Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA) ստեղծվեց Հայ Ավետարանական եկեղեցիների կողմից 1918 թ. հունիսի 7-ին, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուստր քաղաքում:
AMAA-ի նպատակն է խոսքով եւ գործով արտահայտել Աստծո սերը մարդկանց նկատմամբ, օգնել հայ ժողովրդին՝ պահպանելու հավատքը, մշակույթը եւ ազգային ինքնությունը:
1988թ. երկրաշարժից անմիջապես հետո, ինչպես ամբողջ աշխարհը, AMAA-ն նույնպես կատարեց անհրաժեշտը՝ երկրաշարժից տուժած հայ ժողովրդի ցավը մեղմելու համար, ցուցաբերեց օգնություն՝ սննդի, հագուստի, դեղորայքի, բժշկական սարքավորումների տեսքով:
1991թ. Հայաստանի անկախացումից եւ AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի պաշտոնական գրանցում ստանալուց հետո Երեւանում բացվեց ընկերակցության կենտրոնական գրասենյակը:
Որոշ ժամանակ անց Հայաստանում եւ Արցախում ձեւավորվեցին AMAA-ի գործունեության հիմնական ուղղությունները:
Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում եւ Արցախում գործում են AMAA-ի՝ ավելի քան երկու տասնյակ գրասենյակներ: