Հունվարի 22 2018 Բաժինը՝ Լուրեր

Ասկերանի ՇՈՂ ցերեկային կենտրոնի բացումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)


2018թ. հունվարի 19-ին Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքի Հայ Ավետարանչական ընկերակցության գրասենյակում տեղի ունեցավ «Շող» ցերեկային կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը:

Օրը տոնական էր: Կենտրոնի բացմանը ներկա էին Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, ԱՀԱԸ Արցախի մասնաճյուղի տնօրեն Արսեն Մանասյանը, Հայ Ավետարանչական ընկերակցության աշխատակիցներ, ծնողներ:

Երեխաները հյուրերին դիմավորեցին աղ ու հացով։ Նորամուտի ժապավենը կտրելուց հետո, հյուրերը ծանոթացան կենտրոնի պայմաններին:

Այնուհետև կենտրոնի դահլիճում ելույթ ունեցան «Շող»-ի և Ասկերանի մանկապատանեկան կենտրոնի Իվանյանի մասնաճյուղի սաները: Երեխաները հայրենասիրական երգերի, ազգային պարերի և ասմունքի միջոցով պատմեցին Արցախ աշխարհի պատմամշակութային հարուստ ժառանգության, հայի ազատատենչ ոգու տոկունության, արիության և անկախ հայրենիքի դարավոր երազանքի մասին:

Ելույթ ունեցան ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, Ասկերանի «Շող» կենտրոնի համակարգող Անահիտ Դանիելյանը: Իր գոհունակության ու շնորհակալության խոսքը հայտնեց Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը: Նա կարևորեց կենտրոնի գործունեությունը՝ աճող սերնդի հայեցի կրթության ու դաստիարակության համար:

Շնորհակալություն «Միշըն Փասիբլ» (Mission Possible) հոլանդական կազմակերպությանը կենտրոնի ֆինանսավորման համար։ Շնորհակալ ենք նաև Լիբանանի Հայ Ավետարանական դպրոցներին՝ կենտրոնի կահույքի ձեռքբերմանն ուղղված հատուկ դրամական պարգևի համար։

Լուսինե Հայրիյան
ԱՀԱԸ Արցախի սոցիալական ծրագրերի պատասխանատու

Ստորեւ առաջարկում ենք դիտել Artsakh TV-ի անդրադարձը Ասկերանի ՇՈՂ ցերեկային կենտրոնի բացմանը:

Տեսանյութ