Հարգելի՛ ընթերցող, հիշո՞ւմ եք փոքր տարիքում ինչպիսի անհամբերությամբ էինք սպասում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով մանկապարտեզում, դպրոցում եւ, ինչու չէ, տանը կազմակերպվող հանդեսներին: Այդ բոլորը մարմնավորում էին մեր երազանքները, ցանկությունների իրականացումը եւ լույսերով, ժպիտներով, ուրախ երգերով լի օրեր էին համարվում: Դանդաղ բաց էինք անում փաթեթավորված տուփերը եւ սրտի թրթիռով սպասում թե ինչ կլինեն դրանց մեջ, ինչ անակնկալ են պատրաստել մեզ համար մեր ծնողները, բարեկամներն ու ընկերները:
AMAA-ն Հայաստանում իր գոյության առաջին իսկ տարվանից կազմակերպում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան միջոցառումներ մեր երեխաների համար:
Վերջին տարիներին Հայաստանի մի քանի տասնյակ բնակավայրերում կազմակերպվում են նմանատիպ միջոցառումներ, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցում են 20.000-ից ավելի երեխաներ:
Սուրբ Ծննդյան տոնի հետ հաղորդակցությունը պարգեւում է մեծ ուրախություն, եւ ինչպես հրեշտակներն են ավետում, այդ ուրախությունը «ամբողջ ժողովրդինը կլինի» (Ղուկասի Ավետարան 2.10), քանի որ այս կարեւոր տոնի իմաստը մեր հոգեւոր զարթոնքն է եւ աստվածային սիրո գիտակցումը։
Տոնական օրերին ամենուրեք ելույթներ են ունենում AMAA-ի գրասենյակների գեղարվեստական թիմերը, մանկական երգչախմբերը, Ձմեռ պապն ու Ձյունանույշը, սիրված հեքիաթների եւ մուլտ ֆիլմերի հերոսները, անցկացվում են մրցումներ եւ բոլոր երեխաներին բաժանվում են նվերներ:
Ամեն տարի Ամանորի, Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության եւ ազգային տոների կապակցությամբ նոր բեմադրություններով է հանդես գալիս «Հայասա» թատերախումբը: