Փետրվարի 02 2018 Բաժինը՝ Լուրեր

Այցելություն զորամաս


Հունվարի 30-ին ԱՀԱԸ Գորիսի գրասենյակի «Քայլ առաջ» ցերեկային կենտրոնի սաները և ողջ անձնակազմը հյուրընկալվեցին Գորիս քաղաքի հարակից  զորամասերից մեկում՝ միասին տոնելու Հայոց բանակի կազմավորման 26-ամյակը:

Շարային հրապարակում երեխաներին դիմավորեցին զորամասի հրամանատարը և զինվորները: Երեխաները նույնպես զինվորական կարգով շարվեցին հրապարակում, ողջունեցին հրամանատարին ու զինվորներին: Այնուհետև ներկաներին ողջունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Գորիսի գրասենյակի պատասխանատու՝ վեր. Սարգիս Օչինյանը: Նա նույնպես շնորհավորեց բոլորին. զինվորներին մաղթեց խաղաղ և անփորձանք ծառայություն, իսկ երեխաներին՝ սիրել ու պաշտպանել հայրենիքը:

Երեխաները զինվորներին հանձնեցին իրենց գրած շնորհակալական նամակները, քաղցրավենիք և փուչիկներ: Այնուհետև կազմակերպվեց էքսկուրսիա ամբողջ զորամասում: Երեխաները ծանոթացան բանակում գործող կարգ ու կանոնին, զինվորների առօրյային և դիտեցին զորավարժություններ: Հանգստի սենյակում երեխաներն իրենց հայրենասիրական երգերով էլ ավելի հուզումնառատ ու ոգեշնչող մթնոլորտ ստեղծեցին: Նրանք եղան նաև ճաշարանում, հյուրասիրվեցին թեյով և թխվածքաբլիթներով:

Այս հանդիպումը կարևոր էր նրանով, որ երեխաները մոտիկից ծանոթացան մեր հայրենիքի պաշտպաններին ու նրանց բանակային կյանքին։ Զինվորներին հրաժեշտ տվեցինք միասնական նկարով և կրկին հանդիպելու ակնկալիքով…

ԱՀԱԸ Գորիսի գրասենյակի «Քայլ առաջ» ցերեկային կենտրոնի աշխատակազմ