Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հայաստանի մասնաճյուղի բարեգործական ծրագրերի շարքում իր հաստատուն տեղն ունի բժշկական ծառայությունը:
Ընկերակցության համար հիշարժան է 1998թ. սեպտեմբերի 4-ը, երբ Երևանի գրասենյակի տարածքում 1991 թվականից գործող շարժական կլինիկային փոխարինեց Ավետարանչականի դարմանատան նորակառույց շենքը:
Դարմանատան շենքի կառուցումն իրականացվել է տեր և տիկին Ներսես և Արփինե Այնիլյանների (Նյու Ջերսի, ԱՄՆ) անմիջական հովանավորությամբ: Այս ծրագրին օժանդակել է բրիտանական «Christian Aid» կազմակերպությունը` ԵՀԽ Կլոր սեղանի միջոցով:
ԱՀԱԸ Երևանի դարմանատանը ներկայումս իրականացվում են՝
- ուլտրաձայնային ախտորոշման
- մանկական սննդի բաշխման
- մանկաբուժական
- ատամնաբուժական
- դեղորայքի բաշխման
- ընտանեկան բժշկի ծառայություններ
Սպիտակ քաղաքում կլինիկան հիմնվել է 2001 թ., դարձյալ ԱՀԱԸ, Ֆրանսիայի «Հույս Հայաստանի համար» կազմակերպության, Ֆրանսիայի «Հայ բժիշկների միության» (UMAF) և Սպիտակի քաղաքապետարանի համատեղ ջանքերով:
Սպիտակի դարմանատունը ներառում է հետևյալ ծառայությունները`
- մանկաբուժական
- ատամնաբուժական
- դեղորայքի բաշխում
Դարմանատների ծառայություններից օգտվում են հիմնականում սոցիալապես անապահով խավը, հովանավորված ընտանիքների երեխաներն ու ընտանիքի անդամները, եկեղեցի հաճախողները, ազատամարտիկների ընտանիքները, սիրիահայերը: Այցելուները ստանում են անվճար և բարձր որակի բուժօգնություն, քանի որ մեր մասնագետները պարբերաբար անցնում են վերապատրաստման դասընթացներ, մասնակցում են բազմաթիվ կոնֆերանսների և ունեն բարձր որակավորում:
Յուրաքանչյուր շահառուի ցուցաբերվում է անհատական մոտեցում, քանի որ մենք ձգտում ենք ունենալ առողջ հասարակություն:
Ժամանակ առ ժամանակ մեր շահառուների համար կազմակերպվում են սեմինարներ նվիրված առողջ ապրելակերպին, հրավիրվում են տարբեր մասնագիտության տեր բժիշկներ, որոնք ներկայացնում են առողջության պահպանմանը վերաբերվող թեմաներ:
Համագործակցում ենք նաև բազմաթիվ հիվանդանոցների հետ և այն շահառուներն, ովքեր ունենում են հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք մեր կողմից ուղղորդվում են համապատասխան մասնագետների մոտ:
Տարիներ շարունակ Սփյուռքից նույնպես ժամանում են տարբեր բժիշկ մասնագետներ, որոնք համագործակցում են ԱՀԱԸ դարմանատան բժիշկների հետ և իրենց մասնագիտական կարողություններն ի սպաս դնում դարմանատուն այցելող հիվանդներին: Բժիշկները, որոնք այցելում են Հայաստան, հիմնականում ԱՄՆ-ից են, Ֆրանսիայից, Սիրիայից և Իտալիայից:
Վերոհիշյալ ծառայություններից տարիներ շարունակ օգտվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ,որոնք ստացել են հոգատար և մասնագիտական բժշկական սպասարկում և խորհրդատվություն: