Փետրվարի 10 2018 Բաժինը՝ Լուրեր

ԱՀԱԸ և Արցախի ներկայացուցիչ Արսեն Մանասյանը արժանացան ՀՀ ԵԿՄ պարգևների


ՀՀ Երկրապահ Կամավորականների Միության վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը Հայոց բանակի 26-ամյակի կապակցությամբ և Երկրապահ կամավորական միության ծրագրերի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար Հայ Ավետարանչական ընկերակցությանը պարգևատրեց ԵԿՄ ՊԱՏՎՈԳՐՈՎ, որը հանձնվեց ԱՀԱԸ Հայաստանի ներակայացուցիչ Հարութ Ներսեսսյանին։

ԱՀԱԸ Արցախի ներկայացուցիչ, Հայաստանի մասնաճյուղի գործերի կառավարիչ Արսեն Մանասյանը Հայոց բանակի կազմավորման 26-ամյակի, ՊՆ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի 25-րդ տարեդարձի կապակցությամբ ԵԿՄ  նախագահի հրամանագրով պարգևատրվեց ՀՀ ԵԿՄ  «5-րդ բրիգադ 25 տարի» հոբելյանական մեդալով:

Շնորհավորական խոսքում Մ. Գրիգորյանը նշեց այն մեծ ներդրումը, որ ունենում են տարբեր կազմակերպություններ ԵԿՄ ծրագրերին աջակցելու գործում և երախտագիտություն հայտնեց ԱՀԱԸ մշտապես իրենց կողքին լինելու համար:

Հարութ Ներսեսսյանն ու Արսեն Մանասյանը շնորհակալություն հայտնեցին երկրապահների ընտանիքին, նրա ղեկավար՝ Մանվել Գրիգորյանին՝ ԵԿՄ պարգևների համար և մաղթեցին բարեբեր գործունեություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն:

ՀԱԸ մամուլի բաժին