում


Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին հոգենորոգ ակնածանքով և սպասումով դիմավորեց և տոնեց Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Հինգ միջոցառումների ընթացքում, որին մասնակցում էին ավելի քան 1400 մարդ, ավետեցին Սուրբ Ծննդյան բարի լուրը, օրվա խորհրդին համահունչ ներկայացրին գեղեցիկ բեմադրություն, հնչեցին փառաբանության երգեր, ներկայացրին պարային համարներ, իսկ վերջում, անակնկալ նվերներ 800 երեխաների համար` Ավետարանչական Ընկերակցության կողմից:

Առանձին տարեվերջյան միջոցառում էին կազմակերպել նաև Հայ Ավետարանչական Ընկերակցության Վանաձորի կրթադաստիարակչական կենտրոնի մանկական խմբի սաները: Հաճելի սպաասելիքներով, տոնական հույզերով ուրախ ծրագիր ներկայացրին փոքրիկները: Նրանք իրենց թոթովախոս լեզուներով նույնպես ավետեցին Սուրբ Ծնունդը: Երգ, պար, անգլերեն և ռուսերեն բարեմաղթանքներ և նորից հաճելի անակնկալ նվերները` Ավետարանչական Ընկերակցության կողմից:

Թող այս տարում մեր մաղթանքը լինի բոլորին, որ Փրկչի Սուրբ Ծնունդն ու աստվածային հայտնությունը ծնունդ առնի մեր սրտերում, որն անշուշտ կբերի սիրո, եղբայրասիրության: Փոխադարձ կարեկցանքը թող թագավորի յուրաքանչյուր հայորդու սրտում, որը հիմքն է խաղաղության և հայրենաշինության: Մեկ անգամ ևս`

- Քրիստոս ծնվեց և հայտնվեց։

- Մեզ և Ձեզ մեծ ավետիս:

Վեր. Գևորգ Գասպարյան

Վանաձորի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվ