Ամառային ճամբարներ

1991թ.-ից 55 000+ երեխաներ հանգստանում են Հայաստանի մի քանի տասնյակ բնակավայրերում կազմակերպվող AMAA-ի բակային ճամբարներում եւ Հանքավանի «Շողիկ» ճամբարային համալիրում` իր կանաչապատ գոտիներով, խաղադաշտերով, ճեմուղիներով ու տաղավարներով: Տարածքի ամբողջական մակերեսը կազմում է շուրջ 60 000 քմ, որտեղ կառուցված են տղաների եւ աղջիկների մասնաշենք, ճաշարան, հյուրատուն, կոնֆերանս մասնաշենք, փակ միջոցառումների համար նախատեսված համերգասրահ, ամֆիթատրոններ, սպասարկման եւ այլ ենթակառուցվածքներ։

Ճամբարներում երեխաներն, ակտիվ հանգստի եւ ստեղծագործական մթնոլորտի մեջ ապրելով, առիթ են ունենում տարբեր կերպերով ծանոթանալ ազգային եւ մշակութային արժեքներին, Աստվածաշնչի ուսուցողական պատմություններին, ստանում են զարգացողական գիտելիքներ եւ ձեռք բերում կյանքի հմտություններ՝ միաժամանակ վայելելով հայրենի չնաշխարհիկ բնությունը:

Երեխաները մասնակցում են նաեւ ինտերակտիվ խաղերի, սպորտային մրցումների եւ թատերական խմբերի պարապմունքների: Հայրենասիրական պատմությունների միջոցով նրանք ծանոթանում են անցյալի հերոսական կերպարներին, պատկերացնում, թե իրենք ինչպես կվարվեին հերոսների փոխարեն նմանատիպ իրավիճակներում:

Ճամբարականները տուն են վերադառնում կոփված, առույգ, ուրախ տրամադրությամբ: Ծնողները հաճախ զարմանում են, որ իրենց երեխաները ճամբարից հետո ավելի համագործակցող են, օգնող ու ներողամիտ: Երեխաների կյանքում այս փոփոխություններն արդեն զգացվում են ճամբարում: Մեկնարկից մի քանի օր հետո, տարբեր քաղաքներից ժամանածների միջեւ վերանում են հաղորդակցվելու արգելքները:

Իսկապես, ճամբարի՝ սիրո, հոգատարության եւ համակողմանի աճին նպաստող մթնոլորտը երեխային վերափոխելու մեծ ներուժ ունի:

Pin It on Pinterest