Բժշկական ծրագրեր

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հայաստանի մասնաճյուղի բարեգործական ծրագրերի շարքում իր հաստատուն տեղն ունի բժշկական ծառայությունը:

Ընկերակցության համար հիշարժան է 1998թ. սեպտեմբերի 4-ը, երբ Երևանի գրասենյակի տարածքում 1991 թվականից գործող շարժական կլինիկային փոխարինեց Ավետարանչականի դարմանատան նորակառույց շենքը:

Դարմանատան շենքի կառուցումն իրականացվել է տեր և տիկին Ներսես և Արփինե Այնիլյանների (Նյու Ջերսի, ԱՄՆ) անմիջական հովանավորությամբ: Այս ծրագրին օժանդակել է բրիտանական «Christian Aid» կազմակերպությունը` ԵՀԽ Կլոր սեղանի միջոցով:

ԱՀԱԸ Երևանի դարմանատանը ներկայումս իրականացվում են՝

  • ուլտրաձայնային ախտորոշման
  • մանկական սննդի բաշխման
  • մանկաբուժական
  • ատամնաբուժական
  • դեղորայքի բաշխման
  • ընտանեկան բժշկի ծառայություններ

Սպիտակ քաղաքում կլինիկան հիմնվել է 2001 թ., դարձյալ ԱՀԱԸ, Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության, Ֆրանսիայի «Հայ բժիշկների միության» (UMAF) և Սպիտակի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:

Սպիտակի դարմանատունը ներառում է հետևյալ ծառայությունները`

  • մանկաբուժական
  • ատամնաբուժական
  • դեղորայքի բաշխում

Դարմանատների ծառայություններից օգտվում են հիմնականում սոցիալապես անապահով խավը, հովանավորված ընտանիքների երեխաներն ու ընտանիքի անդամները, եկեղեցի հաճախողները, ազատամարտիկների ընտանիքները, սիրիահայերը: Այցելուները ստանում են անվճար և բարձր որակի բուժօգնություն, քանի որ մեր մասնագետները պարբերաբար անցնում են վերապատրաստման դասընթացներ, մասնակցում են բազմաթիվ կոնֆերանսների և ունեն բարձր որակավորում:

Յուրաքանչյուր շահառուի ցուցաբերվում է անհատական մոտեցում, քանի որ մենք ձգտում ենք ունենալ առողջ հասարակություն:

Ժամանակ առ ժամանակ մեր շահառուների համար կազմակերպվում են սեմինարներ նվիրված  առողջ ապրելակերպին, հրավիրվում են տարբեր մասնագիտության տեր բժիշկներ, որոնք ներկայացնում են առողջության  պահպանմանը վերաբերվող թեմաներ:

Համագործակցում ենք նաև բազմաթիվ հիվանդանոցների հետ և այն շահառուներն, ովքեր ունենում են հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք մեր կողմից ուղղորդվում են համապատասխան մասնագետների մոտ:

Տարիներ շարունակ Սփյուռքից  նույնպես  ժամանում են  տարբեր բժիշկ մասնագետներ, որոնք համագործակցում են ԱՀԱԸ դարմանատան բժիշկների հետ և իրենց մասնագիտական կարողություններն ի սպաս դնում դարմանատուն այցելող հիվանդներին: Բժիշկները, որոնք այցելում են Հայաստան, հիմնականում ԱՄՆ-ից են, Ֆրանսիայից, Սիրիայից և Իտալիայից:

Վերոհիշյալ ծառայություններից տարիներ շարունակ օգտվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ,որոնք ստացել են հոգատար և մասնագիտական բժշկական սպասարկում և խորհրդատվություն:

Pin It on Pinterest